
4-րդ օրն է՝ ՍԴ-ն քննում է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։ ՍԴ-ում դիմումների վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել ու հարցերին պատասխանել դիմող 4 ուժերի ներկայացուցիչները և պատասխանող կողմը։ Այսօր Սահմանադրական դատարանում էին նաև գլխավոր դատախազության ներկայացուցիչները։
Մուրճը ոչ միայն գործիք է, այլև՝ բռնության կոչ, -կարծում են «Հայաստան» դաշինքում։ ՍԴ-ին ուղղված դիմումի 5–րդ կետով ներկայացված վերապահումները հենց դրան են վերաբերում։ Գլխավոր դատախազության մասնագետների կարծիքով՝ մուրճը կարող է ունենալ նաև այլ իմաստ։
Դատախազության գնահատականներով՝ դիմումատուները դիմումում շռայլորեն, բայց անհիմն են օգտագործել «բռնության կոչ» եզրույթը։ Ավելին՝ Փաշինյանի, Քոչարյանի և Սարգսյանի քարոզարշավի ելույթները չեն կարող համարվել բռնություն հրահրող,- Սահմանադրական դատարանում ասաց գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը․
«Քննարկման առարկա դարձված բոլոր այդ հայտարարություններում, որոնք հնչեցվել են ՔՊ ղեկավարի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում, «կամիր թելի» նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը սիմվել է, և այդ ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։ Այս պայմաններում, կարծում եմ, ակներև է, որ խոսքի համատեքստը ամենևին էլ բռնությանը չի վերաբերում։ Միգուցե, կարող է վերաբերել հարկադրանքին, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ»։
Ընտրախախտումներին առնչվող և Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով գլխավոր դատախազությունում ընդհանուր առմամբ 782 հաղորդում է ստացվել: Դրանցից միայն 60-ի դեպքով է հարուցվել քրեական գործ`մի մասը ընտրակաշառքների հետ կապված, մյուս դեպքերում բացակայել են քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հատկանիշերը:
Հարուցված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 66 անձի նկատմամբ։ Մեծ մասի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՍԴ ներկայացված դիմումներում ընդդիմադիր ուժերի՝ հատկապես «Հայաստան» դաշինքի անդամները շեշտում են, որ նախընտրական շրջանում հետապնդվել են իրենց շտաբների աշխատողները, ակտիվիստները, և անգամ զանգվածային խուզարկություններ են արվել այդ մարդկանց տներում։
Դատախազության մեկ այլ ներկայացուցիչ՝ Հովհաննիսյանը կրկին թվեր է հրապարակում․
«Ընտրություններ նշանակելու օրվանից մինչև քվեարկության օր բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 110 անձ, որոնցից 20-ն են ընդամենը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, համակիրներ, վստահված անձինք, դաշինքի հետ ասոցացվող անձինք։ 39՝ «Պատիվ ունեմ» դաշինքից, մնացած 51 բերման ենթարկվածները եղել են կամ այլ կուսակցությունների և դաշինքների համակիրներ, կամ ընտրական գործընթացի այլ մասնակիցներ։ Խուզարկությունների վերաբերյալ վիճակագրությունը էլ ավելի ակնառու է դարձնում դիմումատուների ներկայացրած այն պնդման անհիմն լինելը, որ այդ խուզարկություններն իրականացվել են ուղղորդված, և նպատակ է եղել նշված դաշինքի համակիրներին ընտրական գործընթացից մեկուսացնելը։ Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում կատարվել է ընդամենը 29 խուզարկություն՝ 7-ը կատարվել է «Հայաստան» դաշինքի հետ առնչվող անձանց բնակարաններում կամ շինություններում, 20-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, իսկ 2-ը՝ այլ»։

Պահպանվել են բոլոր իրավական ընթացակարգերը, վստահեցնում է, իսկ դրանից հետո դատարաններում բողոքներ չեն ստացվել։
Ընտրությունների օրը ի՞նչ նպատակով են իրականացվել հոսաքազրկումները և ի՞նչ պատկեր է ստացվել դրանից հետո․ այս հարցը գլխավոր դատախազությունում նույնպես ուսումնասիրել են․
«Առանց բացառության բոլոր տեղամասերում որևէ խախտում չի արձանագրվել հոսանքազրկումների ընթացքում։ Դրանք եղել են ընդամենը 13-ը։ 7-ով էլեկտրաէներգիայի մատակարարման խափանում տեղի է ունեցել քվեարկության ընթացքում, բայց քվեարկության գործընթացը չի խաթարվել, քանի որ համապատասխան մարտկոցներ ունեն այդ սարքավորումները, և քվեարկության բնականոն ընթացքը շարունակվել է։ Այն տեղամասերում, որտեղ էլեկտրամատակարարման խափանումը տեղի է ունեցել քվեարկության արդյունքների ամփոփման նիստում, մենք դրանց մասին դատողություններ կազմում ենք հանձնաժողովի բոլոր անդամների՝ այդ թվում վստահված անձանց կարծիքներով»։
Ընդդիմադիր ուժերը որոշակի կասկածներ ունեն քվեաթերթիկների տպագրության հարցում։ Դրանք տպագրվել են Հայաստանում, և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանումները չփարատեցին «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանի մտահոգությունները։

-Ինչպես հիշում ենք, նախկին ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները և նման բաները տպագրվում էին արտասահմանում։ Այսօր դրանք տպվել են ՀՀ-ում։ Մենք ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, բացի անմեղության կանխավարկածից, որ կրկնակի դրոշմակնիքներ չեն տպագրվել։
-Ինչքան գիտեմ, երբևէ արտասահմանում չի տպագրվել նման բան։ Ինչ վերաբերում է դրոշմանիշերին, ապա լիարժեք և հնարավոր թափանցիկություն այս ամենում ապահովվել է, որպեսզի յուրաքանչյուրը համոզված լինի, որ հետագայում դրանց տպագրությունը հնարավոր չէ իրականացնել։
-Ասենք, ամսի 12-ին տպագրվում են դրոշմակնիքները, ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ ամսի 8-ին նույնը, որոշակի քանակով չի տպվել։
-Չի կարող տեղի ունենալ նման բան ընդհանրապես։
-Պարոն Մուկուչյան, Դուք այդ տպարանի սեփականատե՞րն եք։
-Ոչ։
Նիստի ընթացքում հստակ պատասխան չտրվեց՝ ինչպե՞ս համոզվել, որ տպարանում, վերահսկողությունից դուրս ժամանակահատվածում, ավելորդ դրոշմակնիքներ չեն տպագրվել։ Փոխարենը, ԿԸՀ նախագահը հստակեցրեց․ պաշտպանիչ մի քանի շերտ ունեցող դրոշմակնիք տպագրելու հնարավորություն ունի տարածաշրջանում ընդամենը մեկ տպարան, որն էլ աշխատում է Հայաստանում։





