
«44-օրյա պատերազմում չհաղթեցինք, բայց ունեցանք բազմաթիվ հերոսներ։ Պատերազմում սովորաբար հերոսանում են առաջնորդները, երբ շատերի համար ճակատագրական որևէ արարք են գործում»,- բացատրում է ազգագրագետը։ Ի տարբերություն արցախյան առաջին պատերազմի, 44-օրյա պատերազմը չունի առաջնորդ-հերոսներ, հերոս են բոլոր զինվորներն ու մարտիկները։ Ինչու՞ և ո՞վ է վերջին պատերազմի հերոսը։
Արցախյան 44-օրյա պատերազմի մեր հերոս տղաներն են։ Այս պահին, գուցե, թշնամու կրակը դադարել էր, ու նրանք հասկացել են իրավիճակի անելանելիությունը։ Վախը չկա, կա բարձր ձայնով հնչող երգը, իսկ թշնամին մի քանի մետր հեռավորության վրա․․․
«Հերոսը նա է, ով հաղթահարել է սեփական վախը»,-ասում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ հերոս են բոլորը, ովքեր չեն լքել մարտի դաշտը, մնացել ու պայքարել են մինչև վերջ, նաև՝ գերի ընկել։ Ի տարբերություն մեր պատմության անձնավորված հերոսների, 44-օրյա պատերազմը անձ-հերոսներ չունի, -ասում է զրուցակիցս ու հիշում առաջին արցախյան պատերազմի հայտնի հերոսին․
«Օրինակ՝ Թաթուլ Կրպեյանը պայքարեց ռուսական օկուպացիոն ուժերի դեմ Գետաշենում և զոհվեց»։
Այլ է պատկեր 44-օրյա պատերազմից հետո, անձնավորված հերոսներ չկան։
Ինչու՞ է այդպես․ «Ինձ թում է՝ մեղքի զգացումից է այդպես։ 30 տարի անգործության մատնված հասարակությունը մտածում էր, որ հաղթանակել ենք ու հանգիստ նստած էր, կարծելով թե վերջնական է հաղթանակը։ Հասարակությունը, քաղաքական էլիտայով հանդերձ, մատը մատին չտվեց բանակ կառուցելու գործում, բայց զբաղված էին գովաբանությամբ, թե՝ տարածաշրջանի հզոր բանակն ունենք։ Էս ինքնախաբեությունը հանգեցրեց այն բանին, որ կորցրեցինք մեր ամենաերիտասարդ տղաներին, զոհվում էին 18-20 տարեկանները»։
Աղասի Թադևոսյանը համոզված է, որ 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցներին պետք է հերոս համարել․
«Բոլոր նրանք էին հերոս, որ չէին փախնում պատերազմից։ Որպես մշակութային մարդաբան՝ ասեմ, որ արխետիպային մտածողության մակարդակում անմեղ զոհը՝ հերոս է։ Եվ ճիշտ ենք անում, որ պատերազմի մասնակիցներին հերոս ենք անվանում»։

Ո՞վ է հերոսը․ այս հարցի շուրջ զրուցում ենք նաև գենետիկ Լևոն Եպիսկոպոսյանի հետ։ Ասում է՝ նրանք, ովքեր չդարձան դասալիք, հերոս են։
Բացատրում է՝ հերոսությունը գենոֆոնդի հարց չէ, այլ մշակութային ժառանգություն՝ լավ դաստիարակությունը, հայրենիքի նկատմամաբ սերն են հերոսներ ծնում․
«Մեր գենոֆոնդը ուժեղ սթրեսի է ենթարկվել 100 տարի առաջ, և որպեսզի հետևանքներից ձերբազատվենք, մեզ խաղաղություն և հաղթանակներ են պետք։ Կտրուկ փոփոխություններ են պետք նաև այսօրվա առօրյա կյանքում։ Ցավ տեսած ընտանիքներին պետք է դուրս բերել այս վիճակից»։
Իսկ գենոմը ուժեղ սթրեսներից դուրս բերելու համար աշխատել է պետք ՝ շենացնել գյուղերը, հողը մշակել, ելք է առաջարկում գենետիկ Լևոն Եպիսկոպոսյանը։
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի դիտարկմամբ՝ մենք շատ սպառող վերաբերմունք ունենք հերոսների նկատմամբ։ Չարաշահում ենք նրանց՝ հերոս լինելու հանգամանքը ու մեր անելիքները թողնում նրանց ուսերին։




