
Մոսկվան պատրաստ է ողջունել ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միանալու Ֆրանսիայի մտադրությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նաեւ հստակեցրել, որ եթե միջնորդական ջանքերը բերում են կայունության եւ օգնում գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացմանը, ապա դրանք միայն ողջունելի են։ Նա նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման գործընթացը բավական լավ է ընթանում։ Մինչ այդ երեկ Մոսկվայում Պուտին–Ալիեւ հանդիպման ժամանակ երախտագիտության խոսքերի պակաս չի եղել։
Երախտագիտություն՝ ղարաբաղյան խնդրում փոխզիջումային լուծումներ գտնելու համար, -Մոսկվայում կայացած Պուտին–Ալիեւ հանդիպման ժամանակ սա հիմնական շեշտադրումն էր՝ ուղղված Ալիեւին ՌԴ նախագահի կողմից։ Մթնոլորտը ջերմ էր, մեսիջները՝ հարցականներ պարունակող։
Ադրբեջանի ղեկավարը վստահեցրել է, թե հաստատակամորեն են տրամադրված, որ հետպատերազմյան շրջանը առավելագույնս անցավ ընթանա, ինչն իբր ընդհանուր ջանքերով հաջողվում է իրագործել։
Քաղաքագետը Սուրեն Պետրոսյանը այս փոխադարձ գոհունակություն պարունակող խոսքերը, զիջումների մասին ձեւակերպումները դիտարկում է աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում․
«Մենք գիտենք, որ ՌԴ 6-7 ակտից հակամարտություն ունի Թուրքիայի հետ եւ փոխզիջումը պետք է հասկանալ ավելի լայն տրամաբանության մեջ։ Հիշում եք, որ թուրքերը ուզում էին մոնիտորինգ իրականացնել ռուսների հետ միասին, առաջին փորձը եղավ Աղդամում՝ վերահսկողական կետի հիմնումը, որտեղ եթե չեմ սխալվում կա 70 զինծառայող թուրքական բանակից, բայց դրանից ավելին ունենալ չհաջողվեց, Անկարային նման հնարավորություն չտրվեց։ Մենք տեսնում ենք, որ Արցախում ռուսական զորքն է»։
Սրան հաջորդեց Շուշիի համաձայնագիրը, ու հայտարարվեց Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին, ինչը, ըստ քաղաքագետի, երկար ժամանակ Անկարային չէր հաջողվում իրականություն դարձնել։ Սա նշանակում է, որ Անկարան այդ երկրում առաջին անգամ նաեւ ռազմական ներկայություն է ապահովելու, ինչը ռուսական դիրքերի զիջում է նշանակում՝ ըստ Սուրեն Պետրոսյանի։ Նա զարգացումները դիտարկում է նաեւ Բայդեն–Էրդողան հանդիպման համատեքստում․
«Բայդեն–Էրդողան հանդիպման շրջանակում Քաբուլի վերահսկողությունը թողնվեց Թուրքիային։ Այսինքն, ՆԱՏՕ–ն այս տարածաշրջանում որպես իր ներկայացուցիչ թողեց Թուրքիային ու շարժվեց դեպի Չինաստան»։
Սուրեն Պետրոսյանը ասում է՝ պետք է նախ հասկանալ, որ Մոսկվան այլեւս ունակ չէ հարկադրանքի քաղաքականություն վարել եւ սակարկությունների է գնում, Անկարան էլ կարմիր գծերը հետ ու առաջ է անում։
Փոխզիջումների համար Ալիեւին շնորհակալություն հայտնելը ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը բացատրում է մի շարք զիջումներով․
