
Հուլիսի 9-ին Մեղրիի համայնքի ավագանու նիստում Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարվել է համայնքի ղեկավարի պաշտոնից։ Զաքարյանը «Ռադիոլուր»-ի հետ հետ հեռախոսազրույցում ասաց, որ «Հայաստան» դաշինքի կազմով, որի 12-րդ հորիզոնականում է ինքը, հավանաբար մտնելու է խորհրդարան։ Այդ իսկ պատճառով համայնքապետարանում «ճամպրուկային» տրամադրություններ են։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ մի քանի բաժինների ղեկավարներ եւ իր տեղակալը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։
«Քանի որ ամսի 26-ին կվերցնեմ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, որոշեցի հրաժարական տալ։ Սա թիմային որոշում է, ու որոշեցինք հնարավորություն տալ մեզնից հետո եկող նորեկներին աշխատել՝ առանց ժամանակ կորցնելու»,-ասաց Մխիթար Զաքարյանը։
Նա հերքեց, որ իր վրա ճնշում է եղել։
«Ոչ մեկը չի կարող ճնշել, ես հրաժարականը ներկայացրել եմ իմ կամքով»,-ասաց Մեղրիի համայնքի ղեկավարը։




