ԿարևորՀասարակություն

Վնասներ կրել են, փոխհատուցում չեն ստացել․ Լոռու մարզի շուրջ 70 բնակիչներ կպաշտպանեն իրենց իրավունքները դատարանում

Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի շուրջ 70 բնակիչ առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության իրավունքը որոշել է վիճարկել դատարանում: Իրավունքի խախտումների ու վնասի փոխհատուցման պահանջի մասին դատական հայցերը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ են:  

Տարիներ շարունակ  Լոռու հանքարդյունաբերական օբյեկտների արտանետումները վնասակար ազդեցություն են թողել շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա: Մեծ Այրումի հարևան Ճոճկան գյուղից Սամվել Սիրադեղյանն ասում է, որ ծանոթ է Մեծ Այրումի Նահատակ պոչամբարին առնչվող բոլոր փաստաթղթերին: Տարիներ առաջ, փաստաթղթերում ներկայացնելով, թե իբր պոչամբարը Տավուշի մարզի Այրում քաղաքից  լինելու է 8-10 կիլոմետր հեռու, թյուրիմացության մեջ գցելով տեղի բնակիչներին, Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի միջով անցնող Նահատակ գետի վրա էլ կառուցվեց համանուն պոչամբարը: Դրա պատվարներն ավելի արագ են բարձրանում, քան կիրագործվեն փակման մասին խոստումները:   

«Հենց շահագործման օրվանից դրա իրավունքը չկար, որ գյուղի վարչական տարածքում պոչամբար կառուցվեր: Չափերն այնքան են մեծացել, 16 հա էին նախատեսել, հիմա 36 հաի հասած կլինեն: Օրական պատվարները բարձրացնում են, պոչանքներն էլ են բարձրանում: 8-10 մետր իր նորմայից, որ պետք է այդքան լցվեր, արդեն բարձրացել է: Հողը բերում են, լցնում, իբր ռեկուլտիվացիա են անում, բայց ամեն օր ավելի է բարձրանում»:

Դեբեդ լցվող Նահատակ գետի հետ  թունավոր պոչանքներն իր հողամասն էլ են շարքից հանել․ այն անպիտան է դարձել: Այդ հողի վրա աճեցված ամեն ինչ այլևս վտանգավոր է առողջության համար: Ստիպված չի մշակում: Դատարան  դիմել է տնտեսական վնասի փոխհատուցման պահանջով:

«Ունեմ 1.5 հա հողատարածք, որ Դեբեդի ափին է, բայց պոչանքները տարիներով գնացել են: Սովորաբար պոչանքները խառնում են այն ժամանակ, երբ գետը պղտոր է լինում, ջուրը՝ վարար։  Կամ գիշերն են խառնում, որ մարդիկ չնկատեն, հասարակությունից թաքցնեն: 5-6 տարվա նստվածքները մինչև այսօր էլ երևում են իմ հողում: Այգիս չորացել է: Դեղձի այգի եմ ունեցել, լրիվ չորացել է: Այդ  հողատարածքը էլ չեմ մշակում, որովհետև եթե ծառը չորացել է, ուրեմն մեզ էլ վնաս կտա: Տնտեսական իմ վնասը փոխհատուցելու պահանջով դիմել եմ դատարան»։

Մեծայրումցիներից շատերն են դժգոհում վատ ինքնազգացողությունից, գլխացավերից, սրտի ու զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներից: Պատճառը գյուղի կենտրոնում թունավոր թափոններով լցված պոչամբարն է, որը, չնայած բազմաթիվ խոստումներին, այդպես էլ չփակվեց: Սյոմա Դանիելյանի ընտանիքն Արցախի Շահումյանի շրջանից է վերաբնակեցվել Մեծ Այրումում: Մտածում էին, որ վերջապես հայրենիքում ավելի ապահով կապրեն: Տղայի տունը 50, իրենցը՝ 150 մետրի վրա են Նահատակ պոչամբարից:  Ապահովության զգացում չունեն, փոխարենը՝ գլխացավեր ու այլ խնդիրներ: Տարիներ առաջ՝ Սերոբ-Տեր Պողոսյանի օրոք, երբ աշխատում էր Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, բարձրաձայնել էր վնասների ռիսկերի մասին: Անմիջապես աշխատանքից ազատել էին:

