ԿարևորՀասարակություն

Արտառոց թիվ՝ արտառոց պատիժներ․ արտահերթ ընտրությունների քրգործերի արտակարգ թիվը

Արտահերթ այս ընտրություններն առանձնանում են ընտրական հանցագործությունների հատկանիշերով հարուցված քրեական գործերի մեծ թվով։  Մինչ սահմանադրական դատարանում քաղաքական որոշ ուժեր վիճարկում են ընտրությունների արդյունքները, դատական այլ ատյաններ զբաղվում են ընտրական  հանցագործությունների բացահայտմամբ։

Գլխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» տեղեկացրել են՝ ընտրակաշառք տալու-ստանալու 264 հաղորդում  է եղել, որից 60-ի դեպքում  քրեական գործ է հարուցվել։ 12 անձի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն է ընտրվել։ Ընտրական հանցագործություններին առնչվող նման քանակի գործեր հարուցվում են առաջին անգամ։ Ընդ որում՝ 60 քրգործից 26-ը քննում է ՀՔԾ-ն, ինչը նշանակում է, որ այդ գործերով պաշտոնյաներ են անցնում։

Հատուկ քննչական ծառայության կողմից Քարահունջի վարչական  շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանը կասկածվում է ընտրակաշառք տալու և ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու մեջ։ Ըստ նախաքննական վարկածի՝ Ավետյանը  դրամական օգնության  անվան տակ  կաշառել է Քարահունջի հինգ բնակչի՝ Գորիսում «Հայաստան»  դաշինքի քարոզարշավին մասնակցելու և այդ ուժի օգտին քվեարկելու համար։ Քարահունջի ղեկավարն այժմ ձերբակալված անձանց պահման վայրում է, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Սա խորհրդարանական վերջին ընտրությունների ընթացքում կամ դրանցից հետո ընտրակաշառքների փաստով հարուցված քրեական գործերից  մեկն է։ Միայն ընտրակաշառքի մեղադրանքով 26 քրեական գործ է հարուցվել։

Գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրին» ասում է՝

«Նախորդ  ընտրական ությունների  ժամանակ հարուցվել են քրեական գործերը, որոնք էպիզոդիկ են եղել ու փոքրաթիվ»։

Այս ընտրական-հետընտրական շրջանում քրեական գործերի թիվը շեշտակի աճել է։ Քաղաքացիներից, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով կամ ԶԼՄ-ների  հրապարակումներով ստացված ամենաշատ հաղորդումները վերաբերել են ընտրակաշառքներին։

Գոռ Աբրահամյանի դիտարկմամբ՝ «264 հաղորդում  ենք  ստացել, որից 60-ի դեպքում քրեական գործ է  հարուցվել։ Դրանցից  26-ը  քննվում է հատուկ քննչական ծառայությունում։ Հարուցված 26 քրեական գործով  55 մեղադրյալ է  ներգրավվել  ընտրակաշառք տալու կամ ստանալու  համար։ 12 անձանց համար որպես խափանման միջոց  ընտրվել  է կալանավորումը, ընդ որում՝ 12-ից  5-ն ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են։ Նման ցուցանիշ, որ այս ծավալի քրեական գործեր հարուցվեն, երբևէ չի եղել որևէ  ընտրության ժամանակ»։

«Քրեական օրենսգրքում» մինչեւ վերջին ընտրությունները կատարված փոփոխություններով՝ ընտրական հանցագործությունների պատժամիջոցները զգալիորեն խստացվել են։ Այդ հանցագործություններն, ըստ այդմ, այժմ  համարվում են ծանր և քրեական պատասխանատվության դեպքում պատժվում են առավելագույնը մինչև  6 տարի ազատազրկմամբ։

Նախկինում առավելագույնը 3 տարի էր սահմանվում։ Վարչական պատասխանատվությունը եւս զգալիորեն ավելացվել է։ Խստացումները Հայաստանում, որպես այսպիսին, այս ընտրություններին կիրառվելու են առաջին անգամ։

«Քրեական գործերից երկուսն արդեն ուղարկվել է դատարան։ Նախորդ ընտրությունների ժամանակ եւս  եղել են ընտրակաշառքի դեպքեր, սակայն դրանց դեպքում քրեական գործեր չեն հարուցվել կամ հարուցվել են ու բավարար հիմքեր չլինելու  պատճառով կարճվել են»,-ասաց Գոռ Աբրահամյանը։

Վերջին ընտրություններից հետո ընտրական հանցագործությունների կասկածով հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը՝ պատգամավորի թեկնածու: Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցված 4 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ դրանցից 2-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն և մեկը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն: Գլխավոր դատախազի օգնականը կանխատեսում է՝ դատական հեռանկար ունեցող գործերն առաջիկայում շատանալու են։

Կարդացեք նաև

Back to top button