ԿարևորՀասարակություն

70 տարի ռադիոյում․ Կլարա Թերզյանի ծննդյան օրն է

20 տարի առաջ անձնագրային բաժանմունքում Կլարա Թերզյանը պարզեց, որ շուրջ 70 տարի ծննդյան օրը նշել է մեկ օր շուտ։  Ծննդյան ճիշտ ամսաթիվն իմացավ, բայց այդպես էլ չընդունեց այն.

« Ամսի 10-ն այդպես էլ չընդունեցի ու ծննդյանս օրը շարունակեցի 9-ին նշել»,-ասում է Կլարա Թերզյանը։

Կարող էր գիտնական դառնալ, բայց ընտրեց ռադիոն։ Երազում էր բալետ պարել հայտնի բեմերում ու կրել պուանտներ, բայց ընտրեց խմբագրի գրիչն ու գրական-գեղարվեստական հաղորդումների բաժնի իր գրասեղանը։

«Կլարան դարակազմիկ մարդ է, կարծես ռադիոյի մայրը լինի։ Ես այլ մարդ չգիտեմ, որ այդքան աշխատել է ռադիոյում։  Նա առհասարակ ռադիոյից դուրս գալուց հետո էլ է ապրել ռադիոյի կյանքով, նայել է ռադիոյին որպես զավակի՝ օգնել է մեծանալ, հետո օգնել է, որ ճանաչվի, կյանքը դասավորվի, և մինչև այսօր Կլարան ռադիոյի ամենալավ ունկընդիրն է»,-ասում է Օֆելյա Ասատրյանը։

Օֆելյա Ասատրյանը երկար տարիներ աշխատել է Կլարա Թերզյանի հետ, 30 տարի եղել գրական գեղարվեստական հաղորդումների բաժնի վարիչը։ Ասում է՝ Կլարան ինքը պատմությունների շտեմարան է։ Իսկ դրանց հերոսները դասականներն են՝ ժամանակի լավագույն մտավորականներն ու արվեստագետները։ Պատմություններից մեկը ինքը՝ Թերզյանն է պատմում․                                                 

«Ավետիք Իսահակյանը տարեց էր ու չէր կարողանում գալ ռադիո, ես գնացել  և տանն եմ նրան ձայնագրել։ Նոր տարի էր, ես աշխատում էի արդեն արտասահմանյան հաղորդումների բաժնում, Հալեպի վարժարանի երեխաները նամակ էին ուղարկել վարպետին, մենք պետք է փոխանցեինք։ Այն ժամանակ ձայանգրելու համար երկու հսկայական սարք մեր խեղճ օպերատոր Հայկազի հետ դրել ենք ու երկու մեքենայով բերել, որպեսզի ձայնագրենք վարպետին։ Իսահակյանը, երբ երեխաների նամակը կարդաց, չեք պատկերացնի, թե ինչպես էր հուզվել, աչքերը լցրել»,-ասում է Կլարա Թերզյանը։

Գրականության մեջ ապրելով ու աշխատելով՝ Թերզյանը բաց չթողեց ռադիոներկայացում բեմադրելու հնարավորությունը։ Իր սիրելի գրողի՝ Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը, որը խորհրդային  դարաշրջանի սկզբում արգելված էր, և Թերզյանի մայրն էլ  ստիպված էր եղել  այրել այն, դարձավ ճանաչված ներկայացում․

«1957 թվականն էր, ես արդեն ռադիոյում էր, որոշեցի, որ «Հեղնար աղբյուրը» պետք է ռադիոներկայացման վերածեմ, Երվանդ Մանարյանը օգնեց ինձ այն բեմականացնել, և բոլոր դերակատարները լենինականցիներ էին՝ բացառությամբ Մետաքսյա Սիմոնյանի։ Դա մի հրաշք ներկայացում էր, որը պահպանում է հիմա ռադիոյի ոսկե ֆոնդում»,-ասում է Կլարա Թերզյանը։

1953 թվականից մինչև հիմա Կլարա Թերզիանը ռադիոյում է։ Ասում է՝ առավոտից երեկո ռադիո լսելը  հավասար է մեկ համալսարան ավարտելուն, բայց նաեւ մտահոգություն ունի՝ հաճախ եթերում ոչ գրագետ խոսք է հնչում։

Ասում է ՝ իր ժամանակի ռադիոն հիմնական ասելիքը երբեմն փորձում էր տողատակում թաքցնել։ Հիմա ռադիոն ավելի ազատ է, ասելիքը ուղիղ է հնչում, հաղորդումներն ավելի  բազմաժանր ու հետաքրքիր են։ 70 տարվա ընթացքում ռադիոյում մեկ բան է անփոփոխ  մնացել՝ աշխատակիցների նվիրվածությունը․ Թերզյանն ինքը դրա  վառ օրինակ է։

«Առաջ ռադիոյով ձայնը գնում էր եթեր ու դրանից հետո անէանում էր, ժապավենի վրա հաղորդումը գրանցում էին, հետո ջնջում էին, որ նորը գրեին, հիմա աշխատողները այնքան բախտավոր են, որ բոլոր հաղորդումները պահպանվում են ու լսելի են միշտ»,-ասում է Կլարա Թերզյանը։

1956 թվականից ռադիոյի նվիրյալը ձայնագրել է  եկեղեցական տոները,  Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի պատմական Պատարագները։ Դրանք հնչել են ռադիոյի եթերում, դրանց մասին Թերզյանը պատմել է  իր գրքերում։  

Հատված Լուսնի Սոնատ գրքից․

«Պատարագը վերջացել է, եկեղեցին կամաց-կամաց դատարկվում է, օպերատորը հավաքում է միկրոֆոնները, իսկ ես տեղիցս չեմ շարժվում, թվում է՝ հաղորդակցվում եմ Աստծո հետ։ Եվ մենք Ռադիո ենք վերադառնում հոգով մաքրված»։

Ռադիոն հայրական տուն է՝ ասում է Կլարա Թերզյանը, այստեղից չեն հեռանում կամ այստեղ  միշտ վերադառնում են։

Կարդացեք նաև

Back to top button