Խորհրդային տարիների առաջին հայ կին օդաչուն Նինել Ղարաջյանն է։ Նա իր առաջին թռիչքը կատարել է 1935թ. ապրիլի 29-ին Երևանի օդանավակայանում` 600 մ բարձրությունից: Անկախ Հայաստանի առաջին հայ կին օդաչուն Դիանա Սահակյանն է։ Նրա առաջին թռիչքը 2020 թվականին փետրվարին էր:
Նինել Աղաջանյանը մանկավարժ է և հիմնականում զբաղվել է սերունդներ կրթելով։ Դիանա Սահակյանը բժշկուհի է՝ կյանքեր է փրկում։ Նինել Աղաջանյանը կատարել է 14 պարաշյուտային և օդանավի 25 ինքնուրույն թռիչք, Դիանա Սահակյանը՝ մոտ 50 ժամ ինքնուրույն թռիչք։ Պարաշյուտով թռել է մեկ անգամ, Մոսկվայի մոտակայքում, 4000 մետր բարձրությունից: 1500-3500 մետր բարձրության վրա է թռիչք իրականցրել:
Առաջին համաշխարհային պատերազմին կանայք նստեցին օդանավի ղեկին պարտադրված, պատերազմից հետո հատուկենտ կին օդաչուներն առանձնանում էին իրենց համարձակությամբ, նրանց մատով էին ցույց տալիս։
Սովորական մի օր, երբ շտապում էր բուժկենտրոն, զանգ ստացավ։ Հայրն էր։ «Օդաչուների սիրողական դասընթաց է սկսվում, կցանկանա՞ս»։ Մինչ հայրը կավարտեր միտքը, Դիանան չերկմտեց՝ «այո՛»։

Եվ սկսվեց․․․
Տնից մինչև Եղվարդի աերոդրոմ մոտ 16 կմ է։ Դիանան կատակում է՝ քարքարոտ ճանապարհը, անձրևի լճերը հաղթահարող վարորդի համար հարթ երկնքով սլանալն անբացատրելի է, երբ ուղեկիցդ թռչուններն են, տեսարանդ՝ չքնաղագույն՝ Գեղամա լեռներ, Արա լեռ, կապտականաչ Սևան։ Ցանկությունը մեկն է՝ թռչել ավելի ու ավելի հեռու, ավելի մոտ անճանաչելիին։ Արդեն 4 հոգանոց «Սեսնա-172» ինքնաթիռում բացատրում՝ ի՞նչ պետք է անել մինչ թռիչքը:
«Դրսից և ներսից ստուգում ենք ինքնաթիռը, խոսքը սիրողական թռիչք իրականացնող օդաչուին է վերաբերում։ Մինչև համոզված չլինես, որ ամեն ինչ կարգին է, քո աչքով չտեսնես ու չստուգես՝ իրավունք չունես նստել օդանավ։ Աղջկա համար կա մեկ անհարմարություն՝ ոտնակները հեռու են (ծիծաղում է)։ Այս օդանավը ապագա օդաչուների համար է նախատեսված։ Բոլորս սովորելու ընթացքում շտապում էինք արագ ավարտել կուրսը, որը հեշտ չէ, ու նստել ձախ կողմից, որպես առաջին օդաչու։ Մոտովորապես՝ ՀՀ օրենսդրության համաձայն՝ 104 ժամ հատկացվում է տեսական պրոցեսին, 44 ժամ գործնական թռիչքին։ Դա պարտադիր է, որը պետք է ավարտես նոր ստանաս թռիչքի իրավունք՝ սիրողական»։
Օդաչուական ղեկին նստելու իրավունքը դեռ չի նշանակում, թե վերջ, արդեն կարող ես թռչել։ Անվտանգային բազմաթիվ նորմեր կան, որոնք թռիչքից դեռ մեկ օր առաջ է պետք ավիակարգավարների հետ քննարկել։ «Ավիակարգավարները երբ լսում են կնոջ ձայն, ուրախանում են։ Սկզբում զարմանում էին»,–ասում է Դիանան։
«Ըստ կարգի՝ երեք ամիսը մեկ պետք է թռիչք իրականացնես։ Բալիկիս ծնունդից հետո ինստրուկտորի հետ կսկսեմ թռիչքները, կարգն է պահանջում։ Արյունով գրված օրենքները պետք է չանտեսվեն։ Ես շատ տուրիստների եմ Հայաստանը ցույց տվել կարճ ժամանակում, որոնք հիացել են մեր բնությամբ։ Անբացատրելի է Հայաստանը՝ փոքր, բայց սիրուն։ Հայաստանի չքնաղ բնությունը ափիդ մեջ է․ երկնքից մեր երկիրն անկարագրելի է։ Գեղարքունիքի մարզը շատ եմ սիրում, Աժդահակն եմ շատ սիրում, Սյունիքի օդում եմ շատ լավ զգում, լեռները շատ սիրուն են։ Հայրիկս մեծ օդանավից հետո երբ թռիչք է անում փոքր օդանավով, ասում է՝ այ սա է իսկական թիչքը։ Դիպչում ես ամպերին, Հայաստանի հարուստ լանդշաֆտն ավելի լավ ես տեսնում և զգում»։

