ԿարևորՀասարակություն

Մարզպետի տեղակա՞լն է հորդորել ավագանու անդամներին

Կապան համայնքի ավագանու 15 անդամներից  6 հոգի՝ Վիլեն Գրիգորյանը, Շանթ Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վաչե Ասրյանը, Իվան Կոստանդյանը, Արա Մկրտչյանը դիմել են համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 10-ից դադարեցնում են ավագանու անդամի պարտականությունները։

Ինչպես «Ռադիոլու»-ին տեղեկացրեց Կապանի համայնքապետարանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը, ավագանու անդամները իրենց դիմումներում մանդատից հրաժարվելու պատճառ չեն նշել։ Համայնքի ավագանու լիազորությունները,  ըստ գործող կարգի, վաղաժամկետ դադարեցրած է համարվում, եթե  կազմի կեսից ավելի հրաժարականի դիմում են ներկայացնում։ Ստացվում է այնպես, որ եթե ավագանու երկու անդամ էլ մանդատից հրաժարվեն, ապա Կապանում կնշանակվեն ավագանու  արտահերթ ընտրություններ։

Ըստ տարածված լուրերի,  ավագանու անդամները հրաժարականի դիմում են ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հորդորով։

Ի դեպ, 2018թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նարեկ Բաբայանը Կապանի համայնքի ղեկավարի թեկնածու էր, բայց ձայների նվազագույն առավելությամբ հաղթեց անկուսակցական Գեւորգ Փարսյանը։

Նարեկ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում չհերքեց, որ հանդիպել է ավագանու անդամներին։ «Այո, տեղյակ եմ, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Բայց  դա իմ հորդրով չի եղել, ես ոչ մեկին չեմ հորդորել։ Ավագանու անդամների ոմանց հետ ունեմ շփումներ, հանդիպել ու հանդիպելու եմ»,-ասաց Բաբայանը։

Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի հետ փոխհարաբերություններին Նարեկ Բաբայանը մեկ բառով ասաց՝ աշխատանքային։

Կարդացեք նաև

Back to top button