«Ռուսաստանն իրեն դիրքավորել է որպես միջնորդ երկիր եւ ռուսական ազդեցությունը Ադրբեջանի վրա շատ նվազել է, ադրբեջանական բանակի փոփոխությունները դրա վառ ապացույցն են, փոխարենը օր–օրի աճում է թուրքական ազդեցությունը, բայց որպես միջնորդ ՌԴ շարունակում է պահպանել իր դերը։ Ենթադրում եմ ռուս խաղաղապահների տեղակայման հարցում համաձայնության գալը եւս փոխզիջումների համատեքստում պետք է դիտարկել»։
Վերլուծելով իրավիճակը՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եզրակացնում է, որ Ալիեւը գործում է արագ, շտապում է, քանի որ մտածում է՝ շուտով իրավիճակը կկայունանա, թուրք–ադրբեջանական տանդեմը փորձում է Հայաստանից պոկել առավելագույնը ։ Հիմնական թիրախը Սյունիքի միջանցքն է, և Երասխի ուղղությամբ լարվածությունը հենց այդ համատեքստում է, ասում է։ Նրա խոսքով Ադրբեջանը մեկ նպատակի մեկին հասել է․ նա Հայաստանի ներքին կյանքում փոխեց քննարկումների դիսկուրսը՝ «մենք արդեն պաշտպանում ենք Սյունիքը, հիմա նաև Երասխը, բայց ոչ Արցախը»,- նկատում է քաղաքագետը։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ասում է՝ պետք է հստակ իմանալ, որ մեր տարածաշրջանը Թուրքիայի համար շատ կարեւոր նշանակություն ունի, եւ որեւէ զիջման այստեղ Անկարան չի գնա․
«Իրենք երբեւէ չեն թաքցրել, որ ՀՀ իրենց ծրագրերի մեջ չի մտնում, եւ դա գրված է իրենց ռազմավարության մեջ՝ փաստաթղթերում»։
Այս մոտեցումը ամրագրված էր դեռեւս 1918 թվականի թուրքական ռազմավարության մեջ։ Խորհրդային միության ժամանակ դեռեւս Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով միջանցք էր ուզում պոկել Հայաստանից, խոսքը Սյունիքի հատվածով Զանգեզուրի միջանցքի մասին է, բայց Հայաստանը այն ժամանակ զգոնություն դրսեւորեց․
«Այն ժամանակ մեր գիտակցությունը աշխատեց, եւ ամեն ինչ արվեց, որ այդ միջանցքը չտրվի։ Այսօր մենք պարտավոր ենք թույլ չտալ միջանցքի տրամադրում, քանի որ եթե միջանցքը տրվեց՝ հայկական պետականության ամիսները կամ տարիները հաշված են լինելու»։
Երասխի դերը ռազմավարական նշանակություն ունի նաեւ Հյուսիս–հարավ ճանապարհի առումով, ինչը Իրանը կարեւորում է։ Այս լարվածությամբ ուզում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ այդ ճանապարհը անվտանգ չէ։ Իսկ մենք գեթ մեկ արկ չարձակեցինք, օրինակ, Բաքու–Ջեյհանի ուղղությամբ, որ ցույց տանք թե դա ապահով չի լինի Եվրոպայի համար։ Պետք է հաշվի առնել բոլոր կոմպոնենտները,- ասում է քաղաքագետը, հորդորում շտապ վերականգնել առաջին հերթին բանակը, քանի որ մեր անվտանգության երաշխավորը բանակն է։ Պետական ինստիտուտները վերականգնել է պետք, շտապ։ Այսօր լավ գործում են ԿԲ–ն եւ ՄԻՊ–ի ինստիտուտը, սակայն կարիք կա արտգործնախարարության ակտիվ աշխատանքի։ Միջազգային հանրությանը պետք է տեղ հասցնել հայկական շահը, դա պետք է իրագործել նաեւ սփյուռքի միջոցով։
Հուսահատվել պետք չէ, քանի որ ավելի ծանր վիճակներում ենք եղել,-նկատում էքաղաքագետը եւ հիշեցնում՝ պատմությունը լավատեսներին է պատկանում։ Հորդորում է մեր հանգստությունը գտնել պայքարի մեջ։




