ԿարևորՀասարակություն

Google-ի ու Microsoft–ի հայ աշխատակիցներն իրենց փորձն ու գիտելիքը Հայաստան են բերել

Սփյուռքի տեխնոլոգիական համայնքը համախմբել ու պատերազմից հետո Հայաստանին աջակցելու ոչ ֆինանսական տարբերակ է գտել։ Մայքրոսոֆթ, Գուգլ և այլ տեխնոլոգիական ընկերություններում աշխատող մեր հայրենակիցները հայ երիտասարդների համար ծրագրավորման դասընթաց են կազմակերպել։ Նպատակը արտասահմանում ձեռք բերած փորձն ու գիտելիքները Հայաստան «ներմուծելն» է։

Նրանցից երեքն այժմ Հայաստանում են, «Ռադիոլուր»-ին պատմել են ակադեմիայի անելիքների, տեխնոլոգիական Վաշինգտոնի և տեխնոլոգիական Հայաստանի տարբերությունների մասին։

Արտակ Խաչատրյանը Երևանում ավարտեց ֆիզիկայի, հետո հոգեբանության ֆակուլտնետները, սովորեց ասպիրանտուրայում, Եվրոպայում ու ԱՄՆ–ում աշխատեց որպես գիտնական՝ նեյրոֆիզիկայի ոլորտում։

«Բավական երկար ժամանակ աշխատելուց հետո կյանքիս ինչ–որ փուլում սկսեցի նոր մասնագիտություն սովորել՝ ծրագրավորում և մաթեմատիկայի հիմունքներ։ Ինչ–որ պահի դա ինձ մոտ ստացվեց, և ընդունվեցի Մայքրոսոֆթ կորպորացիա՝ որպես ծրագրավորող»։

Վահե Մուսելիմյանը բակալավրում և մագիստրատուրայում տնտեսագիտություն սովորեց․

«Սովորելու ընթացքում աշխատում էի մի ընկերությունում, որտեղ բացվեց ծրագրավորման խմբակ ու անվճար սովորեցրին աշխատողներին հեռախոսների համար ափլիքեյշններ գրել։ Պարզվեց՝ ստացվում է, ու որոշեցի մասնագիտությունս փոխել»։

Կարեն Ալեքսանյանն էլ 6 տարի աշխատել է Մայքրոսոֆթում, 7 տարի՝ Գուգլում։ Առաջին մասնագիտությունն եմ փորձում ճշտել, ժպտում է՝ խմբում միակն է, որ ի սկզբանե ծրագրավորող է եղել։

Տեխնոլոգիական գիգանտ ընկերություններում աշխատող այս մարդիկ այժմ Հայաստանում են՝ հայկական ԱյԹի–ն զարգացնելու, հայ երիտասարդներին իրենց փորձը, գիտելիքն ու մոտիվացիան փոխանցելու համար։ Կարենը պատմում է՝ միտքը պատերազմի օրերին է առաջացել։

«Ար ակադեմիա»–յի թիմի անդամները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հետ

«Պատերազմի ընթացքում մեր համայնքում լավ համախմբվածություն կար, տարբեր իդեաների շուրջ համախմբվում էինք։ Երբ պատերազմը վերջացավ, մտածեցի, որ ավելի երկարաժամկետ ու հիմնային ինչ–որ բան է պետք անել։ Զգացի, որ շատ հարցերից, որոնց շուրջ կարծիքներ էի հայտնում, այդքան էլ լավ չեմ հասկանում, որոշեցի այն ոլորտում իմ էներգիան ներդնեմ, որից հասկանում եմ, ինչը ծրագրավորումն էր»։

Կարենը, Արտակը, Վահեն, Վաշինգտոնում ԱյԹի ոլորտում աշխատող նրանց ևս 3 ընկերներ մտածեցին և ստեղծեցին «ԱՐ ակադեմիան»։ Ուսուցումը սկսվել է, դասավանդողները հենց իրենք են։ Կրթական ծրագրում Հայաստանում դեռ չկիրառված բաղադրիչ են ներառել։ Պատմում է Արտակ Հարությունյանը․

