ԿարևորՀասարակություն

ԱՄՆ–ն դադարեցնում է ռազմական ֆինանսական օգնությունն Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը զենք է վաճառում սև շուկայում

Հուլիսի 28-ին ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատում ընդունված փաստաթուղթը քաղաքական և դիվանագիտական կոնկրետ ազդակ է մեր տարածաշրջանի պետությունների համար։ Խոսքը Ադրբեջանին ԱՄՆ–ի ռազմական ֆինանսական օգնությունը դադարեցնող փաստաթղթի մասին է։ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել այս որոշման քաղաքական նշանակությունը:

«Այսօրվանից Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար»,– ձևակերպման հեղինակը ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն է։ Ներկայացուցիչների պալատի որոշումը, սակայն, կես քայլ է․ վերջնարդյունքին հասնելու համար փաստաթուղթը դեռ պետք է հաստատվի Սենատում, որից հետո դրվի նախագահ Ջո Բայդենի սեղանին: Ուժի մեջ մտնելու «կես ճանապարհին» անգամ փաստաթուղթը ունի իր արժեքը,-կարծում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը․

«Սահմանափակումն ունի ոչ այնքան ֆիզիկական, նյութական արժեք, որքան քաղաքական։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն, որը փաստացի ամենահզոր գերտերությունն է աշխարհում, թույլ չի տալիս կամ արգելում է նշված տարածաշրջանում ռազմական գործողությունների դիմել։ Այսինքն, քաղաքական առումով բավականին լուրջ կանխարգելիչ քայլի հետ գործ ունենք, և այստեղ է, որ Հայաստանի շահերը տվյալ դեպքում, տվյալ գործընթացում համընկնում են արևմուտքի մոտեցումների հետ»։

Ազդակները փոքր-ինչ այլ շեշտադրումներով են ընկալում ամերիկյան հարթակում։ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանը «Ամերիկայի ձայն»–ին պատմել է․

«Սա նախ և առաջ շատ կարևոր ազդակ էր, որն ԱՄՆ օրենսդիր մարմինն ուղղեց  տարածաշրջանի պետություններին, մասնավորապես Հայաստանին և Ադրբեջանին այն առումով, որ ԱՄՆ–ի համար որոշակի աշխարհաքաղաքական շարժեր են տեղի ունեցել, այս պարագայում՝ ոչ ի նպաստ Ադրբեջանի։ Այսինքն՝ մեզ համար, որպես Հայ դատի գրասենյակ, շատ կարևոր էր, որ այս նախագիծը անցնի։ Կարևոր է և՛ այս ուղերձը ուղղելու տեսանկյունից, և՛ այն առումով, որ 2022 ֆիսկալ տարվա ընթացքում ԱՄՆ-ն այլևս միլիոնավոր դոլարներ չի ծախսելու Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու նպատակով։  Իհարկե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից անցկացումը շատ ոգևորիչ ազդակ է, և մեր ջանքերը պետք է ուղղենք այս գործընթացն իր վերջնարդյունքին բերելու նպատակով»։

Տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանավորվածությունը, ինչի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, մտահոգիչ են,-ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:

Կոնգրեսականը նշել է, որ դա Ադրբեջանի ագրեսիայի հերթական դրսևորում է, որը կարող է հանգեցնել «հետագա բռնության, մահվան և ավերածությունների», եթե էսկալացիան չկանխվի:

«Պետք է ընդունենք փաստը, որ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ալիևի ռեժիմին խրախուսում է նրանց ագրեսիան և անմիջական սպառնալիք է հայերի համար», — ֆեյսբուքում գրել է կոնգրեսականը՝ հավելելով․ «Միացյալ Նահանգները երբեք չպետք է ռազմական միջոցներ կամ աջակցություն տրամադրի մի երկրի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքները և ոտնձգություն է կատարում իր հարևանի անկախության նկատմամբ: Եկել է պատասխանատվության ժամանակը»։

Որոշ հաշվարկների համաձայն վերջին երեք տարվա ընթացքում Բաքուն Վաշինգտոնից մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել։

