
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումներն արդեն մեկ ամիս է՝ վերսկսվել են։ Սա հարմար ուղի է՝ Վրաստանում իրենց հանգիստը ծրագրողների համար։ Այս տարի, սակայն, հանգստի մեկնողները մի շարք այլ խնդիրներ ունեն լուծելու։ Նախ պետք է պարզեն, թե քովիդ-անվտանգության, պատվաստման ու թեստավորման ինչ նոր պայմաններ են գործում ու երբեմն խճճվում են ներկայացվող տարբեր պահանջների մեջ։ Սրանից բացի՝ քաղաքացիները բախվել են նաեւ տոմսերի գների փոփոխությունների․ կայքում նշված է մեկ գին, սակայն երկաթգծի կայարանում արդեն այն ձեռք են բերում այլ գնով։
Վրաստան մեկնող մեր համաքաղաքացիներից շատերը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տոմսերը գնելուց առաջ հաճախ ցանկանում են գնացուցակին ծանոթանալ մինչև երկաթգծի կայարան հասնելը։ Սակայն ոչ միշտ է, որ Հարավկովկասյան երկաթուղու կայքում կամ ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ինչը, բնականաբար, նաև դժգոհության առիթ կարող է դառնալ։ «Ռադիոլուրին» դիմած քաղաքացին վրդովված պատմում է։
«Տոմս գնելու համար կայք եմ մտել հուլիսի սկզբին։ Կայքում պահանջվում է ինֆորմացիա՝ որ երկրից ուր ես գնում, ամիս, ամսաթիվ։ Ըստ դրա՝ ցուցադրում է նաև գումարը։ Մեզ օգոստոսի մեր նշած օրվա համար կայքում ցուցադրեց 35 300 դրամ։ Տոմսարկղերի մոտ տոմսը տպելուց պարզվեց, որ 3000 դրամի տարբերություն կա գումարի մեջ։ Հարցիս, թե ինչով է պայմանավորված կայքում ներկայացված արժեքից նման տարբերությունը, ասացին, որ այնտեղ հին ինֆորմացիա է։ Բայց կայքը երբ բացում ես՝ ամբոջությամբ թարմացված ինֆորմացիա է, բացի գներից , փաստորեն»։
Քաղաքացու բողոքի հետքերով դիմեցինք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն, որի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը պարզաբանեց՝ գները կարող են փոփոխվել, ու դա ընկերության ներկայացուցիչը շատ նորմալ է համարում։
«Կայքում նշված են հիմնական գները․ դրանք կարող են աննշան՝ 2-3 տոկոսի չափով փոփոխություն ունենալ, դա դինամիկ գնագոյացում է կոչվում ու ընդունված է տրանսպորտի ոլորտում ողջ աշխարհում։ Նույն ինքնաթիռի համար որքան ավելի շուտ ես գնում տոմսը, այդքան ավելի մատչելի է լինում»։
Անհարմարություն է պատճառում ոչ միայն սխալ, այլև թերի տեղեկատվությունը, մասնավորապես, կորոնավիրուսի ախտորոշման վերաբերյալ՝ դժգոհում է քաղաքացին։
«Պարզվում է՝ տոմսը գնելուց ինձ պետք է տրամադրվեր բուկլետ, որտեղ գրված են բոլոր այն լաբորատորիաների հասցեները հեռախոսահամարներով, որը տրամադրում են տոմսը գնելու դեպքում միայն, և այս դեպքում քովիդ-թեստը հնարավոր է հանձնել 10.000 դրամ զեղչով։ Այդ թերթիկը կիսվում է։ Մի մասը մնում է իրենց մոտ, մյուս կտորը՝ ձեզ մոտ։ Երեք օրվա ընթացքում կարելի է այդ կտրոնի կեսը ցուցադրել և վերադառնալ ձեր երկիր՝ առանց լրացուցիչ թեստ հանձնելու։ Զանգեցի, հարցրի՝ ինչու ինձ այդ տեղեկատվական թերթիկը չի տրամադրվել, ասացին՝ եկեք, կտրամադրենք։ Այսինքն՝ եթե ես չիմանայի դրա մասին, այնտեղ իրենք չեն տեղեկացնում։
Ընկերության ներկայացուցիչը հաստատում է՝ այո, կա նման առավելություն ընկերությունից տոմսերը գնելու դեպքում։
«Ֆեյսբուքով, մեր կայքով մենք հաղորդագրություն ենք տարածել, մեր քաղաքացիների համար ֆինանսապես ավելի դյուրին դարձնելու համար մեր նախաձեռնությամբ պայմանագիր ենք կնքել և առաջարկում ենք ավելի հարմար պայմաններ։ Եթե քաղաքացին չի տեղեկացվել, սահմանադրական իրավունք չի, որ դրա մասին հատուկ տեղեկացվի։ Դա մեր կողմից առավելություն է, կայքով կտեսնի, թե այլ հայտարարությամբ, ամեն քաղաքացի ինքն է որոշում՝ ինչպես տեղեկանալ»։
Քաղաքացին թյուրիմացության մեջ է ընկել նաեւ, երբ ընկերության կայքում ծանոթացել է, թե Վրաստանն ինչ պարտադիր պայմաններ է սահմանում Հայաստանից իր տարածք մուտք գործողների համար։ Այստեղ տեղադրված տեղեկատվությունը տարբերվել է քաղաքացու՝ Վրաստանի դեսպանատնից ստացածվածից։
«Մեզ տվեցին թերթիկներ, որոնց մեջ կան պայմանները՝ երկիր մտնելուց որ օրն է հանձնվում թեստը։ Թերթիկում բացակայում էին պատվաստված մարդկանց համար սահմանված պայմանները։ Երկու հոգով ինձ ապացուցում են, թե նշանակություն չունի՝ պատվաստվա՞ծ ես, թե՞ ոչ։ Իրականում ես մինչ այդ խոսել էի դեսպանատների հետ, և ինձ պատասխանել էին, որ պատվաստված քաղաքացիների դեպքում հանձնվում է ընդամենը մեկ թեստ»։
Պարզաբանման համար կրկին դիմեցինք ընկերության ներկայացուցչին։
«Անկախ նրանից՝ մարդը պատվաստվել է, թե ոչ, պետք է թեստ հանձնի։ Իրենց մո՞տ պետք է հանձնել, թե ոչ՝ դա մեր խնդիրը չէ»։
Միգուցե ընկերության խնդիրը չէ, բայց կայքի տվյալները պետք է ճշգրիտ լինեն՝ շարունակում է պնդել քաղաքացին ու մատնացույց անում՝ Հարավկովկասյան երկաթուղու էջում նշվում է․ մեջբերում․ «անկախ այն բանից՝ պատվաստվա՞ծ է անձը, թե ոչ, երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը պարտավոր է իր հաշվին անցնել ՊՇՌ թեստավորում»: Հակառակ Հարավկովկասյան երկաթուղու հաղորդագրության՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է՝
պատվաստված քաղաքացիներն ազատվում են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնելու պահանջից: Սակայն միաժամանակ ՀՀ քաղաքացիներին զգուշացվում է՝ քաղաքացին Հայաստան-Վրաստան սահմանային անցակետում ներկայացնում է քովիդի թեստի թղթային տարբերակ, իսկ արդեն Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում քաղաքացին հանձնում է եւս մեկ թեստ, հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 2000 լարիի չափով։