«Աշխատելիս եմ եղել այնտեղ, բողոքեցի, որ վնասակար է, դրա համար հանեցին: Հիվանդացել եմ դրա պատճառով․ ինսուլտ, ինֆարկտ, 3 հատ ստենդ են դրել։ Վնաս  է տալիս, թե երբ կփակեն, չգիտեմ»:

2018–2020թթ.-ին  քիմիական աղտոտման հարցերում մասնագիտացած «Առնիկա» չեխական կազմակերպությունը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ, տարածաշրջանի նշյալ համայնքների բնակիչներից, ինչպես նաև տևական  աղտոտման ենթարկվող տարածքների հողից, ջրից և մթերքից նմուշառումներ է իրականացրել: Հետազոտության արդյունքները վկայում են ծանր և թունավոր մետաղների՝ մկնդեղի ու կադմիումի բարձր պարունակություն մարդկանց օրգանիզմում: Խնդիրն առավել  մտահոգիչ է երեխաների պարագայում:

 «Լոռու մարզի նշված բնակավայրերում հայտնաբերվել է մարդկանց օրգանիզմում մկնդեղի բարձր կոնցենտրացիա: Ընդ որում՝ ամենաշատը մկնդեղն է տեղ գտել թե մարդկանց օրգանիզմում, թե գյուղնշանակության հողերում։  Երեխաների մոտ 1 գրամ կրեատինինի մեջ հայտնաբերվել է ավելի քան 0,058 միլիգրամ մկնդեղ։ Եվրոպական երկրներում, երբ 0,05 –ի շեմը անցնում է, համարվում է որոշակի ռիսկ, մեր դեպքում շատ բարր կրիտիկական ցուցանիշ է, և ամենաշատը հենց երեխաների օրգանիզմում է»,-ասում է Օլեգ Դուլգարյանը:

Հայաստանում չեն ձևավորվել վնասի փոխհատուցման մեխանիզմներ՝ որպես սոցիալական արդարությունը մեղմող գործիք, թեև ընդունվել է  ռազմավարություն՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության  վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ: Անհրաժեշտ է ներդնել կանխարգելիչ միջոցառումներ՝ արդյունահանող ձեռնարկությունների պատճառած վնասը նվազագույնի հասցնելու համար՝ ասում է զրուցակիցս։

«ՀՀ-ում մի փաստաթուղթ է մշակվել, ուր նշված է, որ պետք է ներդրվեն հանքարդյունաբերական համայնքների բնակիչների առողջության գնահատման և վնասների փոխհատուցման մեխանիզմներ: Այն, որ քաղաքացիները պահանջատեր են, պիտի օգնի պետությանն այդ բնագավառում ճիշտ օրենսդրական դաշտ ունենալու հարցում»:

Մեծ Այրումի և Ճոճկանի բնակիչներն 1-ին անգամ են  պաշտպանում իրենց իրավունքները: Իրավաբանական աջակիցը «Թումանյան» փաստաբանական գրասենյակն է: Հայցի հիմքում քիմիական աղտոտվածության վերլուծության արդյունքներն են: «Հանքարդյունաբերությունը չպետք է գործի մարդկանց առողջության ու մաքրող տեխնոլոգիաների վրա տնտեսելու հաշվին»,- ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

«ՀՀ-ում չկա նախադեպ, որ դիմեն նման փոխհատուցումների համար, և դա 1-ին փորձն է, քաղաքացիները դիմել են դատարաններ։ Եթե հայցերը այստեղ մերժվեն, մտադիր են դիմել Եվրոպական դատարան»։

Սա լավ դատական նախադեպ կարող է դառնալ՝ պարտավորեցնելով հանքարդյունաբերողներին մտածել ոչ միայն շահույթ ստանալու, այլև շրջակա միջավայրին ու մարդկանց վնասելու դիմաց փոխհատուցումներ կատարելու մասին:

Կարդացեք նաև

Back to top button