ԿարևորՀասարակություն

Խանութներում սննդի մակնշման և պահպանման պայմանների խնդիրներ ունենք․ ահազանգ՝ վերահսկող կառույցից

Սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանելու պատճառով սնունդ արտադրող մի շարք տնտեսվարողների հանդեպ սահմանափակումներ են կիրառվել․ խանութներում սննդի և՛ մակնշման, և՛ պահպանման պայմանների խնդիրներ ունենք՝ կաթնամթերքի շուկայում վերջին ստուգումների արդյունքներին անդրադառնալով՝ ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։

Այս տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում 969 տնտեսվարող սուբյեկտ է ներառված։ Պլանայինից բացի իրականացվում են նաև ոչ պլանային ստուգումներ՝ ըստ ռիսկերի և կարիքի։ Արձանագրված վերջին աղմկահարույց խախտումները կաթնամթերքի շուկայում էին։ Տեսչական մարմնի կողմից կաթնամթերքի 2 արտադրություն է կասեցվել։ 

Արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակ, թերի ախտահանում, արտադրություններում աշխատողների լվացվելու պայմանների բացակայություն կամ վատթար վիճակ։ Կաթնամթերքի շուկայում խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ․ ահազանգը պետական վերահսկողական կառույցից է։ Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյան։

«Շոգ եղանակով պայմանավորված՝ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում հատկապես արագ փչացող սննդամթերքը։ Կոնկրետ կաթնամթերքի հետ կապված  երկու ընկերությունում արտադրական գործունեությունը կասեցնելու որոշում է կասեցվել: Դրանցից մեկը թերությունները վերացրել է, և կասեցումը հանվել է: Մյուս ընկերության դեպքում դեռ չեն իրականացվել տեսչականի տված հանձնարարականները»։

Պլանային ստուգումներից բացի՝ քիչ չեն նաև ոչ պլանային ստուգումները։ Ավելի քան 50 ոչ պլանային ստուգումների մի մասը քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա են իրականացվել։ Վահե Դանիելյանը խոստովանում է՝ իրացման ցանցերում սննդի, մասնավորապես, կաթնամթերքի թե մակնշման, թե պահպանման պայմանների խնդիրներ ունենք։  

«Մեր քաղաքացիները շատ դեպքերում գնումներ կատարելիս հաշվի չեն առնում՝ այդ արտադրանքն արդյոք դրա համար նախատեսված պայմաններում է պահվում, թե ոչ։ Ինչ վերաբերում է մակնշմանը, եթե մենք նախկինում ասում էինք, որ պետք է մակնշման տեքստն ընթեռնելի լինի, այժմ հստակ տառաչափեր են սահմանված, և վերահսկողություն իրականացնելիս հիմա արդեն մենք պահանջում ենք, որպեսզի մակնշման տեքստը համապատասխանի օրենսդրությանը»։

Արտադրության և իրացման ցանցերում խնդիրներից բացի՝ կաթնամթերքի որոշ տեսակներ նաև մոլորեցնող արտաքին տեսք ունեն։ Օրինակ՝ տարատեսակ հավելումներ և բուսական յուղեր պարունակող պանրիկները շատ հաճախ ընկալվում են որպես մանկական․ այդպես է հուշում դրանց արտաքին ձևավորումը՝ գունեղ պատկերներով։ Որքանո՞վ է դա օրինաչափ, արդյո՞ք չկա սա կարգավորող որևէ  նորմ։

«ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով՝ տարատեսակ ապրանքների   համար նշված է, թե թյուրիմացության մեջ գցող գործոնները որոնք են, և ինչ հապավումներ ու անվանումներ կան, որոնք չի կարելի օգտագործել։ Օրինակ՝ ընդհանուր օգտագործման ապրանքների վրա «կառապուզ»  բառը չի կարելի օգտագործել կամ «մալիշ» անունը, և արտադրողն իր ապրանքի համար պետք է ամբողջական և սպառիչ տեղեկատվություն տա։ Մեր քաղաքացիները գնումներ կատարելիս պետք է այդ արտադրանքի մակնշումն ուսումնասիրեն և հասկանան՝ արդյո՞ք դա մանկական սնունդ է, թե ոչ։ Եթե մենք պետք է կույր գնում իրականացնենք առանց մակնշումը նայելու, մակնշման տեքստի անհրաժեշտությունը անիմաստ է դառնում»։

Աջիկայում կաթնամթերք արտադրող 40-ից ավելի ընկերություն՝ միջին և խոշոր արտադրողներ, կլինեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «խոշորացույցի» տակ։ Դրանց թվում են նաև պաղպաղակ, պանիր արտադրողներ։ Դիտարկված բոլոր խախտումները համադրելով հանդերձ՝ տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնյան արտադրությունից մինչև սպառում շղթայում սննդամթերքի անվտանգությունը գնահատում է բավարար։ «Անելիքները շատ են, բայց նաև շրջապատող իրականության հետ է պետք  հաշվի նստել»,-պարզաբանում է Վահե Դանիելյանը։ 

