ԿարևորՔաղաքական

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունն ածանցյալ վտանգներ ունի

Եռակողմ համագործակցությունը Անկարայի, Բաքվի և Թբիլիսիի միջև տարիներ շարունակ ուղղված է եղել Վրաստանի համար ենթակառուցվածքների, նավթագազային և երկաթգծային նախագծերի իրականացմանը։ Համագործակցությունը Վրաստանի համար հստակ խնդիրներ լուծելու միջոց է, որոնց թվում վրացագետ Ջոնի Մելիքյանը չի դիտարկում ռազմական բաղադրիչը։ Անկարայում ըմբռնմամբ են մոտենում Վրաստանի սահմանած կարմիր գծերին, թեև դժգոհ են,- կարծում է Մելիքյանը:

«Տարբեր տարիների տարբեր պետությունների տարածքում են տեղի ունենում զորավարժությունները, դրա համար այս զորավարժություններով հստակ այս հարցերն են լուծվում։ Ռազմական համագործակցության ավելի ընդլայման կամ խորացման միտում այս ֆորմատի մեջ չեմ տեսնում»։  

Մելիքյանը հիշեցնում է դեռևս 1990-ականներին ձևավորված վրաց-թուրքական համագործակցությունը։ Դրա շրջանակում թուրքական կողմը տարեկան սիմվոլիկ գումար է հատկացնում Վրաստանի ուժային պոտենցիալի զարգացմանը, օրինակ՝ որևէ զորամասում վերանորգման աշխատանքներ իրականացնելու համար։ Մասնագետի գնահատմամբ՝ այս համագործակցությունը ևս սիմվոլիկ է, և Հայաստանի համար ռիսկեր չի պարունակում։ Այսքանով վրաց-թուրքական համագործակցությունը չի ավարտվում, երկու պետությունները նաև ՆԱՏՕ-ի ծրագրերին են մասնակցում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ Վրաստանը շարժվում է եվրոատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով միանալ ՆԱՏՕ-ին։ Վրաստանը հենց այս ուղեծրում է դիտարկում Թուրքիայի հետ համագործակցությունը։

Image

«Մի կողմից՝ առևտրային համագործակցություն է, Թուրքիան վերջին 15 տարիների ընթացքում Վրաստանի համար մեկ առևտրային գործընկերն է։ Մյուս կողմից՝ Թբիլիսին հստակ ֆիքսում է՝ կարմիր գծից  դուրս է գտնվում այս ամենը։ Ռազմական համագործակցությամբ հստակ հարցերի պատասխան տալը  կամ հարցերը լուծելն է նպատակը, այլ ոչ թե ինչ-որ մի միջանկյալ կառույց  ստեղծելը՝ ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին։ Վտանգ  մեր մասով չեմ տեսնում, որովհետև հստակ են այն բոլոր խնդիրները, որոնք պիտի լուծեն այն զորավարժությունները և դրանք մեր հետ առընչություն չունեն»,- ասում է Մելիքյանը։

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի մասնակցությամբ անցկացվող «Հավերժություն» ամենամյա զորավարժությունների նպատակն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովումը՝ հնարավոր սպառնալիքների դեպքում։ Մելիքյանի դիտարկմամբ՝ Թուրքիան, մինչև Արցախյան պատերազմը, տարիներ շարունակ  ակտիվորեն փորձում էր ներխուժել  տարածաշրջան, այդ թվում՝ Վրաստանի միջոցով։ Բայց գործընթացը շեղվեց, երբ Վրաստանում 2012-ին իշխանափոխություն տեղի ունեցավ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը առ այսօր հստակ ֆիքսել է Թուրքիայի հետ կարմիր գծերը։

Image

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը հիշեցնում է՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի՝ ամենամեծ բանակ ունեցող երկիրն է, իսկ Եվրոպայում՝ առաջինը։ Ու չնայած այս փաստին, թուրքագետը խնդիր է տեսնում ոչ այնքան այս զորավարժությունների անցկացման մեջ, որքան այն հանգամանքում, որ հայկական լոբբին լրջորեն զիջում է թուրքականին։

«Այս զորավարժությունը ուղիղ կերպով Հայաստանի անվտանգությանը  չի սպառնում, սակայն ունի ածանցյալ վտանգներ։ Երկար տարիներ Վրաստանը գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի լոբբինգի ուժեղ ազդեցության տակ։ Գաղտնիք չէ, որ Վրաստանում Թուրքիան բավականին մեծ ներդրումներ ունի, բավականին մեծ գումարներ է ծախսում Վրաստանում, այդ թվում նաև Ադրբեջանը՝ թե քաղաքական համատեքստում՝ քաղաքական գործիչների հետ կապված ֆինանսավորումները, թե՛ տնտեսական, թե՛ հասարակական գործունեություն են ծավալում։ Ցավոք, Վրաստանում Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծ  է,  և սա խնդրահարույց է մեզ  համար»,- նշում է Իսպիրյանը։

Վրաստանում հակահայկական գործողությունների, հայտարարություննեիրի և հրապարակումների թիկունքում, ըստ թուրքագետի, ադրբեջանաթուրքական փողերով սնվող աղբյուրներն են։ Իսպիրյանի խոսքով՝ մեր հիմնական խնդիրը Վրաստանում գլխավորապես ադրբեջանաթուրքական լոբբինգն է, ոչ թե անցկացվող զորավարժությունը, որի վտանգներն ածանցյալ են:

«Այս համատեքստում պետք է ընդունենք, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները լրջորեն, շատ լրջորեն զիջում են, խիստ թերի են՝ Ադրբեջան-Վրաստան կամ Թուրքիա-Վրաստան հարաբերությունների համեմատ։ Սա մեր երկրի լուրջ բացթողումն է»,- ասում է Իսպիրյանը։

Լուրջ բացողումը շտկելու համար պետք է լուրջ քաղաքականություն վարել Վրաստանի հետ,- կարծում է թուրքագետը։ Այս դիտարկման հետ համաձայն է նաև վրացագետ Մելիքյանը։ Ասում է՝  Արցախյան պատերազմից հետո, նոր ձևավորվող ստատուս քվոյի պայմաններում, Թբիլիսին փորձելու է նվազագույնի հասցնել տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացումից առաջացած ռիսկերը։

Կարդացեք նաև

Back to top button