
Հայաստանի ապաշրջափակման ու սահմանազատման հարցերը քննարկվել են այսօր խորհրդարանում, որը դեռ Աժ փոխնախագահում։ Նախօրեին վարչապետն էր ներկայացրել հայկական օրակարգը, ինչից էլ այսօր կրքերը եռում էին։ Այս լարված քննարումների համատեքստում քաղաքագետը հուշում է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հայաստանի չգոյությունն է, ու Բաքվին ընդհանրապես պետք չէ խաղաղության պայմանագիր։
Սահամանազատման ու սահմանագծման աշխատանքների հարցն այսօր օրախնդիր է։ Քննարկումներ այս թեմայով տեղի են ունենում ամենատարբեր մակարդակներով, կարծիքները տրամագծորեն տարբեր են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իր սեփական օրակարգը եւ կոմունիկացիաների բացման հարցը մեր կառավարության առաջնահերթություններից է։ Դա ամրագրված է հունվարի 11–ի եռակողմ հայտարարության մեջ, որում խոսք չկա որեւէ միջանցքի մասին, -պարզաբանում է վարչապետը՝ հստակեցնելով՝ դա Բաքվի ձգտումն է, իսկ նպատակը մեկն է՝ շարունակել Հայաստանի շրջափակումը․ սահմանազատման ու սահմանագծման հարցը եւս ՀՀ օրակարգում է, ըստ նրա․
«Ունենալ դեմարկացված ու դելիմիտացված սահմաններ՝ մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ։ Բայց մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում, եւ այդ պայմաններում դելիմիտացիա եւ դեմարկացիա իրականացնելը»։
«Հայաստան դաշինք» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մինչդեռ հորդորում է չշտապել սահմանազատման հարցում, դեռ աշխատանք կա անելու․

«Դելիմիտացիայի ու դեմարկացիայի գնում են այն ժամանակ, երբ գոյություն ունեն խաղաղության պայմաններ, եւ թշնամի երկրները վերածվում են հարեւան երկրների, ստեղծվում են միջկառավարական խառը հանձնաժողովներ, իսկ դրանք էլ իրականացնում են այդ ամենը։ Սակայն այսօր ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք եւ չեն հեռանում, եւ ես համոզված եմ, որ այն կարեւորագույն կետերը, որոնք մենք առանց պատերազմի, բանավոր կերպով հետ ենք քաշվել ու հանձնել ենք Ադրբեջանին, հետագայում իրական սահմանազատման պայմաններում ՝ խնդիրներ են առաջացնելու ՝ թե՛ ՀՀ–ի համար, թե՛ Արցախի»։
Սահմանազատման գործընթում Սեյրան Օհանյանը մատնացույց է անում միջազգային օրինակը, երբ մի թիզ հողի համար տարիներով բանակցություններ են ընթանում․
«Եթե նույնիսկ լինի սահմանազատում, դա չի նշանակում, թե սադրանքների, նույնիսկ լայնամասշտաբ հնարավորությունները բացառվում են։ Եթե մենք չունենք այդ պայմանները, չպետք է գնանք սահմանազատման։ Չկան իրավական հիմքերը՝ քարտեզները, որոնք գծվել էին սովետական տարիներին։ Նման պայմաններում մեր սահմանները պետք է ամրացնենք»։
Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ այսօր ապաշրջափակումը վտանգավոր է, քանի որ Թուրքիան փորձելու է փոխել մեր ժողովրդագրական պատկերը։ Ասում է․ «գալու է տնտեսական ճնշման ենթարկի, անշարժ գույք գնի Հայաստանի տարածքում, ու դա մեզ օգուտ չի տալու։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ վստահեցրեց, որ իշխանությանը թույլ չեն տալու բանակցել հակառակորդի հետ․
«Ես չեմ կարծում, թե ՀՀ հիմնական օրակարգը պետք է լինի ապաշրջափակումը կամ տրանսպորտային հանգույցների տրամադրման հարցը»։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը զգուշացնումէ՝ Բաքվին պետք չէ խաղաղության պայմանագիր, քանի որ օր-օրի բարելավում է իր դիրքերը։ Այս իրավիճակում մենք առաջին հերթին պետք է հստակեցնենք, թե որն է մեր անվտանգային օրակարգը,-ասում է քաղաքագետը․
«Երբ մենք խոսում են դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, պետք է հասկանանք, թե ինչ անվտանգային համակարգ ենք պատկերացնում։ Եթե մենք այս իրավիճակում գնանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, ապա փաստացի ճանաչելու ենք Ադրբեջանի Հանրապետությունը՝ եւ Արցախը՝ դրա մաս։ Արդյո՞ք սա հայկական օրակարգ է։ Եթե՝ այո, ապա սա ազգային անվտանգության լրջագույն խնդիր է»։
Սուրեն Պետրոսյանը մատնացույց է անում Սիրայում կատարվածը, Հյուսիսային Կիպրոսի 1/3–ի օկուպացիան Թուրքիայի կողմից, միջազգային հանրության անտարբերությունը եւ զգոնության կոչում հայերիս։ Ասում է՝՝ ուժը զսպվում է ուժի միջոցով․ չկա հումանիտար իրավունք։ Ըստ այդմ, առաջին հերթին պետք է հզորացնել բանակը ու համախմբել հայությանը մեկ միասնական գաղափարի շուրջ։