Մասնագիտությամբ բժշկուհի, օդաչուների ընտանիքից։ Պապիկը՝ Սահակյան Լևոնը, Ստեփանակերտի օդանավակայանի հիմնադիրն էր, տատը տարիներ շարունակ ապահովում էր հայ օդաչուների անվտանգ թռիչքի եղանակային կողմը, հայրը բարձրակարգ օդաչու է, հայկական ավիաուղիներում փոփոխություններից հետո աշխատում է ռուսական ավիաընկերությունում։ Ինքնաթիռներով խաղացող Դիանան օդաչու դառնալու մասին չէր էլ մտածում։ Ավելին՝ տանը կար ներքին որոշում, որ իրենը մայրիկի ճանապարհն է՝ բժշկի գործը։ Բայց ներքին որոշմանն ինչ-որ պահի հակադրվեց համառությունը․ իսկ ինչո՞ւ չլինել օդանավի ղեկին։
Դիանայի որոշումը զարմացրեց նաև բժիշկ ամուսնուն` Հարութ Շախուլյանին։ Երկար խնդրանքներից հետո միայն Հարութը համաձայնեց որպես ուղևոր ներկա գտնվել կնոջ առաջին թռիչքին։ Չէր էլ ենթադրում՝ ինչ կա կնոջ մտքում։ Գետնից 600 մետրի վրա փորձություն կար։ Դիանան անջատում է շարժիչն ավագ օդաչուի թույլտվությամբ․ «անսարքություն կա»՝ ասում է։ Հետո պետք է վնասվածքաբան բժիշկը պատմեր, որ այդ պահին ելքը չէր պատկերացնում, մինչեւ սառնասիրտ սիրելին հանգստացրեց՝ ընդամենը գործնական պարապմունքի մաս է, որ հետո ուղևորի կյանք փրկել կարողանան, թե պետք լինի։
Բառի ուղիղ իմաստով ճախրելը Դիանային սովորեցրել է մեծ խնդիրներին անգամ վերևից նայել։ «Կյանքը հիասքանչ է, բաց չթողնել ոչ մի հնարավորություն»․ կարգախոսն է։
Ինչո՞ւ վստահել կին օդաչուին
Դիանան այս կարճ ժամանակահատվածում ծովի մակարդակից մոտավոր 1500-3500 մետր բարձրության վրա է թռիչք իրականցրել: Մինչ թռիչքը ուղերևորները հաճախ են զարմացել՝ իրո՞ք օդաչուն կին է։ Սակայն վայրկյան տևած զարմանքը փոխվել է, քանի որ ուղեւորին ողջունող ու բարի թռիչք մաղթող կին օդաչուի հետ մեկ բառ փոխանակելուց հետո ապահովություն է փոխանցվել: Ճկունությունն ու արագ կողմնորոշումը սեռ չեն հարցնում։
«Բալիկիս ծնունդից հետո նպատակ ունեմ ուժերս փորձել քաղավիացիայում»։ Օդաչուական խցիկում օդաչուն երկնքի վայելքը հիացմունքով փոխանցում է բարձրությունից վախեցող զրուցակցին՝ ինձ։ Դիանայի որդին կծնվի ամռան վերջում, օդաչու կդառնա, թե բժիշկ՝ բժիշկ ծնողները չեն որոշել։

Օդաչու Դիանայի պատմությունը
«Ներսից այրվում ես, երբ հիվանդին ախտորոշում ես անբուժելի հիվանդություն»,–ասում է ռադիոլոգ բժշկուհին: Բացասականից փրկվելու ելքը գտել է՝ խնդիրներին նայել պարզ երկնքից՝ թռչնի թռիչքից։
«Զգացմունքները խեղդում էին, անհրաժեշտ էր նոր լիցքեր ստանալու միջոց փնտրել։ Միայն բժշկությամբ հնարավոր չէր»։
Աշխարհում այսօր ավելի քան 25 հազար կին օդաչու կա, նաև՝ հայ, բայց մեր քաղավիացիայում դեռ կին օդաչուներ չկան։ Դիանա Սահակյանը պատրաստվում է փոխել պատկերը։




