
Կապան համայնքը այս օրերին վերածվել է ակտիվ շինհրապարակի, որտեղ մի քանի ուղղություններով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ։ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով։
Փողոցների պատշաճ մակարդակը պահպանելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով՝ քաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցներում իրականացվել են ասֆալտաբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքներ։ Շինաշխատանքները ընդգրկել են համայնքի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող Երկաթուղայինների, Շահումյան(կայարանամերձ և աջափնյակ հատված), Մ․Ստեփանյան, Գ․Նժդեհ, Թումանյան, Ա․Մանուկյան, Գր․Արզումանյան, Ռ․Մինասյան, Լեռնագործների փողոցները, Դավիթ Բեկ թաղամասը և դեպի Հալիձոր թաղամասի կամուրջը տանող ճանապարհահատվածը։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 7 906 860 ՀՀ դրամ:
Ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքներ են իրականացվում Մ․Ստեփանյան 20 և Գ․Նժդեհ 12 շենքերի բակային տարածքներում։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 11 792 868 ՀՀ դրամ:
Երկրորդ շնչառություն է ստանում Մ․Պապյան 18 շենքի բակային հատվածը, որտեղ նախատեսվում է իրականացնել սալիկապատման, նստարանների տեղադրման, խաղահրապարակի կառուցման, ինչպես նաև ծառատնկման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 13 534 066 ՀՀ դրամ:
Բարեկարգման հաջորդ հասցեն Ա․ Մանուկյան, Շահումյան, Հ․Ավետիսյան, Սպանդարյան փողոցների հատման կամուրջի (կենտրոնական) մայթերն են։ Այստեղ ևս նախատեսվում է սալիկապատման, եզրաքարերը, բազրիքները և լուսատուները նորերով փոխարինման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 24 800 000 ՀՀ դրամ:
Ա․Մանուկյան 1-ին նրբանցքի թիվ 1/2 հասցեում նախատեսվում է հիմնել նոր մարտարվեստի դպրոց, որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտակա ժամանակներում։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 31 703 970 ՀՀ դրամ:
Բարեկարգման մյուս հասցեն Վահանավանքի թաղամասն է, որտեղ վանքի հարևանությամբ կկառուցվի 4 տաղավար, ինչն էլ իր հերթին կբարելավվի բնակչության ազատ ժամանցի և հանգստի կազմակերպման որակը։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 21 000 000 ՀՀ դրամ:
Մոտակա ժամանակներում իրականացվող աշխատանքներից է նաև Մ․Ստեփանյան փողոցի թիվ 8 շենքի տանիքի նորոգման և Շահումյան փողոցի թիվ 2 շենքի հարևանությամբ տեղադրվող կանգառի աշխատանքները։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 6 306 000 ՀՀ դրամ:




