
Ռոբերտ Քոչարյանը մանդատը չի վերցնի․ նա հայտարարություն է տարածել.
«Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը:Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։
Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։
Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու։Միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին։
Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»։




