
Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը` հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը: Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը», — Ֆեյսբուքում գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին: Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,- գրել է Ստեփանյանը:




