Նոր ուսումնական տարում Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում կփորձարկեն հանրակրթական նոր չափորոշիչներ։ Վարժարանի սաները ներկայում ռազմագիտական 9 առարկա են անցնում, այս տարվանից կներդրվեն նոր մեթոդներ ու ծրագրեր։ Այստեղ կրթությունը ստանալը սկսել է առավել գրավիչ թվալ նաև աղջիկներին։ Մոնթե Մելքոնյանի սաները սեպտեմբերից հնարավորություն կունենան արտադասարանական կրթություն ստանալ նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում և «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցում՝ համադրելու իրենց ինժեներական և ռազմագիտական կրթությունը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սանը մի քանի անավարտ նախագիծ ունի․ ընկերներով, խմբավարի հետ փորձում են վերջնական տեսք տալ կրակ հանգցնող ռոբոտին․ սեպտեմբերին մասնակցելու են Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթին։ Չափորոշիչները խիստ են, բայց հավակնում ենբարձր արդյունքի։ Այս զբաղմունքը սիրողականից արդեն մասնագիտական մոտեցում է դառնում։
«Դե, ժամանակի ընթացքում հնարավոր է այնքան զարգացնենք ռոբոտաշինությունը, որ ես տեղում չլինեմ, ռոբոտը հաճախորդի ատամը հանի կամ սարքի»,– ասում է «Արմաթի» սան ապագա ատամնաբուժը։
Պատերազմից հետո հատկապես ռազմական ԱԹՍ–ներ ու ռոբոտներ ստեղծելու ցանկությունն ավելի է մեծացել։ Հայկ Համբարձումյանը «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի սան է։ Երկու ամիս առաջ վարժարանում անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցը բացվեց։ Ապագա ռազմական օդաչուն էլ որոշեց ուսումը համատեղել լրացուցիչ կրթության հետ։ Արմաթականն արդեն մի քանի ստացված նախագիծ ունի․
«Իմ հիմնական նախագիծը տանկն է, որը սարքել եմ ընկերոջս հետ, իրենից տանկի մոդել է ներկայացնում։ Նման է իսկական տանկի, հեռախոսի միջոցով կառավարվում է, առաջ–հետ, աջ ու ձախ, նաև վրայի աշտարակն է պտտվում։ Դեռ անավարտ վիճակում է, նախատեսում ենք ստեղծել կրակի էֆեկտ, որ ներկայացվի, թե ինչպես է տանկը կրակում»,– ներկայացնում է Հայկ Համբարձումյանը։
«Պատանիները դեռ դպրոցից պիտի ունենան իրենց առաջարկները՝ զարգացնելու տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով»,-ասում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Շահեն Արաբաչյանը։ Արդեն երկու ամիս Շահենը համատեղությամբ նաև «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին աշխատանոցի խմբավարն է․
««Արմաթը» արտադասարանական կրթություն է ապահովում և շատ օգնում է դպրոցական դասերի գեներացմանը։ Օրինակ, մենք «Արմաթ»-ում աշակերտին որոշակի ինժեներական գիտելիքներ ենք տալիս, իսկ աշակերտը այստեղ օգտագործում է իր՝ երկրաչափությունից և մյուս առարկաներից ստացած գիտելիքները։ Եվ հիմնական խնդիրն այն է, որ պատանիները հենց դպրոցական տարիներից ծանոթանան նորագույն տեխնոլոգիաներին և ունենան իրենց առաջարկները նորագույն տեխնոլոգիաների զարգացման բնագավառում»,– ասում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Շահեն Արաբաչյանը։
«Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի տնօրենի տեղակալ Արթուր Կարապետյանը հիմնավորում է, թե ինչու որոշվեց այստեղ նաև ինժեներական կրթության հնարավորություն ստեղծել։ Վարժարանում «Արմաթ» լաբորատորիայի և «Արմաթն օդում» աշխատանոցի առկայությունը ընդգծում են ռազմամարզական կրթությանը զուգահեռ նաև այլ հմտություններ զարգացնելու կարևորությունը։
««Մոնթե Մելքոնյան» վարժարանն իրականացնում է հանրակրթության 3-րդ աստիճանի բոլոր ծրագրերը, բայց ունենք տարբերություններ, քանի որ սա մասնագիտացված ուսումնական հաստատություն է։ Մենք այստեղ անցնում ենք 9 ռազմագիտական առարկա, ունենք առանձին սպորտային բաժին, որտեղ երեխաները պարապում են խմբակներով։ Ռազմագիտական առարկաները խորացված անցնում ենք, այս առումով տարբերվում է դպրոցական ծրագրից։ Եթե դպրոցում անցնում են մեկ առարկա՝ ՆԶՊ, մենք այստեղ անցնում ենք 9 ռազմագիտական առարկա»,– ասում է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը։

2022-23 ուսումնական տարում արդեն 10-րդ դասարանցիների կրթությունը վարժարանում հանրակրթական նոր չափորոշիչներով կկազմակերպվի՝ ըստ կրթական գերատեսչության ուսումնական պլանի նախագծի։ «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի տնօրենի տեղակալ Արթուր Կարապետյան․
«Տավուշի մարզում փորձարկվում են հանրակրթական պետական նոր չափորոշիչները, վարժարանը ևս ընդգրկված է, կան նոր ծրագրեր նոր մոտեցումներ, չափորոշիչներ, որոնցով մենք այս տարի պետք է փորձարկենք 10–րդ դասարանը»։

Ինչպե՞ս կփոփոխվի Մոնթե Մելքոնյանի վարժարանի կրթական ծրագիրը։ 10-րդ դասարանում կդասավանդվի առնվազն երկու օտար լեզու, մեկը ռուսերեն, մյուսն ընտրովի՝ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն։ 10-րդ դասարանցին ոուսումնական տարում կիրականացնի առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր իսկ ընտրած առարկայից կամ առարկաներից։ Ռազմամարզական կրթություն Մոնթե Մելքոնյանում այստեղ սկսում են ստանալ դեռ վաղ տարիքից, սակայն սա առավելապես հենց սովորողի որոշումն է, ոչ թե ծնողի ուղղորդումը՝ նկատում է ռազմամարզական վարժարանի փոխտնօրենն ու շեշտում՝ իրենց սաներն այստեղ գալիս են մասնագիտական նախասիրության հարցում արդեն հստակ կողմնորոշված։ Ավելանում են աղջիկները․ այս տարի արդեն 13 աղջիկ է դիմել վարժարան։







