
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում, Ապագա գյուղում «խելացի» անասնագոմեր են կառուցվել։ Դրանք կառուցած ֆերմերները ծրագրով նախատեսված գումարից ավելին են ծախսել: Դժվարություններ են ունեցել նաև անհրաժշտ փաստաթղթերի հավաքման գործում:
Արմավիրի մարզում «խելացի» անասնաշենքեր են կառուցվել՝ 3-ը։ Երկուսում արդեն անասուններ են պահվում։ Անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրից օգտվել է մի քանի ֆերմեր։ Նրանք մասնակցել են դասընթացների, ստացել հավաստագրեր: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Արզուման Տոնոյանը հավաստիացնում է, որ կառուցված շենքերը համապատասխանում են ծրագրով սահմանված նախագծերին․

«Շենքի բարձրությունը, լուսավորվածությունը, օդափոխանակությունը, գոմաղբի հեռացումը՝ շղթայաքերիչի, թե մոտոբլոկի միջոցով, օդի հարաբերական խոնավությունը այնքան է, ինչքան պետք է լինի գոմում: Կաթի ագրեգատների համար առանձնացված տեղ կլինի»:

Էջմիածնի վարչական տարածքում «խելացի» անասնագոմ է կառուցել Խաչատուր Հովսեփյանը: Երիտասարդ ծրագրավորողը մի քանի տարի առաջ որոշեց զբաղվել գյուղատնտեսությամբ, ձեռք է բերել 15 հա հողատարածք, մի հատվածում պետության օժանդակությամբ կառուցել է «խելացի» անասնագոմ: Ընտրել էր 3-րդ մոդելը.

«Իմ կառուցած «խելացի» անասնագոմը 56մ x 9 մ-ի վրա է: Շինարարությունը տևել է 1 տարուց ավելի, բայց իրականում կառուցվել է 4-5 ամսում: Նախագիծը հաստատվեց ձմռանը, հետո կորոնավիրուս սկսվեց, խանութները փակվեցին, հետո պատերազմ»։
Անասնագոմը կառուցված է 40-45 գլուխ անասուն պահելու համար Ծախսը գնահտվել է 35 մլն դրամ, պետությունը փոխհատուցել է 50 տոկոսի չափով՝ 17.5 մլն դրամ: Շենքը վերջերս է շահագործման հանձնվել: Երիտասարդ ֆերմերը նշում է, որ փոխհատուցումը ստանալիս՝ խոչընդոտներ են եղել.

«Ես գումարը ստանում եմ 2 մասով. 1-ինը՝ երբ ավարտում եմ շինարարությունը, մյուսը՝ երբ սարքավորումներով եմ ապահովում: Ես շինարարությունն ավարտել եմ։ Որպեսզի շահագործման կնիքը դրվի, շենքը պետք է պատրաստ լինի շահագործման: Մասնագետը գալիս ու ասում է՝ ավարտել ես շենքի շինարարությունը, բայց շահագործման ենթակա չէ: Այսինքն, շահագործման ենթակա կլինի, երբ 2-րդ փուլն ավարտեմ՝ ապահովեմ սարքավորումներով, որը շինարարության հետ կապ չունի: Ես 2-րդ փուլն էլ եմ ավարտել, որպեսզի կարողանամ 1-ին փուլի գումարը վերցնեմ: Հաջորդ խնդիրը փաստաթղթերի հավաքումն է, որ տևում է 3 ամիս»:
Դժվարություններից չի ընկճվել. ձեռնարկած գործը ավարտին է հասցրել՝ ներդնելով լրացուցիչ մոտ 20 մլն դրամ.
«Իրականում այս նախագիծն ինձ վրա նստել է 56 մլն դրամ: Ես գիտեմ մի քանի ֆերմերի, որոնք նույն տիպային անասնագոմից են կառուցել, և ծախսը գերազանցել է 50 մլն դրամը: Ստացվում է, որ մենք պետք է ներդնենք 50 մլն դրամ, հետո ստանանք 1-ին մասով նախատեսված փոխհատուցումը՝ 8 մլն դրամը»:

Խաչատուր Հովսեփյանը մի քանի անգամ հաշվարկել է ու չի կարողացել հասկանալ, թե ինչ բանաձևով են կատարել մեծ անասնագոմի կառուցման էժան հաշվարկը:
Անասնաշենքում հիմա շվից ու հոլշտեյն ցեղատեսակի կովեր են: Ձեռք է բերել ներքին շուկայից: Ֆերմերն ասում է՝ գոմում միայն կովեր են պահելու, բազմանանալու դեպքում հորթերի համար նախատեսված տեղ չունի: Կենտրոնում կովերի ազատ տեղաշարժի սրահն է, մի կողմում անասնակերն են ուտում ու ջուր խմում, մյուսում՝ հանգստանում են ռետինե ներքնակների վրա: Գոմաղբը հավաքվում է ձեռքով.

«Երկու ակով մոտոբլոկ է, որի դիմաց ամրացվում է անհրաժեշտ սարքը, և հրելով՝ լցնում են հորի մեջ: Եվրոպական զարգացած երկրներում այս աշխատանքը ավտոմատացված է, մարդու գործոնը հասցրել են նվազագույնի»։
Անասնաշենքում 3 աշխատող կա: Երեկոյան կիթն ավելի ուշ սկսեցին: Կթի վայրն առանձնացված է, սալապատված, մեքենայացված եղանակով են կթում: Արսեն և Նարինե Տերտերյաններ.

«Սա տաք ջուր է, սա՝ սառը: Կթելուց առաջ կովերի աճուկները լվանում ենք, չորացնում, հետո կթում: Ամաններն ու կթի սարքավորումները ամանները լվալու հեղուկներով ենք լվանում»։
Ամուսիններով են աշխատում, հիմնական ծանրությունը Արսենի վրա է.
«Գոմն եմ մաքրում, լվանում, կերակրում, ջրում: Օրը 2-3 անգամ եմ կերակրում, երբ անասունը սոված է լինում: Վարձատրությունից դժգոհ չենք»։

Ծրագրի ավարտից հետո Խաչատուր Հովսեփյանը ևս ներդրումներ կանի։ Որոշել է անասնագոմը համապատասխանեցնել «խելացի» անվանը. ուզում է ամբողջ աշխատանքն ավտոմատացնել, որպեսզի կոճակների սեղմումով արվի այն, ինչը մարդն անում է ձեռքով:




