ԿարևորՀասարակություն

Աժ-ում զգուշանում են ահաբեկչությունից․ հաճախակի վկայակոչում են «Հոկտեմբերի 27»-ը

8-րդ գումարման ԱԺ-ի առաջին աշխատանքային օրը խիստ հագեցած էր․ ընդդիմադիրները բողոքում և պահանջում էին կալանավորված գործընկերների ներկայությունը, մինչդեռ իշխանությունը փորձում էր ձևավորել օրենսդիր մարմնի ղեկավար կազմը։ Մեկ օրում ընդդիմությունը գործի դրեց այնպիսի գործիքներ, որոնք  ընդդիմությունը կիրառում էր նախորդ խորհրդարաններում տարբեր տարիների  ընթացքում՝ 20 րոպեանոց ընդմիջում, բռունցքով հարվածներ սեղաններին, դահլիճը լքել և բոյկոտ հայտարարել։ Ընդդիմադիրները եկել էին հստակ պահանջով, ոչ թե կանոնակարգով նախատեսված ընթացակարգին ենթարկվելու համար։ Ամեն դեպքում օրակարգում ընդգրկված 7 հարցից հազիվ «հաղթահարվեց» երկուսը․ Նարեկ Բաբայանն ընտրվեց հաշվիչ հանձնախմբի նախագահ, և օրվա ավարտին նորընտիր խորհրդարանն ընտրեց ԱԺ նախագահ։

Զուգահեռ ԱԺ միջանցքներում կիրառվում են անվտանգային նոր միջոցառումներ։ Խորհրդարանի շենքում նախատեսվում է խստացումները շարունակել, իսկ պատգամավորները հիմնավորում են՝ ինչու։  

ԱԺ-ի պատգամավորների թիվը նվազել է նախորդ խորհրդարանի համեմատ, փոխարենն ավելացել է մետաղորսիչների քանակը՝ անգամ չբացվող դռների մոտ։ Խորհրդարանի շենքում խստացված են անվտանգության կանոնները․ իշխանությունը մնացել է նույնը, փոխվել է ընդդիմությունը։ Իշխանական պատգամավորներն էլ ավելի հաճախ են սկսել հիշեցնել նույն շենքում տեղի ունեցած «հոկտեմբերի 27»-ի մասին։ Տարիների դադարից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով խորհրդարան վերադարձած պատգամավոր Գուրգեն Արսենյանը հուշում է, թե ինչից է զգուշանում իշխանությունը․

«Մենք այն պետության հետ, որի հետ պատերազմեցինք անցած տարի, «Խաղաղության պայմանագիր» չունենք։ Մենք ունենք հրադադարի մասին փաստաթուղթ։ Այսինքն՝ մենք չպետք է մոռանանք, որ պետությունը, որը դիվանագիտական լեզվի քննարկումներից տեղափոխվեց մարտական գործողությունների դաշտ, հնարավորություն ունի նաև իր «ձեռքերը» հասցնել ՀՀ պետական մարմինների և պետական տարբեր գործիչների՝ նաև օգտագործելով այն իրավիճակը, որը կա այսօր ՀՀ քաղաքական դաշտում այն ֆորմատից հետո, որը ձևավորվել է ԱԺ ընտրություններից հետո։ Ես որևէ ձևով որևէ բան չեմ ուզում հնչեցնել ընդդիմության մտադրությունների մասին, սակայն իրավիճակն այնպիսին է, որ երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմերը կարող են շատ հանգիստ իրականացնել գործողություններ»։

ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գնահատմամբ՝ զննությունը, որն անցնում է խորհրդարան մտնող անձը, բավարար է անվտանգությունն ապահովելու համար։ Լրացուցիչ միջոցառումներն ու հատկապես ընդդիմությանն ուղղված սլաքները նա չի հասկանում։

«Թող ոչ մեկից չխուսափեն, ոչ մեկից չվախենան»։

Ընդդիմությունը չի թաքցնում, որ իր սեփական ծրագիրն է փորձելու թելադրել խորհրդարանին՝ օրակարգայինի փոխարեն։ Դա հաստատում են և «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը, եւ «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանը․

Իշխան Սաղաթելյան. «Մեր սցենարով գնալու ենք առաջ, իշխանության հետ կոնսենսուս չունենք։ Սա քաղաքական պրոցես է, երբ պետք լինի՝ գալու ենք, երբ պետք լինի՝ բոյկոտելու ենք, փորձելու ենք մեր օրակարգերն առաջ մղելք։ Եկել ենք այս խորհրդարան մեր պայքարը շարունակելու։ Մեր օրակարգը նույնն է, քանի որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները նույնն են»։

Արթուր Վանեցյան . «Եթե որևէ մեկին թվում է, թե մենք պետք է գանք այստեղ և բնականոն աշխատենք՝ սխալվում են, որովհետև մեր երկիրը չի գտնվում նորմալ վիճակում։ ԱԺ-ն  լրացուցիչ հարթակ է, լրացուցիչ գործիք է, որը մենք օգտագործելու ենք մեր հիմնական նպատակին հասնելու»։

