
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական հանդիպումներից հետո քննարկումներ է սկսել նաև գործարար շրջանակի հետ։ Այս ընթացքում վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի և այլ գործարարների հետ։ Աֆեյանի հետ, մասնավորապես, քննարկել են Հայաստանի զարգացման համատեղ ծրագրեր։ Փաշինյան շեշտել է՝ եթե Աֆեյանը վստահությամբ է ներդրում անում Հայաստանում, սա կանխորոշում է նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը երկրում:
«Գիտեմ, որ շատ խնդիրներ կան թե՛ երկրի, թե՛ ազգի առջև այս վերջին տարվա ճգնաժամերի հետևանքով: Հուսով եմ, որ կկարողանանք զրուցել ապագայի տարբեր մոտեցումների շուրջ: Այսինքն՝ ինչպես փորձել, որպեսզի կարողանանք ապագան ավելի փայլուն և արդյունավետ դարձնել՝ միասնաբար աշխատելով»,- ասել է Աֆեյանը։
Ավելի վաղ լայնածավալ կապիտալ ներդրումների մասով Փաշինյանը հիշեցրել էր իր խոստումները հարյուրավոր դպրոցների, մանկապարտեզների, տասնյակ ջրամբարների, հազարավոր կիլոմետրերով ճանապարհների կառուցման մասին։ Անխուսափելիորեն դա պետք է ապահովենք՝ շեշտել էր։
«Նաև բիզնեսը պետք է տեսնի այդ խոստումները կատարելու մեր վճռականությունն ու հետևողականությունը։ Կառավարությունը քաղաքական խնդիրն է դնում, իսկ դրանք մեր այսօրվա համակարգերով իրականացվում են մասնավոր հատվածի կողմից, մասնավորապես մրցույթներ են իրականացվում և այլն»,- նշել է Փաշինյանը:

Տնտեսական նախագծերը ընտրությունների շրջանում հիմնականում սառեցվում են, նման իրավիճակ էր այս տարվա առաջին վեցամսյակում։ Հիմա բանակցություններ կան, սակայն սաղմնային վիճակում՝ կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Մասնագետների դիտարկմամբ՝ հայաստանյան տնտեսական համակարգում խնդիրները եւ ենթակառուցվածների բացակայությունը ստիպում են գործարարներին ուղիղ կապ հաստատել պաշտոնյա անձանց հետ․
«Բիզնեսը փորձում է նոր նախագծեր մշակել, բանակցություններ է վարում, փորձում է նաև հանդիպումներ ունենալ պետական այրերի հետ, բայց այդ ամենը դեռ սաղմանային վիճակում է։ Ցավոք, Հայաստանում չկան ներդրումները սպասարկող ինստիտուտներ, հիմա միջին և խոշոր ներդրողն իր ծրագիրը կյանքի կոչելու համար փորձում է հանդիպել վարչապետի կամ Ավինյանի գրասենյակի հետ՝ երաշխիքներ ստանալու համար։ Դրա հետեւանքով մենք տեսնում ենք, որ բիզնեսի որոշումները, նախագծերը դանդաղում են։ Մենք չունենք գործող ինստիտուտներ, որոնք բիզնեսի ձեռքից կբռնեն և այս ընթացքում կսպասարկեն իրենց ծրագիրը, խնդիրները կլուծեն։ Բայց զուտ Փաշինյանի անձով կամ փոխվարչապետերի անձով Հայաստանում խոշորածավալ ներդրումներ չեն կարող լինել»,- ասում է Պարսյանը։
Տնտեսագետի մատնանշած խնդրի կողքին տնտեսական լավատեսությամբ է արտահայտվում խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանը․ հակված են շարունակել լայնածավալ ներդրումները Հայաստանում՝ ասում է: Փաշինյանի հետ քննարկման օրակարգում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի ծրագրերն են, կոնցեսիոն կառավարման տրված «Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայանների զարգացման հարցեր։ Հանդիպումից երեք օր անց «Շիրակ» օդանավակայանում սկսվեց վերանորոգումը։ Էռնեկյանին ներդրումների համար գրավիչ են թվում նաեւ տուրիզմը, օդանավակայանաշինությունը, գինու և խաղողի արտադրությունը։
«Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում», — ասել է գործարարը:

Ներդրողի համար բավարար չեն այսպես ասած «փայ չմտնելու» կառավարության խոստումները, անհրաժեշտ է նաև ներդրողին ծառայություններ մատուցել։ Պետությունը պետք է բիզնեսի համար կադրեր ապահովի, կանխատեսելի հարկային քաղաքականություն մշակի և պայքարի մենաշնորհների դեմ։Հակառակ դեպքում օտարեկրացի ներդրողը խաղից դուրս է մնալու՝ ասում է տնտեսագետ Պարսյանը։
«Վերջին երեք տարում գործող կառավարությունն անընդհատ վերանայել է իր հարկային քաղաքականությունը, հարկային օրենսգրքում անընդհատ փոփոխություններ է մտցրել։ Ներդրողի համար կարևոր է երկարաժամկետ կանխատեղի հարկային օրենսդրությունը, որը չունենք։ Ներդրողը որոշակի ժամանակահատվածի համար պետք է երաշխիք ունենա, որ ներդրումները չեն պակասել , հարկերը չեն նվազելու կամ ավելանալու»։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ Փաշինյանի հանդիպմանը քննարկվել է՝ ինչպես բարելավել տնտեսական միջավայրը։ Օրակարգում էին ներդրումային ծրագրերն ու ապագա նախագծերը։ Մեկնարկած ծրագրերը շարունակական են՝ Կարապետյանն է վստահեցրել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս համատեքստում տնտեսական խնդիրներից մատնանշում է հետեւյալ․
«Հիմա այս կամ այն շինթույլտվությունը ստանալն ամիսներ է տևում, նույնիսկ տարիներ։ Եթե նախկինում միջնորդության կամ փողի միջոցով խնդիրն արագ լուծում էին, հիմա այդ մոտեցումը չկա, բայց խնդիրը ևս չի լուծվում»։
Տնտեսական խորհրդակցությունների ընթացքում Փաշինյանը շեշտում է՝ սրանք միտված են տնտեսական «լավատեսություն» սերմանելուն։ Եւ սա այն դեպքում, երբ նախորդ տարին համաշխարհային տնտեսությունը փակել է 3,4 տոկոս անկումով, իսկ Հայաստանի տնտեսությունն անկում է գրանցել 7,4 տոկոսով՝ կրկնակի ծանր հետեւանքով։ Բայց, տնտեսագետի դիտարկմամբ, 2021թ-ն կարող է ճգնաժամից վերականգնվելու տարի լինել, թեպետ քաղաքական այս անորոշությունը դեռ նոր խոշոր ներդրումներ չի խոստանում։




