ԿարևորՀասարակություն

«Հյուսիս-հարավ» ճանապարհը՝ ճանապարհի կեսին

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների երթեւեկելի գոտիներից մեկի երկշերտ ասֆալտապատումը կավարտվի սեպտեմբերին։ Ասֆալտի երրորդ շերտը կտեղադրվի ճանապարհը շահագործման հանձնելուց անմիջապես առաջ։

Ի տարբերություն մյուս տրանշների՝ այս հատվածները ոչ թե բետոնե, այլ ասֆալտե ծածկ են ունենալու։  Ընտրությունը պատահական չէ, հիմքում քրեական գործերով հայտնաբերված   խախտումներն են, որոնք  հիմնականում վերաբերել են հենց այս ճանապարհի կառուցման ժամանակ կիրառվող բետոնի որակին։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյան։

«Մաստարա  համայնքին  հարող ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար, շինարարությունը տեղափոխվել է մյուս երթևեկելի գոտի»։

«Հյուսիս-հարավի» կառուցումը  ձգձգվում է,  ժամկետերից  շեղվել է։ Ճանապարհի կառուցումն արդեն պետք է ավարտված լիներ։ Հապաղման պատճառները բազմաթիվ են՝ համավարակ, մայրուղու կառուցմանը վերաբերող քրեական գործեր:  Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների  նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի առաջին կանգառը  Թալին-Լանջիկ հատվածում էր։

«Կարծում եմ, որ այս տարի մենք կկարողանանք մեր նախանշած 50 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտին հասցնել։ Տարվող աշխատանքների տեմպը հույս է ներշնչում։ Այս պահին ավարտվել է 24 կմ  երկշերտ ճանապարհի կառուցումը»։

Մյուս կողմից ներկայում քննարկվում է Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի կառուցման հարցը։ Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ դա մեծապես կախված է  վրացական կողմից: 

«Կառուցումը պետք է լինի փոխադարձ պայմանավորվածությամբ, որպեսզի հնարավոր լինի հասնել Սև ծովի նավահանգիստներ»:

Եվրամիությունը  նույնպես  ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը: Խոսքը բավականին մեծ գումարի՝ շուրջ 600 մլն եվրոյի մասին է։  

«Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ՝ ինչպե՞ս, ո՞ր խողովակով կատարել մեր հետագա աշխատանքները»,- նշեց Պապիկյանը:

Անկախ Եվրամիության աջակցությունից՝  որոշում կար Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինաշխատանքների մրցույթ հայտարարել․ փաստաթղթերն արդեն պատրաստ են: Ֆինանսավորման հարցերն այս մասով դեռ հստակ չեն։ Պապիկյանի խոսքով՝  հավանաբար կառավարությունը կհատկացնի գումար։   

Սուրեն Պապիկյանի այցը միայն  Լանջիկ-Թալին հատվածով չսահմանափակվեց։  Արդեն Գյումրիում  շրջայցը սկսեց Մայակովսկի  փողոցից, որի հիմնարկեքի արարողությանը մասնակցել էր անցած տարի։ Կատարված աշխատանքից գոհ էր։

Այս պահին Գյումրիում 23 փողոց կառուցվում է ՎԶԵԲ (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի) միջոցներով, 9 փողոց էլ շուտով սուբվենցիոն ծրագրով կկառուցվի։ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի բաժնի պետ Կնյազ Մանասյան. «Երեք ու կես մլրդ  դրամ կհատկացվի ՎԶԵԲ-ի ծրագրով,  մոտ 950 մլն էլ սուբվենցիոն ծրագիրն է։

Միայն այս տարի Գյումրիում մոտ 20 կիլոմետր նոր ճանապարհ կկառուցվի ու կվերակառուցվի, ինչը Գյումրիի փողոցների 10 տոկոսն է։

Տարածքային զարգացման և ենթակառուցվածների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան. «Սրանք ընդամենը առաջին քայլերն են»:

2012-ին մեկնարկած «Հյուսիս-Հարավի» ընդհանուր երկարությունը ավելի քան 550 կիլոմետր է, սակայն վերջին տարիներին դրա ընդամենը 31 կիլոմետրն է շահագործման հանձնվել, թեև ըստ նախնական ծրագրի, արդեն պետք է պատրաստ լիներ։

Կարդացեք նաև

Back to top button