«Որոշում կայացվեց, որ բացի ֆունդամենտալ մաթեմատիկայից ու ծրագրավորման հիմունքներից պետք է ներածական կուրս կազմակերպենք՝ լրիվ հարմարեցված հայկական շուկայի, ծրագրավորման փորձ չունեցող հայ երիտասարդների պահանջներին։ Որոշեցինք, անունը դրեցինք Digital thinking, նախադեպը չունեցող առարկա է Հայաստանի համար»։

Կրթական ծրագիրը 3 կուրսից է բաղկացած, յուրաքանչյուրը 3 ամիս ժամկետով։ Փորձնական փուլին մասնակցած 20 ուսանողներն արդեն հաղթահարել են առաջին, կուրսը, նրանց փոխարեն նոր ուսանողներ են ընդունվել։ Այսպես ապահովվելու է ծրագրի շարունակականությունը։ Կազմակերպիչների ոգևորությունն ավելանում է, երբ տեսնում են՝ սպասվածից շուտ հաջողություններ գրանցած ուսանողներ արդեն կան․

«Պլանավորել ենք, որ 2 սեմեստր կսովորեն, նոր կսկսեն աշխատել, բայց երբ սեմեստրը վերջացրինք՝ տեսնաք, որ պրպտող, ձգտումով ուսանողներ են։ Մենք ասեցինք 2 ամիս պաուզա կլինի, մինչև մյուս սեմեստրը կսկսի, էդ 2 ամսվա ընթացքում մարդիկ սկսեցին աշխատանք որոնել իրենք իրենցով, տեսանք, որ արդեն ինչ–որ ուղիներ են ման գալիս, մի քիչ էլ մենք աջակցեցինք ու իրանցից արդեն 6-7 հոգի ինտերշիփի են տեղավորվել, կարող է էլի են տեղավորվողներ եղել, ես դեռ չգիտեմ»։

Ակադեմիայում սովորելու համար գրանցվել են դաշնակահար, վարորդ, ընբշամարտի չեմպիոն, բռնցքամարտիկ, տնտեսագետ և այլ մասնագետներ։ Կարենը նշում է՝ ամենակարևորը, որ սովորեցրել են, սովորելը, ձգտելն ու հավատալն է, կարծում է՝ միայն առաջին կուրսում  ստացած ոչ այնքան խորքային գիտելիքներով հաջողություն գրանցածները դեռ շատ առաջ կգնան։

Վաշինգտոնում հայկական տեխնոլոգիական միտքը առաջընթաց է ապրում, նույնը կարող է լինել նաև Հայաստանում։ Զրուցակիցներիս կարծիքով՝ դրան խանգարում են մի քանի մշակութային տարբերություններ․

«Խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ այստեղ երկարաժամկետ չեն պլանավորում, մտածում են՝ 6 ամսից ի՞նչ կարող են անել, չեն մտածում՝ կարող եմ սովորել,  երկու տարուց շատ լավ աշխատանքի անցնել։ Մյուսը՝ մարդիկ իրենք իրենց հետ այնքան էլ ազնիվ չեն օրինակ՝ մեր ուսանողներից մեկը դասին չի եկել, տնային աշխատանքը չի արել, երբ հարցնում եմ, ինքը մտածում է՝ ինչ պատճառաբանություն բերի, ոնց արդարացնի իր տնային չանելը ու վերաբերմունքը նենց է, որ եթե ինձ համոզեց, որ էդ հարգելի էր, ուրեմն հարգելի էր, այնինչ դա իր  համար է արվում»։

Ծրագրավորող- ուսուցիչները շուտով կվերադառնան Վաշինգտոն, սակայն ծրագիրը դրանից չի տուժի, դասերը հիմա էլ իրականացվում են հեռավար տարբերակով։

Դասընթացը վճարովի է, սակայն ողջ վարձը հետ է վերադարձվում այն հաջողությամբ ավարտելուց հետո։ Երկրորդ փուլի ընդունելությունը ևս ավարտվել է, սակայն հաջորդ փուլը երկար չի սպասեցնի։ Մասնացկել կկարողանան 17 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները, ընդունելությունը կիրականացվի հարցազրույցով։ Ասում են՝ ակադեմիա ընդունվելու համար պետք է ունենալ երկու բան՝ տրամաբանություն ու մոտիվացիա, և չունենալ մեկը՝ վախ նոր բան սովորելուց։

Կարդացեք նաև

Back to top button