
Սահմանադրական դատարանն այսօր շարունակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական չորս ուժի՝ «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունների դիմումների քննությունը:
«Առաջին հերթին ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք ընտրության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև քվեարկությունների արդյունքների ամփոփման արդյունքում տեղի ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ։
Երկրորդ՝ այդ արձանագրված խախտումները պետք է կասկածի տակ դնեն քվեարկության արձանագրված արդյունքները։
Երրորդ՝ խախտումների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման կամ բողոքի քննարկման ժամանակ արդեն հնարավոր չէ ստույգ որոշել քվեարկության մասնակիցների կամարտահայտության իրական արդյունքը։
Ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է, որ խախտումների հետևանքները կրեն անդառնալի բնույթ, պետք է կորցված լինի քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը ստույգ պարզելու հնարավորությունը։
Հետևաբար, ընտրության արդյունքները անվավեր ճանաչելն իրենից ներկայացնում է բավականին լուրջ քաղաքական և իրավական զենք, որը պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում»,- ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահի խոսքով, Ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ քաղաքական 4 ուժերի կողմից ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումների պահանջները ենթակա են մերժման։
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ն միավորել է ու քննում է նույն նիստում։ Դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։




