ԿարևորՀասարակություն

Հաշմանդամության կարգը շարունակում է «վաճառվել»․ օրենքը փոխվել է, բայց դեռ չի գործում

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները ճշգրիտ չեն գնահատվում, կարգի տրամադրման որոշումները սուբյեկտիվ են, բողոքարկում՝ անարդյունավետ․ Մարդու իրավունքների պաշտպանն է ահազանգում՝ հիմք ընդունելով ստացված բողոքները։ Արման Թաթոյանը նշում է՝ հաշմանդամության կարգը երբեմն տրամադրվում է միայն փաստաթղթերի հիման վրա՝ առանց մասնագիտական զննման։ Հանրությունը լուրջ կասկածներ ունի հաշմանդամության գնահատման կամ խմբի փոփոխման առնչությամբ․ ՄԻՊ-ն է արձանագրում։ Խնդիրներն ավելի են խորանում բողոքարկման մեխանիզմների անարդյունավետության պատճառով․

«Դիտարկումները փաստում են, որ բողոքարկման դեպքում հաճախ վարչական ակտը մակերեսային է ուսումնասիրվում,  և որոշումը հիմնականում մնում է անփոփոխ կամ անձի գանգատների, տեղեկությունների վերլուծություն և փաստաթղթային զննություն ամբողջական չի կատարվում»։

ՄԻՊ-ի մտահոգությունները սրանցով չեն ավարտվում։ Մարդիկ դժգոհում են՝  հանձնաժողովները հաշվի չեն առնում անձի կյանքի որակի փաստացի փոփոխությունները՝ անկախ նրանից՝ օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարում կա, թե ոչ: Մի դիմումով, օրինակ, քաղաքացին բողոքել է, որ թեև անդամահատված են մեկ ձեռքի 3 և մյուսի 4 մատները, իրեն երրորդ կարգի հաշմանդամ են ճանաչել՝ հիմնավորմամբ, որ ձեռքերի կայուն ֆունկցիոնալությունը խախտված չէ։ Դիմող քաղաքացին մինչդեռ բացատրում է՝ ինքը շինարար է, այլ հմտություն չունի՝ աշխատելու և կյանքի որակը բարելավելու համար։ Սրա հիմքով՝ ՄԻՊ-ն արձանագրում է՝

«փորձաքննության չափորոշիչները խնդրահարույց են, շատ հանգամանքներ հաշվի չեն առնվում։ Քաղաքացիները համոզված են՝ բողոքարկելիս իրենց բացատրությունը չեն լսելու, հիմք են ընդունելու միայն փաստաթղթերի ֆորմալ ձևակերպումները»։  

Բժշկասոցիալական փորձաքննության և վերափորձաքննության պատասխանատու մարմինն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունն է։ Պետի տեղակալ Դավիթ Դադալյանը չի բացառում՝ գուցե կան խնդիրներ, որոնք դուրս են մնում իրենց տեսադաշտից․

«ՄԻՊ-ն անդրադարձել է իրեն դիմած քաղաքացիների խնդիրներին։ Եթե բարձրաձայնվել է, ուրեմն խնդիր արձանագրվել է և ոչ մեկ անգամ։ Վստահության պակասի հետ կապված կարող եմ ասել, որ մեր բժիշկ-փորձագետները և փորձաքննությանը ներառված մասնագետներն առաջնորդվում են իրավական ակտերով»։

Հաշմանդամության կարգի տրամադրման համակարգի հանդեպ հանրության վստահության պակասի մասին ՄԻՊ-ի դիտարկմանը Դադալյանը թվերով է պատասխանում․ 2020-ին կարգ ստանալու համար դիմել է 13 740 քաղաքացի, նրանցից որոշումը բողոքարկել է 3 տոկոսից փոքր-ինչ ավելին։ Այս տարի դիմել է ավելի քան 10 հազար մարդ։  Որոշումը բողոքարկել է մոտ 5 տոկոսը։ Ընդ որում՝ դիմողների շուրջ 80%-ը կարգ է ստացել։ Այդուհանդերձ, փոքր չէ թիվը, երբ հաշմանդամության կարգ տվողներն իրոք սխալվել են։ Ու այս մասին խոսում է հենց ոլորտի պատասխանատուն։