Մինչդեռ սննդի անվտանգության փորձագետ Սերգեյ Չախմախչյանը ճիշտ հակառակ կարծիքի է։ Սննդամթերքի անվտանգությունը խիստ անբավարար է՝ ասում է, և դրա գլխավոր պատճառը համապատասխան մասնագետների բացակայությունն է՝ ասում է Չախմախչյանը։

«Այսօր մենք սննդի անվտանգության մասնագետների պատրաստման ընդհանուր դպրոց չունենք։ Խնդիրները շատ են։ Եվ օրենսդրական դաշտի անկատարությունը, տեխնիկական կարողությունների խնդիրներ, ենթակառուցվածքների բացակայություն։ Դրանք գլոբալ խնդիրներ են, և շատ դեպքերում վերարտադրողներն իրենց ուսերին չեն կարող վերցնել այդպիսի մեծ խնդիրներ լուծելը պետական մակարդակով»։

Արտադրամասերում ևս թերացումները հիմնականում մասնագետների բացակայությամբ են պայմանավորված՝ նկատում է փորձագետը։ Սուղ են մասնագետները թե արտադրության, թե վերահսկողության ոլորտում։ Ագրարային համալսարանում ֆալկուլտետը կա, սակայն այս մասնագիտությունը հեռանկարային չի դիտարկվում, և այնտեղ սովորելը գրավիչ չէ։ Շղթայական խնդիրներին ավելանում է նաև տնտեսվարողի անբարեխիղճ մոտեցումը, և սպառողը կանգնում է սննդի անվտանգության խնդիրների առաջ։ Վահե Դանիելյանը համաձայն է՝ մասնագետների խնդիր, իրոք, կա։

«Սննդամթերքի ոլորտի աշխատակիցների առումով այդ հարցն էլ ավելի սուր է, որովհետև նրանք պետք է բավարար գիտելիքներ ունենան, որոնք անհրաժեշտ են սննդամթերքի արտադրությունում աշխատելու համար»։

Սննդի շուկայում խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ պատշաճ ձևով ներդրվի ու կիրառվի որակի կառավարման համակարգ։ Որակի կառավարման այս համակարգի ներդրումը Հայաստանը ձեռնարկել է դեռ մի քանի տարի առաջ։ Հայ տնտեսվարողների համար այն դեռ պարտադիր չէ, սակայն լայնորեն կիրառվում է քայլ երկրներում՝ հսկողության տակ պահելու սննդի որակը։ Համակարգը սահմանում է կոնկրետ չափորոշիչներ, որոնց պարտադիր պահպանումը ենթադրում է սննդի որակի ապահովում։ Փորձագետը շեշտում է՝ այս համակարգի ներդրումը նաև թույլ կտա, որ արտահանվող հայկական արտադրանքի որակին դրսում ևս վստահեն։ Մինչդեռ Սննդի անվտանգության տեսչական մարմնից պարզաբանում են՝ ՀԱՍՍՊ համակարգի սերտիֆիկացում անցնելը դեռևս պարտադիր չէ։

«ՀԱՍՊ–ը համակարգ է, որն արտադրամասում կամ կա, կամ չկա։ Մենք ներկայում ստուգաթերթերը վերանայում ենք, դրանցում ներառված են նաև ՀԱՍՍՊ համակարգով սահմանված վերահսկողական կետերը։ Այն տնտեսվարող սուբյեկտների հանդեպ, որոնց մոտ այդ կետերը չեն պահպանվում, ստիպված ենք լինելու կիրառել սահմանափակումներ»։

Աշխարհում անվտանգ սննդի արտադրության շղթա ստեղծելու համար կիրառվում են մի շարք չափորոշիչներ։ Սննդամթերքի անվտանգության կառավարման ISO 22000 համակարգը սննդամթերքի անվտանգության հիմնական չափանիշն է: Հայաստանը ևս սննդամթերի անվտանգությունը դիտարկում է այս չափորոշիչներով, սակայն դրանք փաստացի արտադրողի համար պարտադիր չեն։ Ստացվում է, որ ամեն դեպքում սննդի որակը թողնված է արտադրողի բարեխղճությանը, և եթե  վերահսկող կառույցների «հայացքից» վրիպի, սպառողին կմատուցվի որակի ամենատարբեր խնդիրներով սնունդ, ինչից և, ցավոք, այսօր էլ զերծ չենք։

Կարդացեք նաև

Back to top button