
Կառավարությունը որոշել է կանոնակարգել բավական շահութաբեր մի ոլորտ՝ երկրի ընդերքը։ Այն համարվում է պետության սեփականություն, որից շահույթը, նաև՝ գերշահույթը որևէ կերպ չի անդրադառնում պետության վրա՝ փողերը հոսում են մասնավոր գրպաններ։
Ազգային ժողովի այսօրվա արտահերթի նախագծերից մեկը, կառավարության առաջարկությամբ, հենց այս խնդիրն է լուծում․ընդերքօգտագործողների գերշահույթի մի մասը ուղղվելու է պետբյուջե։ Սա ընդամենը առաջին քայլն է, աշնանը կարվի առավել խոշոր մի քայլ, թեպետ արդեն հնչում են մեղադրանքներ, թե իշխանությունն առաջնորդվում է «քաղաքական» նպատակներով։
Ընդերքից ստացված շահույթի մի մասը շահագործողներից վերցնել և ուղղել պետության զարգացմանը․ այս ուղղությամբ մտածում և արդեն քայլեր է ձեռնարկում գործադիրը․ համապատասխան նախագիծը օրենսդիր կներկայացվի աշնանը։ Փաստորեն, սա ընդերքի յուրօրինակ ազգայնացման ձև է։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյան․
«Նախորդ 30 տարիներին, ընդհանուր առմամբ, ընդերքը կեղեքվել է։ Որոշ երկրներ ունեն նավթ, որոշ երկրներ՝ այլ օգտակար հանածոներ, մենք էլ ունենք այն, ինչ ունենք՝ պղինձ մոլիբդեն, ոսկի, քար։ Անհրաժեշտություն կա, որպեսզի ազգային այդ հարստությունը ճիշտ բաշխվի ժողովրդի և արդյունահանողների միջև»։
Այս պահին խորհրդարան է ներկայացվել միայն պղնձի և մոլիբդենի արտահանմանն առնչվող նախագիծ։ Համապատասխան օրենսդրական փոփոխությամբ արտահանման լիցենզիոն տուրք է սահմանվելու պղնձի և մոլիբդենի խտանյութի համար՝ այսօր գործող շուկայական գների մոտ 15%-ի չափով։
Նախագծի քողարկված, «քաղաքական» նպատակների մասին ահազանգողներ արդեն կան։ Կառավարության նախաձեռնությունը կապում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ԱԱԾ-ի՝ երեկ իրականացրած գործողությունների հետ․
ԱԱԾ-ի աշխատակիցների երեկվա գործողությունների «քաղաքական» ենթատեքստի մասին է խոսում «Իմ քայլ»-ի ցուցակով պատգամավոր դարձած, խմբակցությունից դուրս եկած, այժմ «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը․
«Մտել են կոմբինատ և բերման են ենթարկում մարդկանց, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի կամ մեկ այլ ընդդիմադիր դաշինքին սատարելու համար։ Ինչ–որ ցուցմունքներ են կորզում, որն, իհարկե, անհասկանալի է, մարդիկ ահ ու սարսափի մեջ են։ Սա պետք է ընկալել որպես անձնական վրեժխնդրություն։ Բնականաբար, քաղաքական շարժառիթ այս ամենում տեսնում եմ, որովհետև ընտրությունների ընթացքում ամենևին էլ չեն թաքցրել, որ նման ենթատեքստերով են առաջ շարժվելու»։
Ինչ նպատակների մասին են խոսել նախընտրական շրջանում, նախագծի քննարկման ընթացքում հիշեց նաև իմքայլական Սիսակ Գաբրիելյանը․
«Այս նախագիծը տարիներ շարունակ սպասված է եղել, հանրությունը մշտապես խոսել է ընդերքը կեղեքելու մասին, բայց տարիներ շարունակ ոչ այս նախագիծը, ոչ նմանատիպ այլ նախագիծ, որը կենթադրեր այդ հանքերի շահագործողների եկամուտների թեկուզ չնչին նվազեցում, չի բերվել։ Կարծում եմ՝ մի պարզ պատճառով՝ այդ հանքի սեփականատերը դահլիճի այս հատվածում է նստած եղել ժամանակին և, բնականաբար, սեփական գրպանին չհարվածելու համար նախագծեր չի բերվել։ Սա նախընտրական շրջանում ՔՊ-ի տրված խոստումներից գուցե առաջինն է, որ ի կատար է ածվում։ Իմ կարծիքով, մենք ազգայնացնում ենք կամ էլ ավելի ենք ազգայնացնում ՀՀ ընդերքը, որը յուրաքանչյուրիս սեփականությունն է»։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայաստան» դաշինքի «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն արդեն խոսել է կոմբինատի խնդրիների մասին․
