
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Լիոնել Մեսսին հրաժեշտի մամուլի ասուլիսով է հանդես եկել «Կամպ Նոու» մարզադաշտում։ Նա իր կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում։
«Իսկապես դժվար է։ Դեռ փորձում եմ գիտակցել եղածը։ Երբ վերադառնամ տուն, ամեն ինչ ավելի վատ կլինի, բայց կարևորն այն է, որ կշարունակեմ ֆուտբոլ խաղալ։ Դա այն է, ինչ ես սիրում եմ ամեն ինչից շատ»,- ասուլիսի ժամանակ ասել է Լիոնել Մեսսին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե բոլորը համոզված են եղել, որ ինքը մնալու է կատալոնական ակումբում։
Մեսին հեռացել է «կապտանռնագույնների» կազմից, քանի որ Լա Լիգայի օրենքները կողմերին թույլ չեն տվել նոր պայմանագիր ստորագրել: Ֆուտբոլիստը, հավանաբար կարիերան կշարունակի ՊՍԺ-ում։ Ասուլիսի ժամանակ նա այդ փաստը «հնարավոր» է համարել։
«ՊՍԺ տեղափոխությունը հնարավոր է։ Այս պահին ոչ մի համաձայնություն չկա։ Երբ դիմումը եղավ, շատ զանգեր ստացա։ Մի քանի հետաքրքրված ակումբ կա։ Դեռ ոչինչ որոշված չէ, բանակցություններ ենք վարում»,- ասել է Մեսսին։

Հրաժեշտի խոսքի ժամանակ Մեսսին հուզվել է։ «Երևում է, թե ինչ թանկ է իր համար ակումբը»,-արձագանքել է միջազգային մամուլը։
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հունիսի վերջին: Կատալոնական ակումբի մարզաշապիկով Լիոնելը անցկացրել է 778 հանդիպում, խփել 672 գոլ և կատարել 305 փոխանցում:




