ԿարևորՀասարակություն

Արվեստ՝ փոթորիկով․ Վարդան Պետրոսյանը միացել է «Մշակութամետ»-ին

«Մշակութամետ» նախաձեռնությունը ստեղծվել է պատերազմից հետո՝ սահմանից սահման՝ Տավուշից Սյունիք գործելու հավակնոտ ծրագրով։ Նախաձեռնության անդամները ուզում են սահմանն ուժեղացնել մշակութային զենքով ու  մշակութային կրթությամբ ապահովել մարզերի երեխաներին։ Նախաձեռնությանը միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը՝ բարեգործական հյուրախաղերը սկսելով սահմանամերձ 7 համայնքներից։ Ամբողջ հասույթը տրամադրելու է «Մշակութամետ»-ին՝ երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար։

«Ինքս շատ լիքն եմ, շատ ծրագրեր ունեմ այս ուղղությամբ, որոնք վստահաբար, կներգրավեմ հենց Տավուշի  տարածքում և ոչ միայն։ Հիմա արդեն ներկայացումների համար պայմանավորվածություններ ձեռք կբերեմ»։

Վարդան Պետրոսյանն է․ ուղիղ մեկ ամիս առաջ «Մշակութամետ» նախաձեռնության ամփոփիչ համերգից հետո ապագա ծրագրերի մասին էր պատմում։ Այսօր արդեն սահմանամերձ Չինարի գյուղի մշակույթի տան բեմում «Հազար ու մի ելք» ներկայացման վերջին փորձն է։ Բարեգործական հյուրախաղերով Վարդան Պետրոսյանը ելույթ կունենա Արծվաբերդում, Այգեպարում, Մովսեսում, Պառավաքարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Այգեձորում և Բերդ քաղաքում։ Ամբողջ հասույթը կտրամադրի «Մշակութամետ» նախաձեռնությանը՝ երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար։

«Այս հյուրախաղերով առաջին հերթին ուզում եմ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել սահմանամերձ գյուղերի վրա և հատկապես «Մշակութամետ» -ի մեր տաղանդավոր-կամավոր  երիտասարդների կատարած  աշխատանքի վրա։ Շատ կցանկանայի, որ իմ ծանոթները, ոչ միայն Հայաստանում, այլ  նաև արտերկրում օգնեին նրանց, որովհետև մեծ գործ են անում։ Եվ ինձ թվում է՝ իրենք կօգնեն, գլխավորը ես հետաքրքրություն առաջացնեմ։ Հետաքրքրություն առաջացնել նաև ցանկանում եմ մյուս երիտասարդների մոտ, որ տեսնեն այս կամավոր, հրաշալի երիտասարդներին և իրենք էլ ցանկական այս նվիրյալների կյանքով ապրել»,- ասում է Պետրոսյանը։

«Մշակութամետ»-ը պատերազմից հետո նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ։ Շաբաթ-կիրակի օրերին կամավորները Երևանից հասնում են Տավուշ՝ երեխաներին դաշնամուր, ֆլեյտա, ազգային երգ ու պար, դերասանական արվեստ, գորգագործություն և այլ առարկաներ դասավանդելու։ Այսպես, արդեն 40 «շրջիկ ուսուցիչներ» ապակենտրոն մշակույթի հիմքն են դնում։ Վարդան Պետրոսյանի խոսքով՝ մեկ-երկու շաբաթ էլ չանցած ելույթների ամսաթվեր են որոշել։  «Հազար ու մի ելք»-ն առաջին անգամ Պետրոսյանը խաղացել է 2000-ին, ներկայացման նոր տարբերակը ընթացիկ փոփոխություններ է կրել։ Այն տրագիկոմիկական նոր ելքեր է հուշում հանդիսատեսին։

