
Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարվել էր պաշտոնից՝ հիմնավորմամբ, թե «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել է պատգամավոր։
Այսօր, գործող կարգի համաձայն՝ եռօրյա ժամկետում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է 46-ամյա նշանակել իրավագետ Արարատ Թումանյանին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածաշրջանի պատասխանատու, մասնագիտությամբ իրավագետ Արարատ Թումանյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Արարատ Թումանյանը խոստովանեց՝ հեշտ աշխատանք չի սպասվում, խնդիրները շատ են․
«Խնդիրներներին ծանոթ եմ։ Ունենք ոռոգման ջրի խնդիր։ Մեղրին մրգաշատ շրջան է, չորանոցների հարցը պիտի առաջ քաշենք։ Ես ունեմ սեփական արևային շահագործման կայան, ուզում եմ դա զարգացնեմ, որ էկոլոգիապես մաքուր էներգիա ստանանք։ Նոր աշխատատեղերի խնդիր ունենք, նորապսակ երիտասարդներին բնակարաններով ապահովվելու խնդիր ունենք։ Նաև կուզեի շեշտը դնել սպորտի զարգացման վրա»։
Մեղրու միջանցքի մասին առայժմ ոչինչ չի կարող ասել։ Որոշումը կա, բայց դեռ համայնքապետարան չի մտել։ Հայաստանի հարավային դարպաս համարվող համայնքի ղեկավարը անվտանգային ու սահմանային խնդիրների իր պատկերացումներն ունի։ Արարատ Թումանյան․
«Ես ռազմաքաղաքագետ չեմ, բայց ունեմ սեփական սուբյեկտիվ կարծիքը։ Անվտանգային հարցրերի լուծում՝ գտնում եմ, որ պետք է Հայաստանը տնտեսապես զարգացած պետությունների կապիտալ ներդնի այստեղ։ Նաև սահմանները պիտի ամրապնդենք՝ նորագույն սպառազինություններով։ Մնացած հարցերը, կարծում եմ՝ Պաշտպանության նախարարության և այլ իրավասու կառույցների խնդիրն է, որոնք, վստահ եմ, անում, են ամեն ինչ, որ ժողովրդի անվտանգությունը լինի կատարյալ մակարդակի վրա»։
Հունիսի 20-ի ընտրություններով ընտրողները Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին տվեցին պողպատե մանդատ։ Ինչպե՞ս է օգտագործելու այդ մանդատը քաղաքական թիմի անդամ Արարատ Թումանյանը․
«Պողպատե մանդատը ես տեսնում եմ օրենքի ուժով, մեր երկրի բոլոր օրինզանցները պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն։ Էլի եմ կրկնում՝ անվտանգության հարցերում տեսնում եմ օրենքի գերակայություն։ Օրենքի առաջ բոլորը պիտի հավասար մակարդակի վրա լինեն, նաև սա է ապահովելու մեր քաղաքական հարցերի լուծումը»։
Կադրային ջարդ համայքապետարանում չի լինի, բայց Արարատ Թումանյանը համոզված է՝ այն անձը որ պաշտոնեական դիրքը չարաշահում է, չպիտի աշխատի։ Ընդհանուր առմամբ, Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը լավատես է, ասում է՝Մեղրիում ապագա կա, լա՛վ ապագա։




