
Միրզոյանների 11 հոգանոց ընտանիքն այսօր ապրում է Արագածոտնի մարզի Արտենի գյուղում.Արցախի Նոր Վերինշենգյուղից են եկել։ 8 երեխայից 4-ն անչափահաս են: Պատերազմին, որպես պայմանագրայիններ, մասնակցել են հայրն ու 3 որդիները: Մեկը վիրավորվել է հոկտեմբերի 2-ին։ Նոյեմբերի 9-ից Նոր վերին շենը թշնամու վերահսկողության ներքո է։
Գյուղը, որտեղ ապրում է Արցախի Նոր Վերինշենից տեղահանված Միրզոյանների ընտանիքը, օտար չէ: 20 տարի առաջ հենց այստեղից՝ Արտենիից էին նրանք մեկնել Արցախ։ Պատերազմից հետո տեղահանվել են՝ թողնելով 2 տուն, 2 մեքենա: «Կաթիլ-կաթիլ հավաքածը կորցրինք միանգամից»,- ասում է տիկին Գոհարիկը.
«Չեմ կարող բացատրել իմ զգացածը։ Ահավոր վիճակ էր։ Գիտես՝ արդեն քոնը չէ, քոնն է եղել, ու էլ քոնը չէ: Շատ լավ տեղ էր, հարմարվել էինք, նույն բակում 2 տուն ունեինք՝ կողք-կողքի, լավից-վատից ապրում էինք»:

Արամ Միրզոյանը պայմանագրային զինծառայող էր, Օմարի լեռներն էր հսկում, երբ որոշեց ընտանիքով վերաբնակվել ազատագրված պատմական հայրենիքում։ 2001թ աշնանը ընտանիքով հաստատվեցին Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն գյուղում: Ավագ որդին՝ Գեղազնիկը, 9 տարեկան էր, Թաթուլը՝ 7, Առաքելը՝ 5, Աբրահամը՝ 1 տարեկան: Հերոսների անուններ էին տվել որդիներին։ Գոհարիկ Միրզոյանը 4 երեխա էլ Արցախում է ունեցել՝ 3 աղջիկ ու մեկ տղա՝ Հովհաննեսը, Լուսինեն, Նռանեն, Շահանեն: 6-րդ երեխայի ծնվելուց հետո, որպես նվեր, Արցախի կառավարությունը իրենց բակում նոր տուն էր կառուցել: Հող են մշակել, անասնապահությամբ զբաղվել.
«Նայեիր, չէիր ասի, որ դա հող կլինի, մեծ-մեծ քարեր էին մեջը, մաքրել ենք, փորել, հող սարքել ու բանջարեղեն մշակել: Այնտեղ ամեն ինչ աճում էր»։

Գեղատեսիլ Արցախում մեծացած երեխաները հիմա մտքով են միայն հասնում գյուղ, խաղում ընկերների հետ: Երազում են վերադարձի մասին.
«Մեր տան դիմաց մեծ բացատ ունեինք, ֆուտբոլի դաշտ էր, գյուղի ջահելներն ու երեխեքը հավաքվում էինք վոլեյբոլ խաղում, զբաղվում: Մեր տան դիմաց չորս կողմն անտառ էր: Եթե դու չուզեիր նայել անտառին, ինքն էր քեզ նայում, կանաչ էր, գետը հոսում էր մեր տան տակով: Դեռ չենք կարողանում այստեղ վերագտնել մեզ: Այնտեղ ամեն ինչ ուրիշ էր՝ մարդիկ, հասարակությունը, մտածելակերպը: Գյուղում քիչ էինք, ու, կարծես, մի ընտանիք լինեինք: Մարդիկ սրտացավ էին միմյանց նկատմամբ»:

Լուսինեն հազիվ է զսպում հուզմունքը: 12-րդ դասարանում էր, երբ սկսվեց պատերազմը: Դպրոցն ուներ 3 շրջանավարտ, ինքը՝ միակ աղջիկը: Մոր ու ընտանիքի 3 անչափահասների հետ տարահանվել են սեպտեմբերի 27-ին, ժամանակավորապես ապրել Մասիսում, տեղափոխվել Արտենի: Երեխաները հիմա Արտենիի միջնակարգ դպրոց են հաճախում.
«Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին, կապված ենք երեխաների ու ուսուցիչների հետ: Հարվածային եմ եղել։ Որոշել էի դպրոցից հետո սովորել Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, բայց իմ գյուղում մնայի»:
Ամեն օր սպասել են պատերազմի ավարտին, որ տուն դառնան։ 3 եղբայրն ու հայրը պատերազմի դաշտում էին, հավատում էին հաղթանակին.
«Ոնց որ դեռ ուշքի եկած չլինենք, ինձ համար շատ ծանր է: Հնարավոր էր, որ ես կյանքիս մյուս մասն այնտեղ չանցկացնեի, բայց երբ արգելում են քեզ գնալ քո ծննդավայրը, ինչ — որ առարկայի նման դուրս են հանում այնտեղից, ցավոտ է: Ես միշտ երազում էի, որ իմ ողջ կյանքն այդ գյուղում անցներ»։

Գոհարիկ ու Արամ Միրզոյանների 2-րդ որդին՝ 26 — ամյա Թաթուլը հոկտեմբերի 2-ին վիրավորվել էր, վնասվել էին ականջներն ու աչքերը: Հիմա բուժվում է։ Ավագ որդին էլի սահմանին է։ Մայրն ասում է՝ ամիսներով դիրքերից տուն չի գալիս: Արտենիում 11 հոգով ժամանակավորապես ապրում են բարեկամուհու 2 սենյականոց տանը: Արամը մեկնել է արտագնա աշխատանքի, Գոհարիկն օրավարձով գյուղատնտեսական աշխատանքներ է կատարում:
Պատերազմից հետո Արտենին Արցախից տասից ավելի ընտանիք է ընդունել։ Արտենիի վարչական ղեկավար Վաչիկ Գաբրիելյան.
«Ժամանակին 13 ընտանիք ունեինք, կեսը գնացին Ղարաբաղ, մյուսները տեղափոխվեցին այլ բնակավայրեր: Մեզ մոտ մնացել է 2-ը: Սոցիալական աշխատող ունենք, իրենց հետ կապ ունի, գնում-գալիս է, ինչ հարց լինում է՝ մեր հնարավորությունների սահմաններում օգնում ենք»:
Միրզոյանների ընտանիքը Արտենիում մնացած երկու ընտանիքներից մեկն է։ Արցախ գնալու մտադրություն առայժմ չունեն, բայց նրանց խոսակցությունների միակ թեման Արցախն է՝ իրենց Նոր Վերինշեն գյուղը, տունը։




