
Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.5%: Վիճակագրական կոմիտեի տվյալներով այս տարվա մայիսին գնաճը եղել է շուրջ 6 տոկոս։ Միայն սննդամթերքը թանկացել է 8 տոկոսով։ Բանջարեղենի գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6,3 տոկոս։ Բացառություն է կարտոֆիլը, որը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով էժանացել է։ Թանկացել է շաքարավազը՝ 43,3 տոկոսով։
Սպառողները դժգոհում են, որ պահածոների այս շրջանում լոլիկի և վարունգի գները իջնելու փոխարեն բարձրանում են։ Մանրածախ շուկայում լոլիկի մեկ կիլոգրամի գինն սկսվում է 200 դրամից։ Նախորդ տարի այս սեզոնին լոլիկն ավելի թանկ էր, բայց մի քանի օր առաջվա համեմատ թանկ է այսօր։ Թանկացել է, քանի որ գյուղացին էլ իր հերթին է թանկ տալիս վերավաճառողին։
«Պոմիդորի վաճառքը 300 դրամ է, 220 դրամ մեծածախն է։ Ջրի և շոգի պատճառով ջերմոցներում քոլերը չորանում են»։
Տիկին Անահիտի լոլիկը ավելի մատչելի է, քանի որ իր ջերմոցներինն է վաճառում, բայց որոշել է թանկացնել, քանի որ գնորդը լավերն է ընտրում, իսկ ոչ այնքան հաջող բերքը մնում է։
«Արմատները չորանում են։ Վարունգն էլ է թանկացել, պոմիդորն էլ։ Բայց ինձ թվում է, որ 200-ը թանկ չէ պոմիդորի համար։ Շուկայում ամենաէժանը բիբարն ու պոմիդորն են։ Պետք է թանկանա, որովհետև մենք վաճառում ենք 100 դրամ, ժողովուրդը գալիս ընտրում է իր ուզածը, 200-ից էլ են ընտրում։ Քաղհանին փող տուր, ջրին փող տուր, գյուղացուն 30 դրամ է մնում։ Այսքանն էլ մի կողմ եմ դրել, փափուկը երբեք քաղաքացին չի տանի։ Աղքատ մասսան կգա, ես կտամ իրենց սա»։
Նազրվան տեսակի վարունգի գինն սկսվում է 350 դրամից, 380-ն՝ փուշ վարունգն է, 300-ից սկսվում է ստելլայի գինը։ Թանկացել է նաև կաղամբը՝ 300-350 դրամ։
«Այս տարի մի քիչ թանկ է, որովհետև քիչ է, 100 դրամ մանր կարտոֆիլն է, 200 դրամ՝ խոշորը»։
Գնաճը պայմանավորված է օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով,-ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Այն, որ պետական կառույցները գնաճը համաշխարհային շուկայի գներով են փորձում պատճառաբանել, կարծում է՝ անթույլատրելի է։
«Այս տարի ավելի յուրահատուկ է, հատկապես որ կառավարությունը աննախադեպ տնտեսական աճի մասին է խոսում։ Կարծում եմ, որ այստեղ ավելի շատ մտահոգվելու խնդիր կա։ Մեր մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը մեծ կախվածություն չունի համաշխարհային շուկայից՝ գոնե առաջին անհրաժեշտության 10 ապարնքատեսակների մասով։ Դրանցից առնվազն 7-ի մասով Հայաստանը գերազանցապես ինքնաբավ երկիր է»։
Զրուցակիցս չի բացառում՝ կարող են նաև ջրի հետ կապված խնդիրներ լինել, բայց նախորդ տարվա համեմատ այս տարին ավելի բարենպաստ է․
«Ես չէի ասի, որ ջուր չկա, պարզապես այն ճիշտ չի տնօրինվում։ Մարդիկ, որոնք պատասխանատվություն են կրում դրա համար, նրանք ուղղակի պարտավոր են թույլ չտալ գների նման թռիչք։ Դրան հավելենք նաև ՏՄՊՊՀ-ի գործառույթը, որ շուկայում պետք է վերահսկողություն սահմանի և գնագոյացումը ավելի հիմնավոր ձևով ներկայացնի, չարաշահողներին պատժի։ Կարգավորում, ինչպես տեսնում եք, չկա»։
Թանկացել են սննդամթերքի այլ տեսակներ ևս։ Խանութներում արդեն մի քանի օր՝ շաքարավազի դեֆիցիտ է։ Դիտարկելով մամուլում հրապարակված ու քաղաքացիների բարձրացրած հարցադրումները շաքարավազի շուկայի վերաբերյալ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզել է, որ շուկայում արհեստական պակասուրդ չկա: Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից շաքարավազի գները սկսել են նվազել մոտ 20 դրամով ՝ դառնալով շուրջ 370 դրամ։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 6.5%։ Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 17.5%, մրգի ապրանքախմբում՝ 9 % իսկ կաթնամթերքի, պանիր և ձու ապրանքախմբում 10.4% գնաճ:
Կենտրոնական բանկը խոստացել է գնաճը հասցնել նախանշված թիրախի՝ 4±1–ի սահմանների։ ԻսկԵվրասիական զարգացման բանկը տարեվերջին Հայաստանի համար կանխատեսել է մոտ 5,4 տոկոս գնաճ։