«2020–ին 442 դեպք, որոնցից 27-ի դեպքում փոփոխվել է որոշումները, 2021 թվականի առաջին 6 ամսիներին 541 քաղաքացի համաձայն չի եղել որոշման հետ, որոնցից 44–ի դեպքում փոփոխվել է որոշումը»։

Փորձաքննությունից դժգոհ քաղաքացին 30 օր ունի՝ բողոքարկման դիմելու համար։ Սոցապնախարարությունում կամ պարզում են, որ փորձաքննությունը ճիշտ է, իսկ քաղաքացու բողոքը՝ անհիմն, կամ հանձնարարվում է ընդլայնված նիստով կրկին քննել գործը։ Հենց այս փուլում է, որ ՄԻՊ-ն արձանագրում է քաղաքացիների անվստահությունը։

Համակարգում կոռուպցիոն խնդիրների մասին մշտապես է խոսվում, սակայն ՄԻՊ-ին դրանք փաստարկված չեն ներկայացվել։ Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության ղեկավար Տաթև Թոխյան։․

«Որ կոնկրետ իրենցից գումար են պահանջել՝ ոչ, այդպիսի դիմումներ չկան։ Բողոքներ եղել են, և մենք ուղղորդել ենք, որ ունենան հստակ փաստեր ու դրանով դիմեն իրավապահ մարմիններին»։

Մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող «Ունիսոն»  ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշում է՝ իրենց ուղղված հիմնական բողոքները հենց կոռուպցիոն ռիսկերի մասով են։

«Բավականին հաճախ են դիմում, կոնկրետ գումարներ են նշվում։ Բայց խնդիրն այն է, որ բոլորը կտրուկ հրաժարվում են դա բարձրաձայնել նաև պաշտոնական մակարդակով, բողոքում են, ասում են՝ այսքան գումար տվեցի, որ երկրորդ կարգը պահեն, չնայած այսպես թե այնպես հասնում էր, բայց երբ ասում ես՝ արի դիմենք համապատասխան մարմինների, հանրային գործընթաց սկսենք՝ հրաժարվում են»։

Որ հաշմանդամության կարգը մեր երկրում շարունակում է «վաճառվել», փաստում են Ազգային անվտանգության ծառայության բացահայտումները։ Վերջին դեպքը մեկ ամիս առաջ էր․ պաշտոնատար անձը շահառուին ենթարկել էր կրկնակի փորձաքննության և առանց փաստական և իրավական հիմքերի նրան ճանաչել երրորդ կարգի հաշմանդամ: Այսօրինակ կոռուպցիոն գործարքներով աղմկահարույց քրեական գործեր ու ձերբակալություններ նախկինում էլ են եղել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախորդ նախարարը նախաձեռնեց համակարգային փոփոխություն՝ հաշմանդամության երեք կարգի փոխարեն անձին տրամադրել ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճանից մեկը: Սոցապնախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Ռադիոլուր»–ին բացատրում է՝

«Մեկ սկզբունքային փոփոխություն կա. այդ թիմը ձևավորվելու է պատահական ընտրությամբ։ Մասնագետների բազա է ձևավորվում, որտեղից հաշմանդամությունը գնահատվող մարդուն հրավիրելու օրվանից ընդամենը 1-2 օր առաջ ձևավորվում է գնահատող թիմը։ Սա նաև հակակոռուպցիոն քայլ է»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխությունները կան, գործնականում դրա կիրառությունը՝ ոչ։ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Դավիթ Դադյանը տեղեկացնում է՝  հաշմանդամությունը ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններով գնահատել կսկսվի դեռ մոտ մեկ տարի հետո։

Կարդացեք նաև

Back to top button