
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով Իրանում է։ Նա մասնակցելու է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Մինչ այդ նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների հանդիպումը։
Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հայտարարել է Էբրահիմ Ռայիսին, նաև ընդգծել, որ Թեհրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը։
Նիկոլ Փաշինյանն էլ կարևորել է այդ ուղղությամբ Իրանի հետևողական ջանքերը։ Հանդիպումների օրակարգում նաև երկկողմ առևտրատնտեսական կապերն են։ Փորձագետներն այս դաշտում գործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում։
Վարչապետի՝ Իրան կատարած աշխատանքային այցի օրակարգի քաղաքական ու տնտեսական բաղադրիչները փոխկապակցված են։ Հարևան երկրների շահերն ու դիրքորոշումները, ըստ փորձագետների, առանցքային կետերում համընկնում են։ Օրակարգային հարցերից առաջնայինը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումն է, այս ուղղությամբ Իրանի գործադրած ջանքերը։
Իրանագետ Գոհար Իսկանդարյանն ընդգծում է՝
«Իրանը հստակ ցույց է տալիս, որ հետաքրքրված է տարածաշրջանային զարգացումներով և ուշի ուշով հետևում է այդ զարգացումներին։ Սրա վառ օրինակը երկու օր առաջ Իրանի դեսպանի այցն էր Գեղարքունիքի մարզ, լարված իրավիճակում գտնվող սահմանային հատվածների ուսումնասիրումը։ Բնականաբար ինֆորմացիան կտրվի նաև Իրանի իշխանություններին։ Իրանը կրկին կարևորում է տարածաշրջանի խաղաղությունը, կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին՝ կոչ անելով խնդիրները լուծել միայն ու միայն խաղաղ ճանապարհով»։
Տարածաշրջանային զարգացումների հարցում Իրանի դիրքորոշումը հստակ է՝ ասում է իրանագետը և ընդգծում ՝ Իրանը չի հանդուրժի Հայաստանի տարածքային ու հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն։ Իրանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն դեմ է «միջանցք»-ի գաղափարին։
«Այս երկու կետերը կարմիր գծերն են, որոնց փոփոխության մասին Իրանն անգամ մտածելու ցանկություն չունի։ Իրանի իշխանությունները բազմիցս նշել են, որ հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի հենց այնպես, ինչպես կա, որևէ փոփոխություն ընդունելի չէ։ Իսկ այս մոտեցումը հակասում է «միջանցք»-ի կառուցման գաղափարին, քանի որ անհասկանալի է, թե ինչպես է այն կառուցվելու։ Կտրվելու է Իրանի հետ սահմանը, որը ԻԻՀ-ն չի հանդուրժելու։ Իրանը դեմ է «միջանցք»-ի այն գաղափարին, որն առաջ են քաշել Թուրքիան ու Ադրբեջանը։ Այն Իրանի շահերից բացարձակապես չի բխում»։

Իրանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրով։
Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին՝ ԻԻՀ նախագահի հետ հանդիպմանը նշել է Հայաստանի վարչապետը։
Այս ոլորտում Իրանը մեծ փորձ ունի՝ ասում է ՀԳՄՆ Գագիկ Մակարյանը և ընդգծում՝ Սիսիան-Մեղրի հատվածում թունելների ու կամուրջների կառուցում է նախատեսվում։
«Իրենք 121 կմ երկարությամբ, եվրոպական բարձր ստանդարտներով ճանապարհ են կառուցում դեպի Կասպից ծով։ 80 մետր բարձրությամբ կամուրջներ են կառուցում ձորերի վրա, մի քանի ուղիներով թունելներ են կառուցում։ Իրանական կողմի և հնարավորությունները, և աշխատուժը, և տեխնոլոգիաները բավական բարձր են»։
Տնտեսական ոլորտում համատեղ բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մեծ մասն այս պահին գործում է ոչ ամբողջական ծավալով։ 2006 թվականին մեկնարկած Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը պետք է ավարտվեր 2009 թվականին։ Մինչ օրս այն ավարտված չէ։ Պատճառներն օբյեկտիվ ու սուբյեկտիվ են՝ «Ռադիոլուր»-ին ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Կարող եմ փաստել, որ շինարարությունն ակտիվ փուլ է մտել 2018 թվականի փետրվարից։ Մինչև այդ կատարվել էր աշխատանքների շուրջ 10 տոկոսը։ 2017թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու շինարարությունը»։

Ծրագրի ավարտից հետո կողմերը նախատեսում են գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալներն ավելացնել․ այս մասին նշվում է երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ։ Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ում արտադրվում և Իրան է մատակարարվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանից Իրան առաքվող էներգիայի տարեկան ծավալը մոտ 1,2 մլրդ կՎտ/ժ է։ Իսկ Իրանից Հայաստանը ներկրում է տարեկան 370-380 մլն խմ գազ։
Տնտեսական ոլորտում առանցքային է նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շահագործումը։ Այս խնդրին երկկողմ հանդիպմանը ևս անդրադարձ եղել է։ Կողմերը հայ-իրանական փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։
2020-ին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության 5․5 տոկոսը բաժին է ընկնում Իրանին․ այն նախորդ՝ ֆորսմաժորային տարում ավելացել է 0․5 տոկոսով։ Իրանից ներմուծման հիմնական մասը բաժին է ընկնում ցեմենտի հումքին, գյուղմթերքին, պլաստիկ իրերին։ ՀԳՄՆ Գագիկ Մակարյանը վստահ է՝ տնտեսական ոլորտում Հայաստանն ու Իրանը գործակցության ծավալներն ավելացնելու ներուժ ունեն։ Իրանական արտադրանքը այլընտրանք է թուրքականին՝ ընդգծում է զրուցակիցս։
«Հանդիպել եմ կտորեղեն արտադրող լավագույն գործարարների սեփականատերերի հետ։ Նրանց արտադրանքը մատչելի է, բայց նաեւ որակով։Այս գործարանները բուրդ, բամբակ են արտադրում, վարագույրի կտորներ, որոնք կարող ենք ներկրել Հայաստան՝ փոխարինելով թուրքական արտադրանքին»։
Իրանի և ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի ծովային սահմանն անցնում է Կասպից ծովով։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ նախ պետք է ԵԱՏՄ-ի շրջանակում ավելացնել առևտրաշրջանառության ծավալները, հետո միայն մտածել ցամաքային ճանապարհով կամուրջ դառնալու մասին։




