
ՀՀ կառավարությունը 3 մլրդ 459 մլն դրամ է տրամադրել չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութեր գնելու համար: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «ՀՀ 2021 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ձեռք բերել 500 հազար դեղաչափ պատվաստանյութ, 250 հազար անձի համար` 2 դեղաչափով:
«Պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է: Եվ մենք 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,- ասել է Ավանեսյանը: Կառավարության որոշման արդյունքում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը կխթանի պատվաստման գործընթացին: «Սա կարևորագույն երաշխիք է աշնանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ունենալ ավելի շատ պատվաստված անձինք»,- ասել է Ավանեսյանը:




