
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ պարտավորեցնելով Ադրբեջանին վճարել 30,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ 22 ամիս գերության մեջ գտնված Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանին:
Դիմումատուն՝ Բադալյանը, ՄԻԵԴ-ին ներկայացրել է, որ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո 22 ամիս գերության մեջ է եղել տարբեր ռազմական հաստատություններում: Նա պնդել է, որ ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի:
Արթուր Բադալյանը ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության դիմել է ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն:
ՄԻԵԴ-ն էլ միաձայն ընդունել է հայցադիմումը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում -Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի) խախտում: Դատարանը միաձայն պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք- Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով) խախտում:
Եվ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին վճռի վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմումատուին՝ Բադալյանին, վճարել 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ այդ թվում ցանկացած հարկ:




