
Սևանում հուլիսի 10-ին պաշտոնապես կբացվեն հանրային լողափերը։ Դրանց անվտանգությունը սովորաբար ապահովում է փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատը: Այս տարի լողափերի անվտանգությանը կհետևեն նաև դրոններով։ Փրկարար ջոկատը աշխատելու է ուժեղացված ռեժիմով, արտաժամյա:
Սևանա լճի երեք հանրային լողափերը կահավորվում և բարեկարգվում են։ Կառավարության որոշմամբ ստեղծվել են 8 հանրային լողափեր, բայց հյուրեր ընդունելուն պատրաստ են միայն երեքը՝ թերակղզու և Սևանի քաղաքային լողափերը։ «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Արման Աբելյան․
«Մուտքը ազատ է բոլոր հանգստացողների համար։ Գործելու են մի շարք անվճար ծառայություններ»։
Սևան գնալու սեզոնը բացվել է, բայց անգամ ջրի սիրահարները նախըտրում են հանգիստը կազմակերպել լողավազանով որևէ այլ վայրում,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է տուրիստական ընկերության տնօրեն Աննա Հարությունյանը․
«Սևանա լիճը, չգիտեմ՝ ինչու, լողի հետ չի ասոցացվում։ Կարելի է ափին մոտ լինել, բայց ոչ լողալ։ Միգուցե ջուրը սառն է, դա է հիմնական պատճառը։ Հիմնականում նախընտրում են լողավազանով, համեմատաբար մատչելի գնով տարբերակը»։
Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը տուրիստական գործակալության տնօրենի հետ համաձայն չէ։
Ասում է՝ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ հայաստանցիների ու զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի Սևան։ Դա հաշվի առնելով՝ հանրային լողափերում հանգստյան սեզոնի բացման հետ ուժեղացված ծառայություն է իրականացնելու նաև փրկարար ծառայությունը։ Հանգստացողների անվտանգությունն ապահովելու է հատուկ ջրափրկարարական ջոկատը, -հայտնում է Արմեն Ճզմաչյանը։
«Համապատասխան խորություններում կտեղադրվեն լողանշանները, որպեսզի քաղաքացիները լողան այդ նշանների ներսում, ինչը հսկում են փրկարարները։ Նրանք մոտորանավակներով շրջելու են՝ քաղաքացիներին պարբերաբար իրազեկելով անվտանգության կանոնների մասին։ Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հանրային լողափերի համար նախատեսված տարածքներում իրազեկումն իրականացվում է նաև դրոններով»։
Սևան շտապողների հոսքին, որքան էլ մեծ դա լինի, ջրափրկարարական ջոկատը պատրաստ է։ Միայն թե խորհուրդ է տրվում խստագույնս պահպանել անվտանգության կանոնները․
«Ոչ սթափ վիճակով լիճ չմտնել, ջրային փոխադրամիջոցներից չօգտվել, այդ միջոցներից չցատկել ջուրը, մեծ քանակի սնունդ օգտագործելուց անմիջապես հետո չլողալ, մեծ ուշադրություն դարձնել երեխաներին։ Չանցնել տեղադրված լողանշաններից այն կողմ, որովհետև այդտեղ արդեն խորանում է և, հաշվի առնելով արագընթաց լողամիջոցների առկայությունը, վտանգը մեծանում է»։
Այս տարվա լողասեզոնի ընթացքում Սևանա լճում ջրահեղձման դեպքեր չեն եղել, փրկվածներ եղել են։