Ամերիկյան օրենսդիր մարմնում 90–ականներից մշտապես եղել է փաստաթուղթ, որով ԱՄՆ–ի կառավարությանը չէր թույլատրվում որևէ օժանդակություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ այն շարունակում էր իր ռազմական ագրեսիան և շրջափակումը Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Սակայն 2002 թվականից Միացյալ Նահանգների բոլոր նախագահները ամեն տարի չեղարկել են հայտնի 907 բանաձևը։ Նոյեմբերին ընտրված նոր Կոնգրեսին տարվա սկզբից նոր նախագծեր է ներկայացվել։ 907 բանաձի փոխարինվել է 43 73 բանաձևի հավելվածով։

Վերջին անգամ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն է 2021–ի ապրիլին երկարացրել Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու արգելքի կասեցումը: Այժմ վերաբերմունքի փոփոխությունը ավելի մեծ քաղաքականության մաս է, ասում է Ռոբերտ Ղևոնդյանը․

«Խնդիրը կապված չէ ուղղակիորեն Ադրբեջանի հետ։ Ավելի լայն ենթատեքստ ունի, և այդ ենթատեքստում ռուս–թուրքական համաձայնություններն են և Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ներկայիս քաղաքականությունը։ Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան արևմուտքի և Ռուսաստանի, Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունները։ Եվ ինչպես կարգանան նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, որովհետև, թեև նրանք այսօր միասնական են փորձում դիմագրվել Արևմուտքին, այնուամենայնիվ, նրանց միջև էլ բավականին շատ խնդիրներ և պրոբլեմներ կան, որոնք լուծված չեն։ Այդ ամենի ենթատեքստում մենք կարող ենք ասել՝ մինչև վերջ  կգնա՞ գործընթացը, թե՞ ինչ–որ տեղ կկանգնի։ Միտումները, որոնք այս պահին են տեղի ունենում, կեցվածքը, որն այս պահին ունեն Ռուսաստանը և Թուրքիան հույս են տալիս, որ այնուամենայնիվ, գործընթացը մինչև վերջ կգնա։ Բայց ամեն ինչ ամեն պահի կարող է փոխվել»։

Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի հեղինակը ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնն է։ Նրա ներկայացրած փոփոխության մեջ ասված է.

«Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում, ինչպես նաեւ Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին: Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից՝ ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն»:

ԱՄՆ–ի Կոնգրեսում այս փաստաթղթի նախապատրաստական փուլին զուգընթաց՝ Bulgarian Military բուլղարական հետազոտական-վերլուծական հարթակն անդրադարձել է սև շուկայում Ադրբեջանի՝ զենք վաճառառելու փաստին։ Նշել է՝ նպատակահարմա՞ր է, արդյոք, արևմտյան երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, կամ որտե՞ղ ու ի՞նչ նպատակներով կարող է այդ զենքը կիրառվել։

Հարթակը փաստում է, որ շատ վերլուծաբաններ կասկածներ ունեն, որ Բաքուն Սիրիայում և այլ թեժ կետերում զենք ու զինամթերք է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին: Այդ մասին հետաքննական հոդված հրապարակեց բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան՝ բացահայտելով Anonymous Bulgaria հաքերային խմբի գաղտնի տեղեկատվությունը, համաձայն որի ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը զինամթերք է տեղափոխել Սաուդյան Արաբիա, իսկ այդ երկրից զենքը փոխանցվել է Եմենի սաուդամետ ուժերին, Սիրիայի ջիհադիստներին, ինչպես նաև տեղափոխվել Մալի, Բուրկինա Ֆասո և Աֆղանստան: Ուշագրավ է, որ այս տեսակետը պաշտպանում են նաև Ադրբեջանի ընդդիմադիր վերլուծաբանները: Համաձայն Timeturk գործակալության տվյալների՝ Ադրբեջանը ձևավորել է «Մահմութ» զինյալ  խմբավորումը, որը մասնակցում է Սիրիայում Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություններին:

Ծավալուն հոդվածում բազմաթիվ այլ փաստեր և տվյալներ են ներկայացված։ Հարց է բարձրացված՝ արդյո՞ք ԱՄՆ-ին անհրաժեշտ են օրենքներ, որոնք օրինականացնում են ավտորիտար ռեժիմներին զինամթերքի մատակարարումը: Հարթակը նաև հիշեցնում է, որ Սիրիայում թուրքերից աջակցություն ստացող զինյալ խմբավորման անդամներն ադրբեջանական կողմից հայտնվել էին 2020 թվականի Արցախում ծավալված պատերազմական գործողությունների կենտրոնում:

Կարդացեք նաև

Back to top button