ԿարևորՔաղաքական

Փորձով և փողով․ ԵՄ–ն փորձում է հաստատվել տարածաշրջանում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համար Հայաստանը նոր բացահայտվող երկիր չէ։ 3 տարի առաջ նա եղել է Հայաստանում որպես Բելգիայի վարչապետ։ Երեկվանից նա կրկին այստեղ է` արդեն որպես Եվրոպական խորհրդի նախագահ։ Փաշինյան–Միշել այսօրվա հանդիպումը վերջին 1.5 ամսվա ընթացքում երկրորդն է։

ԵՄ–ն իր փորձով և նյութական աջակցությամբ փորձում է հաստատվել տարածաշրջանում։ ԵԽ նախագահը հստակ առաջարկներով այսօր Հայաստանում էր, վաղը կլինի Ադրբեջանում։

Որոշ գործոններ խոչընդոտում են բանակցային գործընթացի վերսկսմանը և թույլ չեն տալիս սկսել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։ Փաշինյան-Միշել հանդիպմանը հաջորդած ասուլիսում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հայտնեց նոր տեղեկություններ՝ Ադրբեջանի մտադրությունների մասին․

«Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ–ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները»։

Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Դրա կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում, -հայտարարում է պաշտոնական Երևանը։ Փաշինյանը շարունակում է թվարկել․ գերիների առկայությունը էականորեն խաթարում է համագործակցային մթնոլորտը տարածաշրջանում։ Եվ սա միակ խոչընդոտը չէ․

«Ադրբեջանը այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև՝ ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան–Վրաստան–Ադրբեջան–Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանից հետո ուղևորվելու է Ադրբեջան և Վրաստան․ Բաքվում լինելու է վաղը, Թբիլիսիում՝ երկուշաբթի։ Ասում է՝ ԵՄ–ն ցանկանում է իր ներգրավվածությունն ունենալ տարածաշրջանում։

«Ինչպես հասկացաք՝ վաղը ես նաև հանդիպում ունեմ Ադրբեջանի նախագահի հետ։ Ես կփորձեմ տեսնել, թե ինչ դրական, կառուցողական դեր կարող է խաղալ ԵՄ–ն՝ սատարելու, իհարկե, ՄԽ–ին։ Կփորձենք մեր փորձառությունը ի սպաս դնել։ ԵՄ պատմությունը նույնպես հիմնված է նախկին հակամարտությունների հաղթահարման վրա։ ԵՄ մակարդակով մենք հաջողեցինք, սկզբում դա հեշտ չէր, մենք կարողացանք քայլ առ քայլ առաջընթաց արձանագրել՝ կառուցելու համար այս եզակի քաղաքական ծրագիրը»։

Մինչ տարածաշրջանի մյուս երկրներ այցելելը՝ Երևանում Շառլ Միշելը խոսել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու 4 նախադրյալների մասին։ Դրանց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու հնարավորությունը․

«Առաջին կետը չափավոր հռետորաբանությունն է, փորձել խուսափել հռետորաբանությունից։ Շատ կոնկրետ օրինակ՝ գերիների հարցը վերջին շաբաթների ընթացքում առիթ ենք ունեցել քննարկել ԵՄ այլ գործընկերների հետ, ինչպես նաև՝ ականապատման քարտեզների հարցը։ Հուսով ենք, որ հնարավոր կլինի պատասխանատու և դրական կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ։ Երկրորդ կետը սահմանների սահմանազատումն է։ Հուսով ենք, որ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսությունների գործընթաց սկսել։ Կարծում ենք՝ օգտակար կլինի, եթե վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմերի ԶՈՒ–երը, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել։ Երրորդ կետով, մեր կարծիքով,  հնարավոր կլինի քննարկել համագործակցությունների հարցը, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել։ Եվ չորրորդ կետը՝   կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի արծարծել»։

ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս՝ հակամարտության քաղաքական կարգավորման որևէ այլ տարբերակ չի նշվում, ԵՄ–ն աջակցում է միայն գործող ձևաչափին, իսկ պաշտոնական Երևանը՝ իր համաձայնությունն է տալիս միայն այդ ձևաչափին։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ շատ հզոր ուղերձով է եկել Երևան՝ ցույց տալու համար, որ Հայաստանի կողքին են, պատրաստակամ են անգամ աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ տրամադրել Հայաստանին։ Գումարը պետք է ծախսվի առաջիկա 4–5 տարվա ընթացքում։ Ուղղություններն արդեն ընտրված են, նախնական 5– ի փոխարեն հաստատվել է 7–ը։ Գումարն ուղղվելու է, օրինակ, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Մեծ նշանակություն է տրվելու նորարարությանը և կանանց աջակցությանը, ընդգրկված են նաև գիտության և կրթության ոլորտները, դպրոցների և ջրամբարի շինարարությունը, մայրաքաղաքում գործարկվելու են «Կանաչ Երևան» և «Խելացի քաղաք» ծրագրերը։ Վերջինը ենթադրում է երթևեկության կառավարում՝ արհեստական բանականության միջոցով։

Առանձին ծրագիր նախատեսված է Սյունիքի համար, -ասում է վարչապետի պաշտոնակատարը․

«Շատ կարևորում եմ հարավային շրջանների դիմակայության ամրապնդումը։ Այդտեղ նախատեսվում է իրականացնել 80 միլիոն եվրոյի ծրագրեր։ Ամենատարբեր ենթակառուցվածքների, նոր գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման մասին է խոսքը։ Խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, արոտավայրերին հասանելիության հետ կապված խնդիրներ կան, ենթակառուցվածքների խնդիրներ կան։ Կարծում եմ՝ հարավային շրջանները, հատկապես, տուրիզմի շատ մեծ ներուժ ունեն։ Հաջորդ ուղղությունը Հյուսիս–հարավն է, որը էլի մեծ մասով կապում է հարավային և հյուսիսային շրջանների հետ»։ Բարձրաստիճան հանդիպումներում չեն անտեսվել նաև պատմամշակութային ժառանգության խնդիրները Լեռնային Ղարաբաղում։ Շառլ Միշելը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ դերակատարությունը և հետևողական աշխատանքը:

Կարդացեք նաև

Back to top button