ԿարևորՀասարակություն

Պատգամավորնե՞ր, թե՝ մեղադրյալներ․նոր խորհրդարանում աննախադեպ վիճակ է

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով արտահերթ ընտրությունների մասով ԿԸՀ որոշումն անփոփոխ մնաց,  ընտրական հաջորդ փուլերն արդեն պատգամավորների միջև մանդատների բաշխումն են ու խորհրդարանի ձևավորումը։ Ընդամենը մի քանի օրից պատգամավորները հավաքվելու են խորհրդարանում, բայց այնպիսի պայմաններում, որոնք բացառիկ վիճակ են ստեղծել՝ Սահմանադրությամբ չկարգավորված։ Այժմ սահմանադրագետերին ու իրավունքի մասնագետներին նոր փորձություն է սպասվում՝ ճիշտ վերծանել օրենքներն ու իրավական ակտերը։ Խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ պատգամավորի մանդատ են ստանում նաև քրեական գործերով անցնող ու կալանավորված գործիչներ։ Այսպիսի դեպքերի համար որևէ կարգավորում նախատեսված չէ։

Խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է մի իրավիճակ, որին Սահմանադրությունը պատրաստ չէ։ Դեռ պատգամավորական անձեռնմխելիություն չունեցող, բայց ընտրված մի շարք գործիչներ տարբեր քրեական գործերի շրջանակում կալանավորված են, թեև որպես թեկնածուներ նույնպես անձեռնմխելիություն ունեին։   Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ մանդատ ստանալուց հետո տվյալ գործիչների կալանավորման որոշումը վերանայվի․

«Ըստ էության՝ մի քիչ անորոշ է սահմանադրական կարգավորումը, որովհետև Սահմանադրությունը գրելիս չի նախատեսվել իրավիճակ, որ թեկնածուն կարող է հանցագործություն գործել հենց նախընտրական ընթացքում կամ մեղադրյալ լինել և, ըստ էության, այստեղ Սահմանադրությունը մի քիչ բաց է, որովհետև այդ մարդիկ  առաջին նիստին դառնում են պատգամավոր, դա նշանակում է, որ իրենց ազատությունից զրկելու համար պետք է ԱԺ թույլտվությունը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ԱԺ թույլտվություն տալը ժամանակ է տանում։ Այս պայմաններում ինչպես է լինելու, ճիշտն ասած, կդժվարանամ ասել, բայց չեմ բացառում, որ այն անձինք, որոնք կլինեն կալանքի տակ, բայց կդառնան պատգամավոր, չեմ բացառում, որ իրենք մի քանի օր ազատության մեջ հայտնվեն»։

Իոաննիսյանը մի քանի օրվա մասին է խոսում, քանի որ քրեական գործերը չեն կարճվելու՝ համոզված է, պարզապես անհրաժեշտ է արդեն պատգամավոր դարձած անձի կալանավորման որոշում ստանալ Աժ–ից։

Իրենց ազատությունից զրկելու համար պետք էր ԿԸՀ թույլտվությունը, քանի դեռ այդ անձինք թեկնածու էին։

Դա ստացվել է։
Այո, բայց երբ այդ անձինք թեկնածուից արդեն դառնան պատգամավո՞ր։
Այս մի քանի օրվա ընթացքում։
Այո, այո, խոսքը այս մի քանի օրվա մասին է, անհրաժեշտ է լինելու ոչ թե իրենց քրեական հետապնդումը շարունակելու համար, այլ ազատությունից զրկելը շարունակելու համար, այսինքն՝ որպեսզի իրենք մնան կալանքի տակ, պետք է լինելու ԱԺ թույլտվությունը։

Այս մոտեցմանը, սակայն, հակադարձողներ կան։ Վերջին շրջանում կարծիքներ են շրջանառվում, որ որոշ քրեական գործերի քննությունը պետք է կասեցվի, քանի որ քննությունը բախվելու է պատգամավորական անձեռնմխելիության խոչընդոտին։ Իսկ գլխավոր դատախազությունը չի կարող մտնել Ազգային ժողով և պահանջել զրկել այս կամ այն պատգամավորին պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ գործ ունենք արդեն նախապես հարուցված քրեական գործի հետ։ Այս թեզն առաջ է քաշել Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, երբ  դատավոր Աննա Դանիբեկյանը կաշառքի գործով դատական նիստը հետաձգեց մեկ ամսով՝ հայտարարելով, որ Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիությամբ պայմանավորված անհաղթահարելի խոչընդոտներ են ի հայտ եկել քննությունը շարունակելու մասով։ 

Փաստաբանները, սակայն, պնդում են, որ պատգամավորական անձեռմխելիությունն  այս դեպքում խոչընդոտ չէ քրեական գործերի քննության կամ դատավարությունը շարունակելու համար, քանի որ այդ հանցավոր արարքները նրանց կողմից կատարվել են այն ժամանակ, երբ նրանք դեռ պատգամավոր չէին։ Մինչև պատգամավորի երդումը որևէ անձ պատգամավորի կարգավիճակ դեռևս ձեռք չի բերում, պնդում է իրավագետերի մի մասը։ Իոաննիսյանը շարունակում է իր հակափաստարկները․