 ««Հազար ու մի ելք» վերնագիրն արդեն իսկ հուշում է․ մենք այսօր ծանր քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական վիճակում ենք, և բոլորը ելք են փնտրում։ Հայ մարդն անընդհատ այդ ելքի փնտրտուքների մեջ է։ Բայց ցավալիորեն այդ ելքը փնտրում է իրենից դուրս և ներկայացումը հենց այդ մասին է։ Ես հազար ու մի ելք եմ առաջարկում․ բոլորն էլ մեզնից դուրս, բոլորն էլ զվարճալի և բոլորն էլ ողբերգական։ Վերջում մենք գալիս, հանգում ենք մի եզրակացության, որ ելքը մենք մեր մեջ պետք է փնտրենք, եթե ուզում ենք հաղթենք ու առաջ գնանք»,- նշում է Պետրոսյանը։

Պետրոսյանը պատմում է՝  երբ այս ներկայացումն առաջին անգամ Երևանում էր խաղում, երկու հակադիր մոտեցումների է բախվել։ Մտերիմներից մեկը խոստովանել է՝ ներկայացումից հետո մտածել է թողնել-գնալ երկրից, իսկ մյուս ընկերը եկել է համոզման, որ երբեք չի հեռանա Հայաստանից։

«Տեսեք, նույն ներկայացումը երկու տարբեր մարդկանց մոտ երկու տարբեր որոշում է արթնացրել ու կայացրել` կախված մարդու տեսակից։ Արվեստը մարդու մեջ այդ փոթորիկը պետք է առաջացնի։ Կրավորական տիպի մարդն ուզում է թողնել գնալ, որովհետև նա տեսնում է մի ռեալություն, ճիշտ է երգիծանքի միջոցով, բայց ռեալություն, իսկ պինդ, ոգեղեն մարդը հասկանում է, որ ինքը պետք է մնա։ Ես կարծում եմ, որ իմ ներկայացումը մարդկանց  ոտքի է կանգնեցնում։ Նա կոնկրետ ելքեր չի առաջարկում, նա կոնկրետ մատնացույց չի անում ձախ, աջ կամ ուղիղ, հետ։ Նա մարդու մոտ փոթորիկ է առաջացնում, նրա հոգեկան աշխարհը խառնում է և մարդը ինքն է մտածում, ինքն է ելքերը փնտրում»,- ասում է Պետրոսյանը։ 

Ներկայացումներով Վարդան Պետրոսյանը մի քանի խնդիր է փորձում լուծում․ օգնել, որ մարդիկ ծիծաղով նայեն անգամ տխուր իրադարձություններին,  ավելի կենսունակ լինեն ու կարողանան թոթափել լարվածությունը։  Հանդիսատեսը մարզերում և Երևանում, զրուցակցիս կարծիքով,  տարբեր է։

«Առաջին հերթին այստեղի մարդկանց  խինդ ու ծիծաղ է պետք , նրանք շատ լարված են։ Երկրորդը նրանք պետք է զգան, որ ուշադրության կենտրոնում են․ իրենց վրա նայող կա, իրենք արհամարհված և մոռացված չեն։ Երրորդը պետք է ուժեղացնել նրանց կամքը, զորացնել և այդ իմաստով իրենց շատ անհրաժեշտ է ոգեղենություն, համարձակություն տալ, խրախուսանք է իրենց պետք, սա շատ կարևոր է։ Երևանցիներին ուրիշ բան է պետք, նրանց անհրաժեշտ է ինչ-որ հարցերում ձաղկել , որը երբեք չի կարելի սահմանամերձ գյուղերում, որովհետև նրանք այդ խնդիրը չունեն, մենք երևանցիներս ունենք։ Եվ այսպիսի հատկանշական տարբերություններ կան, որ ես միշտ հաշվի եմ առնում»,- ասում է Վարդան Պետրոսյանը։

Պատերազմի ժամանակ էլ Պետրոսյանը չէր լքում մշակութային խրամատը, ներկայացումներով հանդես էր գալիս Գյումրիում ու Երևանում։

Այժմ «Մշակութամետ» նախաձեռնությունը նպատակ ունի ծավալվել հյուսիսից հարավ՝  Տավուշից Սյունիք։ Հիմա թիմն ընդլայնվում է, պատրաստվում են ներգրավել նոր կամավորների, որոնք կդասավանդեն մյուս մարզերում։ 

Կարդացեք նաև

Back to top button