ԿարևորՀասարակություն

Հայաստանում բարձրորակ շինարար-ինժեներների, ճարտարապետների կարիք կա․ ՃՇՀԱՀ-ը լուծում է առաջարկում

Մասնագետները ահազանգում են՝ Հայաստանում բարձրորակ շինարար-ինժեներների, ճարտարապետների կարիք կա։ Խնդրի լուծման տարբերակ է գտել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի  ազգային համալսարանը:

«Հայաստանում ճարտարապետների կրթությունը շատ ցածր է, առհասարակ այդ բաժին ընդունելությունը և թողարկումը սահմանափակ պետք է լինի»,-ասում է Փարիզ — Էստ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը։

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի դիտարկմամբ էլ այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ընդունվողները շատ են, բայց քչերն են հավատարիմ մնում ճարտարապետի մասնագիտությանը։ Առաջ, ասում է, հակառակն էր՝ ընդունվողների թիվը փոքր էր, բայց ճարտարապետի մասնագիտությամբ հետագայում աշխատում էին շատերը․

«Համալսարանը այս բնագավառին տարբեր մասնագետներ է տալիս՝ շենքերի, կամուրջների, ջրակայանների և մնացած ինժեներական կառույցների համար։ Հիմա ավելի շատ են ընդունվում այս բաժին, քան, օրինակ, իմ ժամանակ՝ 60- ականներին, երբ 10-12 հոգի էին կարողանում ընդունվել ճարտարապետության բաժին»,-ասում է Մկրտիչ Մինասյանը։

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գիտական  քարտուղար Լևոն Լևոնյանն ասում է՝ գործատուները մասնագետներ են փնտրում, իսկ դիմորդները պահանջարկ ունեցող ինժեներ–շինարարի մասնագիտությունը չեն ընտրում։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունն աճել է 4․7 տոկոսով։  Համալսարանի գիտական քարտուղարը բացատրություն ունի՝ ժամանակակից ու պահանջված ինժեներ-շինարար լինելը հեշտ չէ։ Որպես լուծում՝ որոշել են սեպտեմբերից կրթական գրեթե բոլոր ծրագրերի ուսման վարձը նվազեցնել։ Բուհում նաև կրթական ծրագրերի անվանումներն են փոխել, ավելի  ժամանակակից են դարձրել․

«Շինարարական ճարտարագիտության մեջ ներառվել են արդյունաբերական, քաղաքացիական շինարարությունը, կոնստրուկցիաների նախագծումը, տեխնիկական փորձաքննությունը,  կառույցների ճարտարագիտությունը՝ ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ։ Այդ բոլորը շինարարական ճարտարագիտությունն է»,-ասում է Լևոն Լևոնյանը։

Ոլորտը զարգանում է, բայց բարձրորակ մասնագետների կարիք ունի։ Գործատուները նրանց  փնտրում են, -ասում է Լևոն Լևոնյանը․

«Ինժեներական կադրերի կարիք կա, ընդ որում՝ բարձր վարձատրվող։ Շատ  ակտուալ են «ջրամատակարարում»  և «ջրահեռացում» մասնագիտությունները։ Հանրապետությունում այսօր կարիք կան նաև ճանապարհաշինության ոլորտի մասնագետների։ Գործատուները մեզ հաճախ են դիմում այս հարցերով։ Այսօր պահանջված են նաև ջրամբարներ կառուցող մասնագետները։ Արդեն երկու տարի «հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտությունն առանձին մասնագիտություն է մեզ մոտ»,-ասում է Լևոն Լևոնյանը։

Ճարտարապետների միության նախագահի կարծիքով՝ կադրերը քիչ են, որովհետև ժամանակին աշխատանք գտնելու լուրջ խնդիր է եղել․

«Այս մասնագիտությունները յուրահատուկ են, մասնագետները անընդհատ պետք է զբաղված լինեն, և երբ երկիրը երկար ժամանակ նման կառույցներ չի ստեղծում, այս մասնագետները ուղղակի գնում են երկրից, նրանցից շատերին հրավիրել են արտկերկիր, աշխատանքի հրապուրիչ առաջարկներ են արել, նրանք իսկապես տեղով մեկ ոսկի են։ Եթե այս պահի դրությամբ վիճակի մասին խոսեմ, կարող եմ ասել, որ մասնագետների պակաս ունենք, այսպես ասած «յոլա» ենք տանում»,-ասում է Մկրտիչ Մինասյանը։

Երիտասարդ կադրերին ոլորտ վերադարձնելու համար Ճարտարապետության և շինարարության համալսարանը մեկ քայլ արդեն արել է․ սեպտեմբերից զեղչելու են կրթական ծրագրերի ուսման վարձը, խմբագրել են մասնագիտությունները՝ համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին։ Լևոն Լևոնյանի խոսքով՝ հիմա դիմորդին գրավում է մասնագիտության անունը, օրինակ, քաղաքային տնտեսություն անվանումը փոխել ու դարձրել են քաղաքային ենթակառուցվածքների կառավարում, կամ անշարժ գույքի փորձաքննությունը՝  անշարժ գույքի և շինարարության կառավարում։ Լևոն Լևոնյանը հույս ունի, որ շինարարի մասնագիտության հարցում դիմորդի պատկերացումը կփոխվի, որովհետև շինարարը պատ շարողը չէ, ինժեներն է՝ այսօր Հայաստանում շատ պահանջված մասնագիտություն։

Կարդացեք նաև

Back to top button