ԿարևորՀասարակություն

Սպառողը՝ ՀԷՑ-ի դեմ միայնակ․ հոսանքի տատանումից այս տարի ավելի քան 2000 էլ․ սարք է վառվել

Վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքի տատանումներն ու անջատումները ոչ միայն անհարմարություն, այլև զգալի նյութական վնաս են պատճառում՝ վնասելով տեխնիկան։ Եթե տեխնիկան հոսանքից է վառվել, փոխհատուցում ստանալու համար Հոսանքի տատանումից տուժած բնակիչները նախ պետք է դիմեն Հայաստանի էլցանցեր, ապա սպասեն փորձագիտական եզրակացությանը։ Միայն այս տարի մոտ 2000  քաղաքացի արդեն փոխհատուցում է ստացել։

Մինչ ՀԷՑ-ում հավաստիացնում են, որ դիտարկում են յուրաքանչյու քաղաքացու ահազանգ և դիմում, ու դրանց համարժեք լուծում  է տրվում, սպառողների իրավապաշտպանը հակառակն ապացուցող փաստեր է բերում։ Այո, փոխհատուցվում են, բայց ոչ բոլորը և ոչ համարժեք։

Փչացել են հեռուստացույցը, սառնարանը կամ համակարգի՞չը։ Կարծում եք հոսանքի տատանումնե՞րն են պատճառը։ Դիմել եք արդյոք Հայաստանի էլցանցեր։  Եզրակացությունը, որ տեխնիկայի անսարքության պատճառը հոսանքի տատանումն է կամ անջատումը, միայն ՀԷՑ-ի  փորձագիտական լաբորատորիան կարող է տրամադրել։ 

Հայաստանի էլեկտրական ցանցերը ընկերությունը տարիներ շարունակ բազմաթիվ դիմումներ է ստանում քաղաքացիներից կենցաղային տեխնիկան վնասվելու ահազանգով։ Միայն այս տարի մոտ 2000  քաղաքացու դիմում բավարարվել է ընկերությունում։ Թե քանի դիմումից՝ ընկերության ներկայացուցիչ Նատալյա Սարջանյանը չկարողացավ պատասխանել։ Այդ տվյալները ամսվա վերջին կամփոփվեն՝ ասաց «Ռադիոլուրի» հետ զրույցում։ Բայց, ըստ տվյալների, այս տարի հոսանքի տատանումից տեխնիկայի վնասման համար արդեն աելի շատ փոխհատուցում են տրամադրել, ինչն արդեն մտահոգիչ միտումի մասին է վկայում։

«Բաժանորդը դիմում է ՀԷՑ հատուկ ընթացակարգով, որը նաև էլեկտրոնային ենք դարձրել։  Եթե լարման շեղման հետևանքով որևէ բնակիչ-բաժանորդի մոտ կենցաղային տեխնիկա է վնասվում և հաստատվում է, որ նյութական վնասի պատճառը  հոսանքի տատանումն է, տվյալ տեխնիկան վերանորոգվում է կապալառու համապատասխան կազմակերպության կողմից։ Իսկ եթե կենցսաղային տեխնիկան ենթակա չէ վերանորոգման, ֆինասական փոխհատուցում է տրամադրվում քաղաքացուն։ Տարիներ շարունակ  մենք նմանատիպ դիմումներ ստանում ենք և, կարծում եմ, բոլոր դիմումներին արդյունավետ լուծում ենք տալիս»։

Այո, տարիներ շարունակ մարդիկ վնասներ են կրում հոսանքի տատանումից, բայց ոչ բոլորը և ոչ միշտ են համարժեք փոխհատուցում ստանում՝ նկատում է սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյանը։  

Բազմաթիվ դեպքերում ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել՝ ասում է։ Հիմնական տուժողներն անհատ քաղաքացիներ են, սակայն կան խոշոր տնտեսվարողների գործեր էլ, որոնք ամիսներով դատարաններում են։

«Բարձիթողի վիճակ է։ ՀԷՑ-ն իր լաբորատորիան ունի, որն անգամ առանց հեռուստացույցը բացելու կարող է եզրակացություն գրել։ Պետությունը ձեռքերը լվացել է։ Սպառողը ՀԷՑ-ի հետ միայնակ է մնացել։ Եվ այդ պարագայում ՀԷՑ-ի կամ ՀԷՑ-ի համար աշխատող փորձագիտական խմբերի բարեխղճության վրա հույս դնելը, մեղմ ասած, միամտություն է»։

Նմանատիպ ահազանգեր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն շատ է ստացել։ Խնդիրների այս շղթայում օղակներն այնքան թերի են ու չկանոնակարգված, որ Պիպոյանը հակված է համարել՝ պարզապես իմաստ չունի պայքարել մի բանի համար, որտեղ խաղի կանոնները ՀԷՑ-ն է թելադրում։ Պետությունն այստեղ կարգավորման լծակներ չունի, քաղաքացուն այլ ելք չի մնում, քան ՀԷՑ-ի կողմից դիմումը չբավարարելու դեպքում դատարան դիմել։

Սակայն դատական քաշքշուկների հնարավոր ռիսկը եւ փչացած տեխնիկայի արժեքից ավելին դատական գործընթացում ծախսելու հեռանկարը շատերին է հետ պահում գույքի դիմաց փոխհատուցում պահանջելուց։ Ու այս ընթացքում քաղաքացին մնում է իր խնդրի հետ միանյակ՝ ՀԷՑ-ի երբեմն չհիմնավորված եզրակացությունը ձեռքին։

«Հեռուստացույց էր, որին, առանց այն բացելու, եզրակացություն է գրվել՝ խնդիրը տատանումից չի եղել»։

«Ռադիոլուրի» դիտարկմանը, որ ՀԷՑ-ի կողմից այս տարի արդեն շուրջ  2000  քաղաքացի հոսանքի տատանման հետեւանքով վնասված իր տեխնիկայի համար փոխհատուցում, այնուամենայնիվ, ստացել է, Պիպոյանն իր հերթին է հարցով պատասխանում․

«2000-ը հնչեղ թիվ է, բայց քանիսի՞ց։ 600 հազարի՞ց, 300 հազարի՞ց, 100 հազարի՞ց։ Քանի՞ մարդ է դիմել, քանի՞սն է մերժվել»։

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ իրավահարաբերությունները պետությունը պետք է կարգավորի։ Քանի դեռ տվյալ խնդրի իրավակարգավորմանը պետությունը չի միջամտում, խնդիրն ավելի է ընդգծվելու։ Կանոնները շարունակում է թելադրել ՀԷՑ-ը, ու «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» հայտնի արտահայտությունն այս դեպքում իրական արտացոլում է գտնում։

Կարդացեք նաև

Back to top button