
Այսօր երեկոյան ամփոփվելու են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի առաջին փուլի արդյունքները։ Արդեն 17-րդ անգամ կայացող երաժշտական խոշորագույն իրադարձությանը մասնակցում է 18-ից 36 տարեկան 16 դիրիժոր աշխարհի 15 երկրից։ Նրանցից երկրորդ փուլ կանցնեն վեցը: Ժյուրիի նախագահը Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն է։
«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում դիրիժորական վահանակի մոտ Ամերիկայից ժամանած Զեկե Ֆետրոուն է։ Վերջին փորձերն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Ավանդույթի համաձայն՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկել է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, նրա անունը կրող համերգասրահում: Միջազգային մրցույթն այս անգամ դիրիժորական է։ Նպատակը տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին բացահայտելն ու աշխարհում Արամ Խաչատրյանի արվեստն էլ ավելի հանրայնացնելն է։
Ամերիկայից ժամանած Զեկե Ֆետրոուն «Ռադիոլուրին» պատմում է, որ ընկերներից շատ է լսել Խաչատրյանի մրցույթի մասին։ Խոստովանում է՝ իր գործունեության ընթացքում հաճախ չի առնչվել Խաչատրյանի երաժշտությանը, մրցույթն իր համար հետաքրքիր է նաև այդ առումով: Դիրիժորը բացահայտում է կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրան հիացրել, ցնցել է «Սպարտակ»-ը, յուրահատուկ է համարում Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան:
«Նրանք ասում էին, որ այն զարմանալի է, իսկ մարդիկ բարեհամբույր են, ուտելիքն է հիանալի, ուստի, եթե երբևէ հնարավորություն ընձեռվի, անպայման պետք է մասնակցել: Շոյված էի, որ աշխարհի տարբեր երկրների դիրիժորների հետ ինձ էլ հնարավորություն տրվեց մասնակցելու մրցույթին, որի շրջանակում ունկնդրեցի նվագախմբի ֆանտաստիկ կատարումները»,- պատմեց Ֆետրոուն:

Հարավային Կորեայից Հայաստան ժամանած դիրիժոր Յեո Ռիոնգ Անը, որը բազմաթիվ մրցույթների է մասնակցել, ասում է՝ մրցույթն աշխարհում արդեն ճանաչում են, այն կարևոր իրադարձություն է դիրիժորների համար:
«Մրցույթը կարող է լուրջ դերակատարություն ունենալ հատկապես ուսանողների, սկսնակ դիրիժորների կյանքում, որոնք ցանկանում են մասնագիտանալ իրենց գործում: Նրանց համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալը մեծ փորձառություն է»:
Մրցութային փուլերի ընթացքում մասնակից դիրիժորները, ի թիվս այլ գործերի, կներկայացնեն նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, նաև՝ հատուկ մրցույթի համար գրված հայ ժամանակակից կոմպոզիտորի գործ։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով։ Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կստանա, կլինեն չորս այլ մրցանակ էլ , նաև հատուկ մրցանակներ։ Հունիսի 12-ին մրցույթը կեզրափակվի գալա-համերգով ու մրցանակաբաշխությամբ:
«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյան․ «Ժյուրիի նախագահը Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանն է: Մասնակիցներից շատերը ոչ թե մեկ, այլ մի քանի նվագախմբում են ընդգրկված: Չնայած համավարակին՝ մրցույթի աշխարհագրությունը լայն է. ժամանել են դիրիժորներ Ճապոնիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և այլ երկրներից»:
Թովմասյանը համոզված է, որ մրցույթից կծնվեն նոր անուններ, որոնք կդառնան Հայաստանի և Արամ Խաչատրյանի դեսպաններն ամբողջ աշխարհում:




