
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունն այսօր առաջին նիստն է անցկացրել։ Գործադիրում թափուր է միայն արտաքին գերատեսչության ղեկավարի աթոռը։ Վերանշանակվել է մեկ փոխվարչապետ ու հինգ նախարար։ Կառավարության կազմում փոխատեղումներ նույնպես եղել են։ Գործադիրը մինչև օգոստոսի 23-ն Ազգային ժողով պետք է ներկայացնի գործունեության ծրագիրը։ Խորհրդարանի օրակարգում նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարց կա, բայց կփոխվի կառավարության կառուցվածքը թե ոչ, դեռ հայտնի չէ։
Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությունը գրեթե ձևավորված է։ Այս պահին միայն հայտնի չէ, թե ով է լինելու արտաքին գործերի նախարարը։ Մյուսներն արդեն նշանակվել կամ վերանշանակվել են։ Նոր կազմով կառավարության առաջին նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ գործադիրի առաջիկա անելիքը կառավարության ծրագիրը վերջնական տեսքի բերելն է։ Այն պետք է ներկայացվի օրենսդիրի քննարկմանը։
«Առաջիկայում մենք պետք է զբաղվենք կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով: Մեր ծրագիրը, բնականաբար, պետք է հենված լինի ՔՊ-ի նախընտրական ծրագրի, մինչեւ 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձեւավորված նախընտրական խոստումների վրա»։

Մեկ փոխվարչապետ (Մհեր Գրիգորյանը) ու հինգ նախարար (Անահիտ Ավաննեսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Վահրամ Դումանյանը, Վահան Քերոբյանը, Անդրանիկ Փիլոյանը )վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Փաշինյանի ձևավորած այս կառավարությունից հեռացել է տասնամյակներ շարունակ պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած ֆինանսների արդեն նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա փոխարինելու համար գործադիր է վերադարձել 2020-ի նոյեմբերի 26-ին Փաշինյանի կառավարությունից հեռացած էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Փոխատեղումներ կառավարության կազմում նույնպես կան․ մարզպետի պաշտոնը թողել ու Գեղարքունիիքից Երևան է եկել Գնել Սանոսյանը՝ նշանակվելով տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար։ ՏԿԵ-ից կառավարություն է գործուղվել Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետի պաշտոնում փոխարինելով Տիգրան Ավինյանին։ Արդարադատության նախարարությունից ՊԵԿ է վերադարձել Ռուստամ Բադասյանը։ Այս անգամ արդեն ոչ թե կոմիտեի նախագահի տեղակալի, այլ՝ նախագահի պաշտոնում։ Փաշինյանի ձևավորած կառավարությունում նորեկներ ևս կան։ Արդարադատության նորանշանակ նախարար, Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց՝ նախորդ նախարարը կառուցակարգերի ժառանգություն է թողել։ Նախարար նշանակվել է հստակ դիրքորոշմամբ․

««Կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները պետք է դուրս մղվեն, զտվեն համակարգից, սա միանշանակ է ինձ և կառավարության համար։ Վեթինգն արդեն իսկ սկսված է, դուք կարող եք տեսնել, որ արդեն իսկ կան համակարգից դուրս մղված դատավորներ։ Արված է ամենակարևորը՝ հիմքերն են դրված, որպեսզի ես կարողանամ գործել և արդյունքներ ապահովել»։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համալրել է կառավարության անդամների շարքերը՝ նշանակվելով ԲՏԱ նախարար, այս պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին։ Ավելի քան երկու տասնամյակ փորձագիտական դաշտում աշխատած, իսկ դրանից առաջ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած և առաջին գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Խաչատրյանը նախարարի աշխատանքին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում։
«ԲՏԱ-ն միշտ էլ ամենակարևոր նախարարությունն է եղել։ Կառավարության բարեփոխումների տրամաբանության մեջ այս նախարարության դերը շատ մեծ է։ Նախարարության հիմնական գործունեությունը միտված է լինելու Հայաստանի արդյունաբերացման իրականացմանը։ Ես դժվար եմ համաձայնել, քանի որ 23 տարի այլ կյանքով եմ ապրել։ Սակայն գնացի այդ որոշմանը․ ի վերջո՝ իմ 23 տարվա կյանքը ուղղված է եղել մի նպատակի՝ ՀՀ զարգացմանը։ Այժմ ընտրել եմ այս տարբերակը» ։
Արշակ Կարապետյանն ու Նարեկ Մկրտչյանը թողել են նախարարի տեղակալների աթոռները և զբաղեցրել համապատասխանաբար պաշտպանության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների պաշտոնները ։

Մինչև օգոստոսի 23-ը կառավարությունը խորհրդարանին պետք է ներկայացնի գործունեության ծրագիրը։ Վարչապետի խոսքով՝ կառավարության ծրագիրը կազմելիս պետք է ոչ միայն հենվել այն գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են մինչեւ ընտրությունները, այլ նաեւ այն խոստումների, որոնք տրվել են քաղաքացիներին քարոզարշավի ընթացքում:
«Առաջիկայում պետք է կենտրոնանանք այդ խնդրի լուծման վրա եւ պետք է մի քանի քննարկումներ ունենանք: Մինչեւ օգոստոսի 23-ը ժամանակ ունենք այն ներկայացնելու ԱԺ, և առաջիկայում սա մեզ համար պետք է լինի առաջնահերթություն»:
Խորհրդարանի օրակարգում նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն է։ Թե այն ինչ տեսք ունի և ինչ նպատակ է հետապնդում, այս պահին հստակ չէ՝ մանրամասներ դեռ չկան։