Նորընտիր խորհրդարանի առաջին աշխատանքային օրը ցույց տվեց, որ նրանց մարտավարությունն առայժմ աշխատեց։ Այս խորհրդարանը մինչև օրվա վերջ չարեց այն, ինչ մյուս խորհրդարաններն անում էին մի քանի ժամում։ Չհաջողվեց արագորեն ձևավորել ԱԺ-ի ղեկավար կազմը, քանի որ ընդդիմադիրները պահանջում էին խորհրդարան հրավիրել գլխավոր դատախազին՝ հիմնավորելու «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների՝ կալանքի տակ մնալու և ԱԺ-ի նիստից բացակայելու հարցը։ 20 րոպե ընդմիջում, բողոքի ակցիա, լարված մթնոլորտ․ դահլիճում տիրող իրավիճակը երբեմն դուրս էր գալիս ավագի իրավունքով առաջին նիստը նախագահող Կնյազ Հասանովի վերահսկողությունից․ (պատգամավորները բռունցքներով հարվածում են սեղանին-խմբ․ )

«Ներկայացնում եմ առաջին նստաշրջանի օրակարգը, որը ձեզ բաժանված է։  Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ընտրություն, մշտական հանձնաժողովների ստեղծում։ Ես խնդրում եմ՝ մի խանգարեք, այստեղ ակցիա չէ, սա միտինգի տեղ չէ, սա խորհրդարան է, ամբողջ աշխարհը մեզ է նայում։ Եկեք վերջացնենք, հետո ձեր հարցերն ուրիշ ձև կլուծեք»։      

Ընդդիմադիրների ընդվզումը կապված է կալանքի տակ գտնվող Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի՝ պատգամավորական կարգավիճակից ելնելով խափանման միջոցը չփոխելու հետ։  «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը խոսում էին նույն թեմայից, վկայակոչում էին Սահմանադրության նույն հոդվածը, բայց տրամագծորեն տարբեր հիմնավորումներ էին ներկայացնում։

Արմեն Ռուստամյան. «Չի եղել այսպիսի գումարում, որ մենք սկսենք՝ երկու պատգամավոր-գործընկերներ գտնվեն կալանքի տակ։ Ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները, և եթե մենք համարում ենք՝ ոչինչ չի եղել, այսպես կարելի է հանգիստ սկսել, անցնել օրակարգի ու անտեսել այս ամեն ինչը, այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի»։

Վլադիմիր Վարդանյան . «Այո, պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, բայց տվյալ պարագայում, մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի է ունեցել մինչև պատգամավորական մանդատը ստանալը, և որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով»։

Ի դեպ, ԱԺ նախագահի համար ընդդիմությունը որպես թեկնածու առաջադրել էր հենց կալանքի տակ գտնվող պատգամավորներին՝ որպես իշխանությունից Ալեն Սիմոնյանի մրցակից։ Բայց, այսպես ասենք, «նախընտրական ելույթ» ունեցավ միայն Ալեն Սիմոնյանը։ Քանի որ մյուս թեկնածուների ներկայությունը չապահովվեց, ընդդիմադիրները բոյկոտեցին նիստը և հեռացան՝ չլսելով Ալեն Սիմոնյանի խոսքն ու հորդորը։   

«Ընտրվելու պարագայում ես պատրաստ եմ և բաց եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։ Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները՝ հանուն մեծ նպատակների։ ԱԺ աշխատանքի կազմակերպման գործում ես ունեմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցության և խորհրդի կարիքը»։

Ընդդիմությունը նախապես էր որոշել՝ կալանավորված գործընկերների բացակայության դեպքում չեն մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը։

Ընդդիմադիրները չեն պատրաստվում մասնակցել նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին։ Նման հանձնաժողով հիմնելու նախաձեռնությամբ հանդես է գալու իշխանությունը․ որոշվել էր օրեր առաջ։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշում է, որ քննիչ հանձնաժողովներ ստեղծելն ընդդիմադիրների լծակներից է, իշխանության համար գործում են պետական համապատասխան կառույցները։ «Հայաստան» խմբակցությունից Սեյրան Օհանյանը նույնպես մատնանշում է այլ կառույցները․

«Դա չի կարող իջնել ասֆալտի, պարկետի մակարդակի։ Անվտանգության հարցերը քննարկելու բազմաթիվ հարցեր կան, որը մեր պետական կառավարման համակարգի  գործունեության պարտականությունների մեջ է մտնում»։

Փոխարենը ընդդիմադիրները նախաձեռնելու են Արցախի հարցերի հանձնաժողովի ստեղծում։ Խորհրդարանական աշխատանքի առաջին իսկ օրն ընդդիմությունը ի ցույց է դնում՝ այստեղ են իրենց օրակարգով ու դրանից շեղվել չեն պատրաստվում։

Կարդացեք նաև

Back to top button