ԿարևորՀասարակություն

Սյունիքի անղեկավար համայնքները․ մարզում այլևս համայնքի ղեկավարի ընտրություն չի անցկացվի

Սյունիքի մարզի մի քանի համայնքներ այս պահին փաստացի չունեն ղեկավարներ։ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է։ Կալանավորված են նաև Գորիսի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ու Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը։

Սյունիքի մի քանի համայնք՝ այս պահին փաստացի մնացել են առանց ղեկավարի, բայց Սեյրան Ավետիսյանը չի կիսում դիտարկումը, թե համայնքները ղեկավար չունեն։ Մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը տեղեկացնում է՝ այս պահին միայն Տաթև գյուղում է համայնքապետի պաշտոնակատար նշանակվել։ Ընտրություններն այստեղ հետաձգվել են համավարակի, արտակարգ ու ռազմական դրության պատճառով։ Հուլիսի 9-ին էլ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն է ավագանու նիստում հրաժարական ներկայացրել։

Սեյրան Ավետիսյան․ «ՏԻՄ օրենքի համաձայն, հրաժարականը ուղարկվել է վարչապետին և տարածքային կառավարման նախարարին։ Քանի որ Մեղրին քաղաքային բնակավայրեր ունեցող համայնք է, ապա վարչապետը պիտի նշանակի պաշտոնակատար՝ եռօրյա ժամկետում»։

Մեր դիտարկմանը, թե մարզպետն է առաջարկում համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, Սեյրան Ավետիսյանն ասաց․ «Ոչ, միանշանակ ասվում է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, բացառապես գյուղական համայնքներից կազմված բազմաբնակավայր համայնքների ղեկավարների պաշտոնակատարներին նշանակում է մարզպետը»։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Այս դեպքում կնշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Սեյրան Ավետիսյանին․ ««Քրեական դատավարության» օրենսգրքի համաձայն, աշխատողի  լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը ուղարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր։ Որոշումը ստանալուց հետո գործում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգավորումները, այն է՝ նշանակվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։

Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին նույնպես նշանակելու է վարչապետը, սակայն որոշումը դեռ չի ուղարկվել վարչապետի աշխատակազմ, քանի որ Մանվել Փարամազյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։

Սյունիքի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ այլևս չեն անցկացվի։ Դա բխում է «Ընտրական օրենսգրքի» վերջին փոփոխություններից։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպվելու են համամասնական ընտրակարգով, ընտրվելու են ավագանու անդամներ․

««Ընտրական օրենսգրքի» վերջին փոփոխություններից հետո, մինչև 4000 բնակչություն ունեցող համայնքում մեծամասնական ընտրակարգով են անցկացվելու ընտրությունները։ Սյունիքի մարզում միայն Գորայքն է այդպիսին։ Մնացած համայնքներում անց են կացվելու համամասնական ընտրակարգով»։

Այս տարի Սյունիքի մարզում, բացի Տաթևից և Մեղրիից, ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Տեղ և Գորիս համայնքներում։ Իսկ հուլիսի 14-ին մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է Գորիսի քաղաքպետ Աոռւշ Առուշանյանի դատավարությունը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Կարդացեք նաև

Back to top button