ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ը «լվանում է» ձեռքերը․ խնդիրը մնում է ՌԴ հետ առանձին բանակցությանը

ՀԱՊԿ-ից այսօր վերջապես հնչեց պաշտոնական պատասխան մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունից ստացված դիմումին։ Վերջինով հաղորդվել էր, որ  ադրբեջանական զորքերը 3 ուղղություններով հատել են ՀՀ պետական սահմանը և որոշ տեղերում խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։ ՀԱՊԿ պատմության մեջ առաջին անգամ անդամ-պետություններից Հայաստանը դիմեց կառույցին՝ գործընկերային պարտականությունների կատարման ակնկալիքով։ Դիմումն ուղարկվել էր 2 ամիս առաջ։ Սահմանային լարվածության շուրջ Հայաստանի մտահոգություններին ՀԱՊԿ-ն արձագանքում է՝ նշելով՝ իրենք այս փուլում անելիք չունեն։

Անվտանգային հարցերում աջակցելու պատասխանատվություն ստանձնած, սակայն միջպետական և սահմանային խնդիրներին արձագանքելու փորձ չունեցող ՀԱՊԿ-ը 2 ամիս անց միայն արձագանքեց կառույցին ուղղված Հայաստանի դիմումին։ Թեև ադրբեջանական զորքերը երեք ուղղությամբ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժել են դեռ մայիսի 12-ից, որոշ գնահատականներով՝ խորացել են մինչեւ 3.5 կմ, բայց սադրիչ այս քայլերը կազմակերպության կողմից որակվում են որպես «սահմանային միջադեպ», որի վրա, ըստ կանոնադրության, չի տարածվում ՀԱՊԿ–ի պատասխանատվությունը։  Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն է փոխանցել այս դիրքորոշումը, որը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործվում է միայն անդամ երկրներից մեկի վրա ագրեսիայի, հարձակման դեպքում»։

Իրավիճակը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ընդգծել է Զասը՝ նկատելով՝ այս պահին հակամարտությունը սրման փուլում չէ: Սահմանային խնդրի բոլոր վիճահարույց հարցերի լուծումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեսնում է բանակցությունների սեղանի շուրջ։  

Ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ արդեն առանձին Ռուսաստանի հետ Հայաստանը բանակցություններ վարում է իր տարածքում ռուսական երկրորդ ռազմաբազա տեղակայելու հարցով։ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ են տեղակայվելու՝ դեռ հունիսի 22–ին հայտարարել էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը․

«Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ։ Դրան մասնակցում է նաև մյուս կողմը։ Բանակցություններն ընթանում են։ Երբ լինի վերջնական որոշումը ժամկետի և տեխնիկական հարցերով՝ լրացուցիչ կասենք։ Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք։ Բանակցությունները ռուսական կողմի հետ են։ Մեր նպատակը մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումն է սահմանից առանց բախումների։ Ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ։ Մենք առաջնահերթորեն գործակցելու ենք ռուսական կողմի հետ»։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի հետ առանձին բանակցությունները սկսվել են ՀԱՊԿ-ի պաշտոնական պատասխանից առաջ։ Որ սահմանային խնդիրները մնալու են բանակցություններով կարգավորմանը, և ՀԱՊԿ–ից ռազմական աջակցություն Հայաստանը չի ստանալու՝ վերլուծաբանների համար կանխատեսելի էր։ Թաթուլ Հակոբյանն, օրինակ, այս բանակցությունների դեպքում հստակ «գնի» մասին է խոսում․

«Մենք «գին» ենք վճարելու։ Երկու ձևով կարող է լինել այդ գինը։ Կամ ադրբեջանցիներն են «բզկտելու» Հայաստանը տարբեր տեղերից ինչքան կարող են, կամ էլ դրա գինը լինելու է այն, որ մենք անդադար դիմելու ենք Ռուսաստանին։ Նա, իհարկե, կգա մեզ օգնության, բայց դրա գինը լինելու է այն, որ ամեն անգամ մեր անվտանգությունից և անկախությունից ավելի ու ավելի քիչ բան է մնալու»։

Կա նաև այլ գործոն․ անծայրածիր Ռուսաստանի համար էական չէ՝ մեկ բլուր այս թե այն կողմում, իսկ իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանը փորձում է որոշակի զիջումներ կորզել Հայաստանի հաշվին՝ նկատում է վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։  

2 ամիս առաջ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, համոզված էին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը լիովին համապատասխանում է ՀԱՊԿ–ի կանոնադրության երկրորդ հոդվածում նկարագրված իրավիճակին․ հենց այս հոդվածով էլ Հայաստանը դիմել էր կառույցին։ Մեջբերենք Փաշինյանի խոսքից։

«Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ Հոդված 2 պարբերություն 2–ին, համաձայն որի, մեջբերում եմ․ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։   

Այդպիսին չէ, սակայն, ՀԱՊԿ-ի եզրահանգումը։ Չնայած ադրբեջանական զորքի կողմից հայկական սահմանը անօրինաբար հատելու եւ սադրիչ գործողությունների հետեւանքով հայկական կողմից զոհեր եղան,  հայ զինվորներ գերեվարվեցին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ` հակամարտության սրում չկա: Սատնիսլավ Զասը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանից մայիսին ստացված դիմումից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջանների իրավիճակի վերաբերյալ եւ հավաստիացրել, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը։

«Եթե հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք՝ ձեր փոխարեն կռվենք»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի կառուցվածքը՝ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսելի է համարում, որ այս դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ից ռազմական միջամտություն չէր ստանա։

«Դրանք ռազմական բնույթի միջամտություններ չեն լինի։ Կլինեն միջոցառումներ, որոնց սովորաբար դիմում է Ռուսաստանը․ դա քաղաքական ազդեցությունն է, քաղաքական ճնշումը, բանակցությունների և համոզումների փորձը։ Ավելի շուտ ես համաձայն եմ, որ ինչ–որ փոխզիջում կգտնվի, և նրանք 20 մետր հետ կգնան, 30 մետր կմնան այստեղ, որոշ տեղերում կմնան, որոշ տեղերում՝ ոչ։ Շատ հավանական է, որ այդպես կլինի։ Բայց եթե անգամ ճնշում գործադրվի, և ադրբեջանցիները գնան այդ տարածքներից, դա որևէ կերպ չի փոխի  ընդհանուր իրավիճակը»։

Թե քանի ադրբեջանցի զինծառայող է այժմ գտնվում Հայաստանի տարածքում՝ հստակ թիվ հայտնի չէ։ Տարբեր գնահատումներով՝ ընդհուպ մինչեւ մի քանի հարյուրի մասին է խոսքը։ Որո՞նք պետք է լինեն Հայաստանի հետագա քայլերը այս համատեքստում, եթե ՀԱՊԿ-ը փաստացի այստեղ իր անելիքը չի տեսնում։ Ստացվում է, որ հույսն էլի բանակցությունների վրա է, բայց այս անգամ էլ կազմակերպության ձեւաչափից դուրս՝ կրկին Ռուսաստանի միջոցով։ Ռուսաստանն միջնորդի առանցքային դերակատարում է ստանձնում ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ՀԱՊԿ-ի դեպքում։  

Կարդացեք նաև

Back to top button