
7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր վերջին արտահերթն է հրավիրել․ օրակարգում ընդգրկված հրատապ համարվող հարցերը քննարկելու համար խորհրդարան են եկել միայն մեծամասնության ներկայացուցիչներն ու անկախ պատգամավորները։ Սահմանային լարված իրավիճակն ԱԺ նիստերի դահլիճում քննարկվել է անուղղակիորեն։ Թեմային անդրադառնալ «ստիպել են» այն նախագծերը, որոնք առնչվում են սահմանային անվտանգությանը։ Լիազորությունների ավարտից 2 օր առաջ 7-րդ գումարման ԱԺ–ն ընդունել է նախագիծ, որով արգելվում է տեսանկարահանումներ անել «սահմանային շերտում»։ Խախտումների համար սահմանվում է խոշոր տուգանք։
ԱԺ–ի դահլիճի սահմաններն անվտանգ են, հատուկ մետաղորսիչներն արդեն անցել են գործի, պատգամավորները փոքրիկ հերթ են հաղթահարում դահլիճ մտնելու համար։ Չեն նեղսրտում և արդեն գիտեն՝ նոր փոփոխություններ էլի լինելու են՝ հատուկ իրենց անվտանգության համար։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան․
«Գործելու են նոր կանոններ, որոնց նպատակը անվտանգությունն է։ Ի վերջո՝ մենք ունեցել ենք բազմաթիվ վատ նախադեպեր մեր պատմության մեջ, և դրանք շատ են։ Սկսած «Հոկտեմբերի 27»–ից, ի դեպ, ասեմ, որ լրագրող է եղել կազմակերպիչներից և իրագործողներից մեկը, վերջացրած պատերազմով։ Էլ չեմ ասում, որ վերջերս ականատես եղաք և լուսաբանեցիք, օրինակ, գնդակահարության տեսարաններ, որոնք բեմականացվել էին ԱԺ շենքի դիմաց Բաղրամյան փողոցում։ Եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ։ Այս ամենը հիմա չեք հիշատակում և զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ այն պարագայում, որ մենք ամեն օր ունենում ենք սահմանային միջադեպեր»։

Ոչ թե խորհրդարանի, այլ պետության սահմանային անվտանգային խնդիրները քննարկելու համար պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շարունակում է պնդել ԱԺ արտակարգ նիստ գումարելու անհրաժեշտությունը։ Նախօրեին առաջարկով դիմել է դեռ գործող խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին, բայց պատասխան չի ստացել։
«Քննարկել այն իրավիճակը, որը մենք այսօր տեսնում ենք սահմանին։ Հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԶՈՒ, ՊՆ ղեկավար մարմիններին, եթե անհրաժեշտություն կա՝ փակ ֆորմատով, քննարկել ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44–օրյա պատերազմից առաջ և հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հիմա իսկապես միասնական լուծումներ և թուրք–ադրբեջանական տանդեմին գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է»։

Արտակարգ նիստի առաջարկը կրկին մնաց անարձագանք։ Սահմաններում տիրող իրավիճակի մասին, սակայն, խոսում են նաև խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։ Նազելի Բաղդասարյանի ասելիքն, օրինակ, հիմնականում ուղղված էր միջազգային կառույցներին։
«Դեռևս մայսի 12–ից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, որոնք գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, վերջին օրերին ակնհայտորեն սադրիչ գործողություններ են իրականացնում։ Այս ամենը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, բայց Հայաստանը և Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմել այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը։ Մենք այս առումով, իհարկե, վերահաստատում ենք մեր մոտեցումները։ Նշում եմ մեր հաստատակամությունը, որ մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ։ Սրանով հանդերձ նաև կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին դիմել հստակ, գործուն քայլերի»։
Գործող ԱԺ վերջին արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր պետական սահմանին առնչվող նախագիծ, որն էլ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանին բերել էր խորհրդարան։ Կանոնակարգվում է սահմանային շերտում տեսալուսանկարահանում անելու կարգը։
«Ընդունումը պայմանավորված է պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող, ԱԹՍ–ների օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու , բնակվելու կանոնները խախտած անձանց վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ»։
Ավելի պարզ ձևակերպումով ստացվում է, որ սահմաններին մոտ, ասենք՝ անօդաչու թռչող սարքերով նկարահանումներն արգելվում են, իսկ նկարահանումների համար այլևս սահմանվում է մինչև 100 հազար դրամի տուգանք։ Նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն՝ միայն «Իմ քայլը» խմբակցության քվեարկությամբ, քանի որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նիստին չեն մասնակցել։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը պարզաբանում է, թե որ կողմից են հնչում դժգոհությունները։
«Այս պահի դրությամբ այդ հարաբերությունները կարգավորված չեն, և սահմանամերձ գոտու բնակիչները կամ տուրիստները գործնականում կիրառում են այդպիսի սարքեր, նկարահանումներ են իրականացնում, ինչը առաջացնում է և հարևան պետության, և մեր սահմանապահ ուժերի և զորքերի արդարացի դժգոհությունը։ Այս առումով շատ կարևոր նախագիծ եմ համարում, և հրատապ պետք է այս հարաբերությունները կարգավորվեն»։
Իշխանական պատգամավորն անգամ այս սահմանափակումները բավարար չի համարում ։ Ավելի լայն խստացումների անհրաժեշտություն է տեսնում։
«Չկարգավորված իրավական հարցեր կան։ Օրինակ՝ սահմանամերձ բնակավայրերի համայնքի ղեկավարներ, պետական պաշտոնյաներ անընդհատ տեղեկատվություն են տրամադրում լրատվամիջոցներին, և որևէ կերպ այս հարցը չի կարգավորվում։ Կարելի է օրենսդրական կարգավորում բերել, որ պետական պաշտոնյաները իրավունք չունեն տեղեկատվություն տարածել սահմանների վերաբերյալ։ Ամեն անգամ, օրինակ, Սյունիքի մարզից տեղեկություններ եմ ստացել, որ այսօր ահա ադրբեջանցիները մտան, դուրս եկան, չգիտեմ ինչ արին, տարան, բերեցին և այլն, և այլն։ Հասկանալի է, որ տեղեկատվությունը հնարավորինս շատ պետք է տրամադրվի մեր քաղաքացիներին, սակայն, որևէ կերպ սա չի ֆիլտրվում, որևէ կերպ մոնիտորինգ չի արվում՝ արդյո՞ք սա պետական գաղտնիք պարունակում է»։
ԱԺ պաշտպանական հանձնաժողովի ողջ կազմը դեմ չէ, որ լայնածավալ խստացումներն արդեն նոր խորհրդարանում արվեն և նախաձեռնողն էլ լինի իրեն հանձնաժողովը կամ հանձնաժողովի անդամ պատգամավորը։