«Պատգամավորական մանդատը ստանալուց հետո իրենց նկատմամբ արդեն հարուցված քրեական հետապնդումը կարող է շարունակվել առանց ԱԺ թույլտվության, որովհետև մայր օրենքը ենթադրում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ թույլտվությամբ։ Դա նշանակում է  նորը հարուցել։ Արդեն հարուցված քրեական հետապնդումը շարունակելու որևէ խոչընդոտ չկա, և ԱԺ թույլտվության կարիքը չի լինելու քրեական հետապնդումը շարունակելու համար»։

Ինչ իրադարձություններ կծավալվեն խորհրդարանի առաջին իսկ նիստում, սա հասկանալու համար նախ  պետք է պարզել՝  ինչ ժամկետում կգումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանի հաշվարկով՝   հուլիսի 26–ին։  

«Իմ գնահատմամբ՝ անդրանիկ նիստը պետք է հրավիրվի ընտրություններին վերաբերող հիմնական ակտի ուժի մեջ մտնելուց հետո հաջորդող երկուշաբթի օրը։ Քանի որ ՍԴ որոշումը կարելի է դիտարկել որպես վերջնական ակտ, և դրան հաջորդող երկրորդ երկուշաբթին անդրանիկ նիստի օր, այսինքն՝ հուլիսի 26–ն է»։

Այստեղ նույնպես միասնական մոտեցում չկա։ Քանի դեռ չկա ԿԸՀ պաշտոնական որոշումը, և քանի դեռ չեն հանձնվել մանդատները, շրջանառվում է նաև մեկ այլ ժամկետ՝ օգոստոսի 2։  Ով ինչ ժամկետով է հաշվում և ինչով առաջնորդվում՝ հայտնի չէ։

Մեղադրյալ պատգամավորները հիմնականում «Հայաստան» դաշինքից են։ Պատգամավոր դարձող 29 գործչից 6–ը մեղադրվում էքրեական տարբեր գործերով։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կաշառքի գործով։ Նույն գործով անցնում է նաև «Հայաստան» դաշինքի ցուցակի 5-րդ համար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Ցուցակի 8-րդ հորիզոնականից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործից բացի մեղադրվում է նաև «ՁորաՀԷԿ»-ի գործով։ «Հայաստան» դաշինքի մյուս մեղադրյալ պատգամավորը Մխիթար Զաքարյանն է՝ Մեղրիի արդեն նախկին քաղաքապետը։ Նրան մեղադրանք է առաջադրվել  պաշտոնեական դիրքի չարաշահում և այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը թաքցնելու հոդվածով։ «Հայաստան» խմբակցությունից կալանավորված հերթական գործիչը ցուցակի 20-րդ համարն է՝ Իզմիրլյան ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն է։ Մեղադրվում է իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրելու մեջ, որպեսզի  մասնակցեն արտահերթ ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին։ Ցուցակի 22-րդ համարը՝ Դավիթ Սեդրակյանը՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին ևս անցնում է քրեական գործով, որը վերաբերում էր Էրեբունի վարչական շրջանի «Վարդավառ» զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստին: սահմանադրագետ Գոհար Մելոյան։

«Քանի որ կոնկրետ թեկնածուները պատգամավորական անձեռնմխելիություն ունեն որպես թեկնածու, իրավապահ մարմինները ԿԸՀ համաձայնությունն են ստացել որպես հիմք՝ տվյալ մարդկանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար և, կարծում եմ, կստանան մանդատները կամ տեսնենք մինչ այդ այդ գործերը ինչ ելք են ունենում։ Սա ևս լրջագույն խնդիր է, որովհետև միաժամանակ նույն քաղաքական դաշինքի մասին է խոսքը, և սա չի կարող զուտ պատահականություն դիտարկվել և զուտ իրավական դաշտում հարց համարվել։ Ակնհայտ քաղաքական նրբերագներ ունեցող իրավիճակ է։ իմ գնահատմամբ, այստեղ միանշանակ չեն լուծման տարբերակները։ Տվյալ իրավիճակը պետք է լրջագույն քննարկման առարկա հանդիսանա»։

Ստեղծված իրավիճակը չի ենթադրում, որ 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին իսկ նիստին միջնորդություններով խորհրդարան կգնա Գլխավոր դատախազը։ Նախ՝ պետք է տեղի ունենա ԱԺ-ի կազմավորում՝ պետք է ընտրվի ԱԺ-ի ղեկավար կազմը, ձևավորվեն մշտական հանձնաժողովներն ու ընտրվեն դրանց ղեկավարները։ Իսկ սա որոշակի ժամանակ է պահանջում, որի ընթացքում կսկսի գործել պատգամավորական մանդատի «իմունիտետը»։  Ամեն դեպքում, ընտրական եւ հետընտրական շրջանում ականատես ենք լինում իրավիճակների, երբ Սահմանադրությունը ստեղծված բացառիկ խնդիրների համար որեւէ լուծում չի նախատեսել։

Կարդացեք նաև

Back to top button