ԿարևորՀասարակություն

Ի՞նչ են հուշում արխիվում պահվող քարտեզները, կամ ինչո՞ւ են խառնվում վարչական ու պետական սահմանները

«Հայաստանը արցախյան առաջին պատերազմի  հաղթանակը  չամրագրեց, մինչդեռ Ադրբեջանը 44–օրյա պատերազմից հետո փորձում է առավելագույնն ստանալ»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է  Կանադայում Հայաստանի Հանրապետության  նախկին դեսպան Արա Պապյանը։ Նա անհիմն է համարել Ալիևի վերջին հայտարարությունը՝ հիշեցնելով, որ  խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները պետական սահմաններ չեն համարվում։

Այսօր, հուլիսի 16-ին Երասխի հատվածում ադրբեջանական կողմը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ: Հերթական ոտնձգությանը նախորդել էր Ալիեւի հայտարարությունը՝ հայկական տարածքների՝  Զանգեզուրի, Սեւանի, Երեւանի նկատմամբ  վերաբերյալ։ Սա  Կանադայում ՀՀ  նախկին դեսպան Արա Պապյանը սպասելի է համարում։ Ասում է՝ Ալիեւը ոգեւորվել է հաղթանակով ու փորձում է առավելագույնը քաղել։ Սակայն նախ պետք է հստակեցնել, թե ինչ իրավական  հիմքի վրա  է կատարվում սահմանազատումը, սահմանները ի՞նչ հիմքով պետք է որոշվեն, ո՞ր քարտեզների հիման վրա՝ Ադրբեջանի սովետական սոցիալիստական  հանրապետության վարչական սահմանների՞,- հարցնում  է Արա Պապյանը։ Հիշեցնում է՝ վարչական շրջանները պետական սահմաններ չեն համարվում․

«Մենք չգիտենք ինչ քարտեզ է ներկայացնելու Ադրբեջանը, բայց այստեղ մի հստակ դիքորոշում կա, որ սովետական վարչական սահմանները չեն կարող հիմք հանդիսանալ միջպետական սահմանների համար, քանի որ վարչական սահմանները երբեւէ չեն եղել միջազգային կարգավիճակի, իսկ Ադրբեջանը  ժամանակին հրաժարվել է դրանից։ Պուտինը եւս մի քանի օր առաջ շատ հստակ ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկա պետական սահման, դրանք ԽՍՀ վարչական բաժանարար գծերն են»։

«Էս սարն իմն է, այս ծառն իմն է» սկզբունքով Ալիեւը մտածում է, թե կարող է տիրանալ հայկական տարածքներին, պոկել առավելագույնը։ Ինչ քարտեզներով է թշնամին փորձում  սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել եւ ինչ քարտեզներ պետք է ներկայացնի հայկական կողմը։

«Պետք է նայենք թե սովետականացումից առաջ ինչ քարտեզներ են եղել։ Միակ իրավական փաստաթուղը դա Ազգերի լիգայի խորհրդի կողմից ստեղծված հանձնաժողովի զեկույց–առաջարկն է 1920 թվականի փետրվարի 24–ի կից իր քարտեզով։  Այն սահմանում է, թե ինչ սկզբունքով պետք է լինի երկու պետությունների միջեւ  սահմանազատումը, այն է՝ էթնոգրաֆիկ տվյալների հիման վրա, այսինքն, ազգային բնակչության տեղաբաշխման հիման վրա, եւ դրա հիման վրա ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Դաշտային Ղարաբաղը, Նախիջեւանը պատկանում են ՀՀ–ին»։ 

Հայկական կողմը, ի պատասխան հիմք չունեցող այս քարտեզների մասին խոսակցությունների, պետք է  միջազգային իրավունքի դաշտ տեղափոխի հարցը եւ լուծի  խնդիրն հօգուտ Հայաստանի,- ասում է դիվանագետը։

Քարտեզագրող Շահեն Շահինյանը մինչդեռ նշում է, թե հարցը  բանակցման թեմա է, եւ կարելի է ցանկացած քարտեզ կիրառել, եթե այն ընդունվի ԱԺ–ի կողմից, կամ հաստատվի հանրաքվեով․

«Կարող են այս աշխատանքներն ընթանալ նաեւ  սովետական վարչատարածքային քարտեզների հիման վրա, եթե այս սկզբունքն ընդունելի լինի երկու կողմերի պատկան մարմինների համար։  Բանակցությունների հարց է։  Իսկ ընդհանրապես հայկական կողմի շահերից են բխում  1920-1930 ականների քարտեզները, դրանք պաշտոնական հաստատում ունեն, ու անկլավներ չկան, Արծվաշենը միանում է Հայաստանին, Ալ լճերը հայկական են»։

Քարտեզագրողը խորհուրդ է տալիս ուսումնասիրել ազգային արխիվի ավելի թարմ քարտեզները եւս։ Դրանք ժամանակինեղել են գեոդեզիայի ու քարտեզագրության ինստիտուտում, որտեղ ժամանակին աշխատել է Շահեն Շահինյանը։ Նրա խոսքով՝ առանց որևէ հիմնավորման ինստիտուտի լուծարումից հետո քարտեզները տեղափոխվել ու պահվում են ազգային արխիվում։ Կան քարտեզներ նաեւ ԳԱԱ–ում։ Շահինյանն ասում է, որ համաձայն դրանց՝ հանրապետության տարածքը 29 հազար քկմ–ից ավելին է։

Քարտեզագետի դիտարկմամբ՝ մտահոգիչ է հարցը, թե այսօր ինչ քարտեզներով են առաջնորդվելու սահմանազատում ու սահմանագծում իրականացնելիս․ նկատում է՝ սահմանագծման գործընթացը գաղտնի է պահվում։

Կարդացեք նաև

Back to top button