ԿարևորՀասարակություն

Քովիդ-պատվաստման «վկայականը»՝ վաճառքի առարկա՞

Պատվաստման պահանջը ստիպել է գտնել առանց պատվաստվելու պատվաստված ներկայանալու ելքեր։ Ներկայում առանց պատվաստվելու չի կարելի ճամփորդել դեպի շատ երկրներ, իսկ առանձին քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, չի կարելի անգամ սրճարան գնալ։ Հայաստանում պատվաստումը փոքր քայլերով, սակայն առաջ է գնում։ Իսկ պատվաստված լինելու «վկայականը» այստեղ, համենայն դեպս, ըստ պաշտոնական տվյալների, դեռ գնել չեն փորձել․առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյան․

«Ցավոք, միջազգային մամուլում նման դեպքերի մենք հանդիպել ենք, որոնք, ուրախությամբ կարող եմ ասել, մեզ մոտ չեն հանդիպել։ Նման հարցերն, իհարկե, իրավապահ մարմինների դաշտում են, բայց նրանք կողմնորոշվում են մեր «թեժ գծ» զանգերով, իսկ մենք նմանատիպ դեպքեր, բողոքներ չենք ունեցել»։

Պատկան կառույցներն՝ ի դեմս առողջապահության նախարարության, անում են հնարավորը՝ պատվաստումը քաղաքացուն ավելի հասանելի դարձնելու համար։ Հուլիսի 18-ի դրությամբ արդեն ավելի քան 131 հազար պատվաստվում է արվել երեք պատվաստանյութով՝ «Կոռոնա վակ», «Աստրա զենեկա», «Սպուտնիկ Վ»՝ ասում է Հռիփսիմե Խաչատրյանը․

«Քաղաքացին կարող է դիմել և պատվաստվել բոլոր պոլիկլինինկաներում՝ անկախ գրանցման վայրից, նաև կարելի է պատվաստվել շարժական կայաններում, որոնք գործում են քաղաքի մարդաշատ վայրերում»։

Քովիդ-պատվաստման շարժական կայաններից մեկն էլ Հյուսիսային պողոտայում է։ Սպասողների հերթը մեծ է։ Պատվաստվել ցանկացողներն ունեն կտրոններ։ Նրանց շարքերում մեր զրույցի պահին որեւէ հայ չկար, թեպետ բժշկուհի Մարինե Միրիջանյանն ասաց՝ այսօր ավելի շատ հայեր են եկել պատվաստվելու, քան օտարերկրացիներ․

«Որոշում ենք հիվանդի ընդհանուր վիճակը, ճնշումն ենք չափում, սատուրացիան, պարզում ենք հարցերի միջոցով՝ ալերգիկ ինչ ռեակցիաներ ունի, դեղերի հանդեպ ալերգիկ է, թե ոչ։ Մինչ այժմ որևէ խնդիր չի եղել, մեկը միայն ճնշում իջեցնող դեղ խմեց, հետո եկավ, չափեցինք, նորմալ էր և պատվաստեցինք»։

Ինչպե՞ս է անձը ստանում հավաստագիր պատվաստվելուց հետո։ Փաստաթուղթը լրացվում է պատվաստումն ստանալուց անմիջապես հետո։ Սերտիֆիկատի վրա նշվում են տվյալ անձի տարիքը, պատվաստման ամսաթիվը, պատվաստանյութի տեսակը։ Նույն պահին պատվաստանյութի սրվակի վրայից պոկվում եւ հավաստագրի վրա է փակցվում տվյալ սրվակի վրա առկա դրոշմապիտակը՝ հետագայում նույնականացնելու համար։

Առողջապահության նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին՝ բացի թղթային տարբերակից, նաեւ էլեկտրոնային  ArmEd համակարգում են պահվում պատվաստվողի տվյալները, նշվում է՝ մե՞կ դեղաչափ է ստացել, թե՞ երկու։ Սա էլ իր հերթին է եւս մեկ միջոց՝ ամբողջացնելու քովիդ-պատվաստում ստացածների հստակ թիվը եւ բացառելու անօրինական միջամտությունները։

Իսկ մինչ նախարարությունը խոսում է նմանօրինակ խնդիրների բացառման քայլերի մասին, մասնագետները չեն մոռանում կրկին զգուշացնել՝ երկու դեղաչափ ստացած քաղաքացին է համարվում լիարժեք պատվաստված։ Պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր հետո արդեն քաղաքացին առանց ՊՇՌ թեստի կարող է ճամփորդել։ Բժշկուհի Մարինե Միրիջանյանն էլ հորդորում է՝ պատվաստվելուց հետո ցանկալի է մի քանի օր աղի օգտագործումը սահմանափակել, շատ հեղուկ օգտագործել և  խուսափել լարված աշխատանքից։

Կարդացեք նաև

Back to top button