ԿարևորՔաղաքական

Արևմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է․ զգուշության կոչ՝ փորձագետներից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի վերջին  նիստում քննարկվեց  գործընկեր պետությունների ինստիտուտի ստեղծման ծրագիրը։  Սա ենթադրում է, որ կառույցը կարող է նոր կարգավիճակով գործընկերներ ունենալ, իսկ նման  ցանկություն ունեցող երկրներ կան։

Պետդումայի աղբյուրները գաղտնազերծում են, որ նախաձեռնության գլխավոր նպատակը Ադրբեջանին և Պակիստանին ռազմաքաղաքական այս կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ տալն է։  Այդ երկրները որոշիչ ձայն չեն ունենա ՀԱՊԿ-ում, սակայն կմասնակցեն փաստաթղթերի նախապատրաստմանը և կոլեկտիվ որոշումների մշակմանը՝ հստակեցնում  է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ադրբեջանի և Պակիստանի մասնակցության հնարավորությունը ոչ մի կերպ չի բխում  Հայաստանի շահերից և Երևանը կարող է կիրառել վետոյի իր իրավունքը ու թույլ  չտալ այդ երկրների հետ որևէ համագործակցություն ՀԱՊԿ–ում։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան. «Թող հարցը պաշտոնապես ներկայացվի, հետո կմտածենք այդ մասին։ Սա գուցե տարածում են՝ մեր տրամադրությունները ճշտելու նպատակով։  Թող նախ բացատրեն, թե ինչ է տալու ՀՀ անվտանգությանը։ Իմ կարծիքով՝ սա ավելի է ի ցույց դնելու, որ ՀՀ-ն իր անվտանգության խնդիրները չի կարողանալու կազմակերպության շրջանակում լուծել, ավելին,  որ այդ կառույցը ոչ թե ՀՀ-ի անվտանգության մարտահրավերները հաղթահարելու համար է, այլ  միանգամայն այլ օրակարգով է առաջնորդվում, որը Հայաստանի հետ կապ չունի»։

Զրուցակիցս  ձեռնպահ է  մնում ռուս քաղաքագետ  Ստանիսլավ Տարասովի հանդուգն ձեւակերպման մեկնաբանությունից, որ եթե Հայաստանին չի գոհացնում ՀԱՊԿ-ի արձագանքը, կարող է դուրս գալ կառույցից։

Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի տարածք ներխուժումից հետո պաշտոնական Երևանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ աջակցություն ստանալու ակնկալիքով։  Կառույցը դիմումին  ուշ էր արձագանքել՝  թշնամու ներխուժումը ՀԱՊԿ անդամ երկրի տարածք ընդամենը  սահմանային միջադեպ որակելով։ Մինչդեռ Տաջիկստանի դեպքում ՀԱՊԿ–ը  պատրաստ է ակտիվ մասնակցություն է ցուցաբերել։

Այստեղ Ռուբեն Մեհրաբյանի գնահատականը հստակ է՝

«ՀՀ–ն պետք է շարունակի տեղեկացնել,  թե ինչ է կատարվում, բայց մյուս կողմից՝ որպես դեմարշ,  պետք է հետ կանչի ներկայացուցչին կոնսուլտացիաների։ Հայաստանը նաեւ պետք է բարոյաքաղաքական առումով իրեն ազատ զգա որեւէ պարտավորությունից, որը կաշկանդում է ՀՀ կապը արտաքին աշխարհի հետ, կաշկանդում է այն քայլերը, որոնք բխում են ՀՀ անվտանգության շահերից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից  և առաջին հերթին հենց ՀԱՊԿ-ից, քանի որ ՀԱՊԿ-ը, ինչպես տեսնում ենք, ոչ թե պրոբլեմի լուծում է, այլ՝ պրոբլեմ»։

Այս հարցում տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Կարծում է՝ շատ զգույշ պետք է լինել անվտանգության հարցերում, քանի որ  Արևմուտքի ներկայացուցիչը մեր տարածաշրջանում Թուրքիան է, իսկ Հայաստանի ընտրությունն այդքան էլ մեծ չէ։

«Երկու անվտանգային համակարգի ընտրության հնարավորություն ունի այսօր ՀՀ-ն՝  կամ  ռուսական, կամ թուրքական։ Բայց այս ամենից ավելի կարևոր է հասկանալ,  որ մեր անվտանգության երաշխավորը պետք է մենք լինենք»։

Սուրեն Պետրոսյանը ևս համոզված է, որ եթե ՀԱՊԿ-ում կյանքի կոչվի Ադրբեջանի ու Պակիստանի՝ կառույցի գործընկեր դառնալու  նախաձեռնությունը, ապա  Հայաստանը  պետք է կիրառի   վետոյի իր իրավունքը։

Կարդացեք նաև

Back to top button