
Ռեկտորներին ներկայացվող պահանջներից կհանվի դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը: Կառավարության որոշմամբ՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ու Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորին ներկայացվող պահանջներից էլ կհանվի ժողովրդական ու վաստակավոր արտիստի, արվեստի վաստակավոր գործչի կամ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումների պահանջը։ Փոփոխությունը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին թույլ կտա ռեկտորների ընտրության հարցում լինել ճկուն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը: Ո՞րն է գիտական հանրույթի կարծիքը այս հարցում, և ի՞նչ ռիսկեր է պարունակում կառավարության որոշումը։
Այսուհետ բուհի ռեկտոր կնշանակվի նա, ով ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։ Կառավարության որոշմամբ՝ ռեկտորներին ներկայացվող պահանջներից հանվում է դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունենալու պարտադիր կետը։
Ռեկտորի պաշտոնին հավակնող անձից պահանջվում է ցանկացած գիտական աստիճանի և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժի պարտադիր առկայություն: Կառավարությունը կարծում է, որ այս փոփոխությունը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին ռեկտոր ընտրելու հարցում թույլ կտա լինել ճկուն, մինչդեռ գիտական հանրույթը ուշադրություն է հրավիրում որոշման տողատակերին։
ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ ուզում են միջամտել բուհի ինքնավարությանը․
«Նպատակը գերազանցապես ԵՊՀ–ի ռեկտոր նշանակելն է իրենց մարդուն, որը կերաշխավորի, որ ԵՊՀ–ում գործող իշխանությունների դեմ սլաքով ուղղված քաղաքացիական խնդիրներ չառաջանան։ Դրանից հետևում է, որ իրենց ուզած մարդը պրոֆեսորի կոչման հետ կապված խնդիր ունի, ու այս որոշմամբ հենց այդ խնդիրն է լուծվում։ Եթե միայն ԵՊՀ–ի կանոնադրության մեջ այդ փոփոխությունն անեին, կճչար, որ թիրախում ԵՊՀ–ն է։ Դրա համար էլ որոշումը վերաբերում է այն բուհերին, որտեղ պրոֆեսորի կոչման և ռեկտորի աստիճանի պահանջ կա։ Գլխավոր նապատակը, բնականաբար, ԵՊՀ-ն է»։
ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանի դիտարկմամբ՝ կատարվում է հերթական չհիմնավորված, բայց կարևոր փոփոխությունը․
«Հիմնավորման մեջ հղում է արվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին, որի սահմանադրականությունը այս պահին դեռ վիճարկվում է։ Այսինքն՝ մի փոքր անտրամաբանական է շարունակել գործընթացը, երբ վիճարկվող օրենք ունենք։ Երկրորդ՝ եթե մենք նայում ենք այս ամբողջ շարանը, որը կառավարությունը իրականացնում է համալսարանի նկատմամբ, տպավորություն է, որ ամբողջ իմաստը ոչ թե բարեփոխումների իրականացումն է, այլ ռեկտորի պաշտոնը վերցնելը։ եվ երրորդ ռիսկը․ ըստ էության, որոշումից հասկանալի չէ, թե նախկինում այն ռեկտորները, որոնք արդեն իսկ ընտրվել են, ինչ կարգավիճակ պետք է ունենան, և արդյո՞ք նոր ընտրությունները պետք է անցկացվեն նոր կարգով»։
Բուհի ռեկտորը պետք է լինի ճանապարհ անցած, հեղինակություն ունեցող մեկը,- կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նա վիճահարույց է համարում ոչ միայն գիտական աստիճանի, այլև աշխատանքային ստաժի իջեցումը։ Ասում է՝ 5 տարին դրա համար շատ քիչ է.
«5 տարի դասավանդող անձը կարող է դառնալ ԵՊՀ ռեկտոր, այն դեպքում, երբ դպրոցի տնօրեն դառնալու համար պետք է 7 տարվա ստաժ ունենալ։ Ստացվում է, որ ԵՊՀ ռեկտոր դառնալու չափանիշը ավելի թեթև է, քան դպրոցի տնօրենինը»։
Չի բացառվում, որ այս որոշմամբ փորձ է արվում ռեկտորի պաշտոնը համապատասխանեցնել կոնկրետ անձանց, որոնք չունեն դոկտորի կոչում։ Չի բացառվում նաև, որ լավ ղեկավար լինի կոչում չունեցող գիտությունների թեկնածուն։ Գլխավորը, ըստ փորձագետի, այն է, որ գիտնականի փորձառությունը չարժեզրկվի ու չդառնա անկարևոր՝ հատկապես համալսարանի նման դժվար կառույցը ղեկավարելու դեպքում։