«20 միլիոն դոլար չի մտել Հայաստան այս 12 օրվա ընթացքում, և դա մեր երկրի այս վիճակում կարող է բերել տարադրամի կուրսի տատանման, եթե այսպես շարունակվի»։
Կամբինատի ղեկավարությունը պետական եկամուտների կոմիտեին է մեղադրում, որ առանց հիմնավորման խոչընդոտում են պղնձի խտանյութի և ֆերոմալիբդենի արտահանմանը։ Ընկերությունը ստիպված բեռնաթափել է 140 տոննա ֆերոմոլիբդեն, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցվել է։ Պղնձի խտանյութով բարձված 75 երկաթուղային վագոն սպասում է մաքսային մարմինների թույլտվությանը։
Էկոնոմիկայի նախարարությունում հաշվարկել են, թե պղինձն ու մոլիբդենը ինչ օգուտներ կարող են բերել պետությանը։ 15%-ի ավելացող տուրքը անհրաժեշտ է բյուջեին, միաժամանակ՝ չի խփի տնտեսվարողի գրպանին, -հիմնավորում է Քերոբայնը՝ բացառելով նախագծի «քաղաքական» ենթատեքստը։
«Այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մի տնտեսվարողի համար։ Պղնձի գները անցած տարվա 6 հազար դոլար մեկ մետրիկ տոննայի համար այժմ գտնվում են մոտավորապես 9200–9300 դոլարի սահմաններում, իսկ մոլիբդենի գները անցած տարվա միջին 24 հազարի փոխարեն այժմ 41 հազար դոլարի սահմաններում են։ Այսինքն, այս ավելացումը, ըստ էության, թույլ է տալիս, որպեսզի ավելացված մասի մի հատվածը մենք վերցնենք»։
Կառավարության հաշվարկներով՝ այս միջոցառմամբ մոտակա 6 ամիսներին պետբյուջե կմուտքագրվի մոտավորապես 35 միլիարդ դրամ։ Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հաշվարկներում ավելի հեռուն է գնում․
«Թվերի լեզվով եթե խոսենք, շատ հետաքրքիր տվյալներ կունենանք։ Եթե ասում ենք, որ 2020 թվականին արտահանել ենք 511 հազար տոննա պղինձ և առնվազն 1 տոննա խտանյութի մասին է խոսքը, այսինքն՝ մենք ունենք 2.5 միլիարդ դոլարի արտահանում։ Դա շատ մոտ է մեր բյուջեին։ Այսինքն՝ պղնձի խտանյութը կարող է մեր երկրի տնտեսությանը այնքան մեծ օգուտ բերել, եթե մենք դա թողնենք ոչ թե մեկ ընկերության շահագործմանը, այլ ստեղծենք առնվազն մրցակցային հնարավորություններ գոնե վերամշակման համար»։
Ընդերքօգտագործողների նկատմամբ պետության նման մոտեցում գործում է, օրինակ, Ռուսաստանում, Չիլիում։ Հայաստանի կառավարության նախաձեռնությունը հիմնավորելու համար «Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանը մեջբերում է Հայաստանի անկախության հռչակագրի 7–րդ կետը․ «ընդերքը, ջրային, օդային տարածքը Հայաստանի ժողովրդի սեփականությունն են»։
«90-ականների և հատկապես 2000–ականների սեփականաշնորհման արդյունքում որոշակի անարդարություն էր ձևավորվել, և, այո, այս օրենքի նախագծով մենք այդ անարդարությունն ենք վերացնում։ Մինչև այս փոփոխությունը այս բիզնեսի համար Հայաստանը համարվել է աշխարհում ցածր հարկային դաշտ ունեցող երկրներից մեկը։ Եվ այս առումով կարծում եմ, որ տարեկան 70–75 միլիարդ դրամը հսկայական նոր հնարավորություններ կարող է ստեղծել։ Օրինակ՝ նույն աշխարհի առաջատար պղինձ արտահանող Չիլին ունի ֆոնդ, որտեղ 11 միլիարդ դոլար գումար է հավաքված, մենք նույնպես ավելի համեստ գումար կարող ենք ունենալ, որը Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր հենք կլինի»։
Որոշ երկրներում ընդերքից ստացված եկամուտները հավաքվում են հատուկ ֆոնդերում՝ զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Այս տեսանկյունից հարցը կքննարկվի, գուցե, աշնանը, իսկ այսօր Ազգային ժողովը 15%–ը պետտուրք սահմանող նախագիծն ընդունեց՝ առայժմ պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման համար։




