ԿարևորՀասարակություն

Պաշտոնյաների «տեղապտույտ» կառավարությունում․ որն է հին դեմքերի ֆենոմենը

Սահմանադրական դատարանը դեռ քննում է արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, և մինչև չհրապարակվի դրանց վերաբերյալ ՍԴ որոշումը, ոչ խորհրդարանը, ոչ կառավարությունը չեն կարող ձևավորվել։ Նախատեսվում է, որ ՍԴ որոշումը կհրապարակվի հուլիսի 17-ին։

Մինչ այդ, իշխանութան ներսում արդեն սկսվել են քննարկումները օրենսդիրում և գործադիրում պաշտոններ բաժանելու շուրջ։

Հետընտրական առաջին նշանակումը երեկ արվեց։ Կառավարությունը որոշեց 3 տարվա ընթացքում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած նախկին պաշտոնյային նշանակել նոր պաշտոնի։

Գործող իշխանության մեջ կա պաշտոնյա, որը 3 տարվա ընթացքում արդեն 10-րդ պաշտոնն է զբաղեցնում։ Ո՛չ նրա, ո՛չ որևէ այլ պաշտոնանկության պատճառ հանրությանը երբեք չի ներկայացվել, չի ներկայացվել նաև որևէ հիմնավորում, թե աշխատանքից ազատված պաշտոնյան ինչու է նշանակվում մեկ այլ պաշտոնում։ Այդպես էր մինչև հեղափոխությունը,  այդպես է նաև հեղափոխությունից հետո, թեև իշխանություն ձևավորող  շարքային քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե ինչ տրամաբանությամբ են փոխատեղվում պաշտոնյաները։

Օրինակ, Արգիշտի Քարամյանը, որն ի թիվս այլ պաշտոնների, եղել է ԱԱԾ տնօրեն ու փոխտնօրեն, Հատուկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այս պահին վերջին պաշտոնը ստացել է դարձյալ Հատուկ քննչական կոմիտեում, այս անգամ՝ կոմիտեի նախագահ։ Շատերին 10-րդ՝ «հոբելյանական» նշանակումը անհասկանալի թվաց։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց․

«Սա ցույց էր տալիս, թե ինչ անլուրջ է վերաբերվում իշխանությունը Հայաստանի գլխավոր նախաքննության մարմնին, որ Քննչական կոմիտեն ընդամենը միջանկյալ, հերթապահ օղակ էր, կեղծ ձևակերպումների, թղթաբանությունը ապահովելու համար, յուրօրինակ «շտռաֆբատ» այն հավատարիմների համար, որոնք ավելի լավ պաշտոններում իրենց ճիշտ չեն դրսևորել, և հիմա աքսորված են այդ երկրորդական մարմին»:

2018–ի թավշյա հեղափոխությունից հետո չվերափոխված համակարգ է համարվում նաև պետական կառավարման համակարգը։ Հարվարդի համալսարանում հանրային կառավարման գործը յուրացրած Հովհաննես Ավետիսյանը բացատրում է՝ ժողովրդի իրավունքն է տեղեկացված լինել իր կառավարությունից․

«Գործադիր մարմնի գործունեության օրենսդրական մեծ համակարգ կա՝ Հանրային ծառայության մասին օրենք, Քաղաքացիական ծառայության մասին օրենք, որտեղ սահմանվում են բոլոր այն դրույթները, դեպքերը և պատճառները, որոնցով մարդկանց աշխատանքից ազատում են, ընդունում են աշխատանքի։ Եվ այդ պրոցեսը՝ լավ կառավարման գործառույթ կոչվածը, նախատեսվում է, որ հանրային լինի։ Այսինքն՝ հանրային և թափանցիկ գործընթացի արդյունքում է, որ մարդիկ իմանում են, թե ինչու, որ ունակությունների և գիտալիքների համար տվյալ մարդը նշանակվեց որևէ պաշտոնում և ինչ խնդիր է լուծելու, և երբ նա ազատվում է տվյալ պաշտոնից, ապա որն էր պատճառը։ Որ շատ պրպտենք, կան դրույթներ, որոնք պարտադրում են համակարգին, որպեսզի թափանցիկ և հաշվետվողական գործի»։

Հետընտրական այս փուլում իշխանական գործիչներն ակտիվորեն պաշտոններ են «բաշխում»  օրենսդիր և գործադիր մարմիններում։ Եթե ամփոփենք լրատվամիջոցների վկայակոչած սեփական աղբյուրների տեղեկատվությունը, ապա ստանում ենք հետևյալ պատկերը․ որևէ նոր նշանակում և նոր դեմք ո՛չ խորհրդարանում, ո՛չ կառավարությունում չենք տեսնի։ Պաարզապես նախատեսվում է պաշտոնյաների փոխատեղում։

Ինչո՞ւ չի ներգրավվում մարդկային նոր ռեսուրս՝ հանրային կառավարման փորձագետը 3 հիմնավորում ունի․

«Գաղափարական առումով՝ այս կառավարությունը ասում է, որ «իզմերի» կողմնակից չեն, ծայրահեղ լիբերալ մոտեցում ունեն կառավարման մեջ, ինչը սոցիալական պետության գաղափարախոսությանը հակադրվում է շատ հարցերում և գիտակից ու կրթված կառավարչական կարողություն ունեցող մարդկանց մոտ տարակուսանք է հարուցում, և նրանք ուղղակի չեն ցանկանում նման համակարգի մեջ ներգրավվել։ Երկրորդն այն է, որ անարդյունավետ կառավարվող, հիմնականում միանձյա որոշումների արդյունքում նույնիսկ լավ ռեսուրսը՝ եթե լինեին այդ մարդիկ, հնարավոր չի լինում դնել նպատակային օգտագործման։ Երրորդ պատճառը, կարծում եմ, որ նոր է, դա պարտված պատերազմն է։ Կարծում եմ, դա նույնպես գործոն է, որպեսզի շատ մարդիկ հրաժարվեն նրանց հետ համագործակցելուց։ Սրանք հիմնական պատճառներն է, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ընտրել արդեն իր հետ համագործակցած անհատներից և ուղղակի ու անուղղակի քաղաքական նպատակադրումներից ելնելով՝ դերերի վերաբաշխում է անելու և այդպես շարունակ»։

Հանրային և պետական կառավարման լավագույն միջազգային փորձը եվրոպական և սկանդինավյան պետություններում է, -ասում է Հովհաննես Ավետիսյանը։ Եթե համեմատվում ենք այդ երկրների հետ, ապա պետական կառավարման համակարգում տեսնում ենք մեկ այլ կարևոր խնդիր․

«Այնտեղ մաքսիմալ կերպով պետական կառավարման համակարգը հաշվետու է հանրությանը՝ ոչ միայն ում է նշանակում և ազատում, այլ որ ոչ պակաս կարևոր է՝ հանրային միջոցը՝ հարկերից, հարկ վճարողներից, քաղաքացիներից հավաքագրված միջոցները ինչի՞ վրա են ծախսվում և արդյո՞ք նպատակային են ծախսվում։ Մենք բացի կադրային քաղաքականությունից ունենք հանրային ռեսուրսի ծախսման, թափանցիկության և հաշվետվողականության շատ մեծ խնդիր»։

Հայաստանի նոր կառավարության կազմում, ըստ որոշ տեղեկությունների, կարող են հայտնվել գործիչներ, որոնց աշխատանքից նախկինում դժգոհություն և նույնիսկ պարզաբանում տալու անհրաժեշտություն է եղել հենց իշխանության ներսում։ Արդեն իսկ կան նախադրյալններ, որ այս անգամ էլ կպահպանվի առանց հիմնավորման աշխատանքից ազատելու–նշանակելու ավանդույթը։

Նոր կառավարության ձևավորմանելու պաշտոնական մեկնարկը կախված է Սահմանադրական Դատարանից։ Մինչև ՍԴ-ն չհրապարակի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով իր որոշումը, խորհրդարանն ու կառավարությունը չեն ձևավորվի։ Նախատեսվում է, որ ՍԴ որոշումը կհրապարակվի հուլիսի 17-ին։

Կարդացեք նաև

Back to top button