ԿարևորՀասարակություն

Մշակութային «խաղաղության» կոնվենցիաներ․ Ադրբեջանը ստորագրում է և խախտում

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հունիսի 22-ին հայտարարել էր, որ քննարկվում է Աղդամի, Ֆիզուլիի շրջաններ և Շուշի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցելություն կազմակերպելու հարցը: Ադրբեջանական կայքերը գրեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը ցույց  են տալու հայկական վանդալիզմի հետևանքով ավերված մշակութային հուշարձանները։ Մեջբերվում էր Ադրբեջանի Արտգործնախարարության մայիսին արված անհեթեթ հայտարարությունը, թե 927 գրադարան՝ 4.6 միլիոն գրքային ֆոնդով, 22 թանգարան՝ 100 հզ նմուշով, հնագույն Ազոխի քարանձավը,  հնագույն մշակութային քաղաք Շուշին և հազարավոր այլ մշակութային հուշարձաններ դարձել են հայկական վանդալիզմի զոհ։

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը, մինչդեռ ամիսներ շարունակ արհեստականորեն խոչընդոտում էր այցը և խախտում մի շարք կոնվենցիաներ։ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարությունը «Ռադիոլուր»-ին ներկայացրել է, թե որ կոնվենցիաների մասին է խոսքը․

«Ադրբեջանը խախտել է 1954 թվականի Հաագայի կոնվեցիան, որը ենթադրում է զինված հակամարտությունների ընթացքում մշակութային ժառանգության պահպանությունը։ Այս կոնվենցիան ունի երկրորդ դրույթ, որն ընդունվել է 1999 թվականին։ Ըստ երևույթին սա նորից  դատապարտում է ռազմական գործողությունների ընթացքում դիտավորյալ մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործելակերպը։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, երկուստեք ստորագրել են այս կոնվենցիան»։

Քարտուղարությունից հիշեցնում են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում 2020 թվականին ստեղծված հանձնաժողովի դեկտեմբերյան նիստում, հայկական կողմի ջանքերով տարածվեց հայտարարություն, որով ընդգծվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցի անհրաժեշտությունը Արցախ։ Արձագանքելով հայտարարությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն ասել էր, թե մի քանի անգամ արդեն դիմել են Ադրբեջանի իշխանություններին, սակայն դրական պատասխան չեն ստացել։  

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարությունից մեզ ներկայացրին նաև այլ կոնվենցիաներ, որոնք ստորագել է Ադրբեջանը, բայց հետո խախտել․

«Կա նաև 1972 թվականի՝ համաշխարհային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան, որով, անկախ ազգային պատկանելիությունից, պարտադիր է մշակութային ժառանգության պահպանությունը։ Սա ևս ընդունվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ Այս շարքում է նաև ՄԱԿ-ի 23/47 թվակիր բանաձևը՝ 2017 թվականին ընդունված, բանաձևը պետությունների կողմից մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ծագման խեղման մասին է, որը բացահայտ խախտում է Ադրբեջանը՝ հայկականը ներկայացնելով որպես աղվանական կամ ալբանական»։

Այս կոնվենցիաների խախտումը, սակայն, իրավական կարգավորում չունի,- ասում է «ԻԿՕՄՕՍ Հայաստան» հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե ՀԿ նախագահ Գագիկ Գյուրջյանը։ Նրա խոսքով՝ դրանք ավելի շատ զսպող բնույթ ունեն, չունեն՝ պատժիչ ազդեցություն։ Առհասարակ, Ադրբեջանի համար սովորական պրակտիկա է՝ ընդունել բանաձևը, չկատարել դրանում սահմանված կետերը, -օրինակ է բերում Գագիկ Գյուրջյանը․

«ԻՄՕԿՈՍ-ի 16-րդ գլխավոր անսամբլեայի ժամանակ մի բանաձև ընդունվեց միջազգային ԻԿՕՄՈՍ-ի կողմից, որը ևս ստորագրեց Ադրբեջանը և այդ բանաձևում նշվում էր, որ Ադրբեջանը, որպես բանաձևը ընդունած կողմ, թույլ տա ԻՄՕՄՈՍ-ի միջազգային փորձագետների խմբին մուտք գործել Նախիջևանի հնավայր, սակայն Ադրբեջանը այդպես էլ թույլ չտվեց, որ խումբը այցելի և սա մնած ընդամենը որպես ընդունված բանաձև և վերջ»,-ասում է Գագիկ Գյուրջյանը։

Իսկ Ջուղայի խաչքարերի ճակատագիրը հայտնի է ողջ աշխարհին, ժառանգությունն իսպառ ավերվեց։ Չավերելու պատասխանատվություն ստանձնած պետությունը՝ Ադրբեջանը, չկրեց որևէ պատիժ։ Այսօր Ադրբեջանը պատրաստակամություն հայտնել ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը, ժամկետեր դեռ չկան, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ հետևում են այցի նախապատրաստական ընթացքին և անելու են ամեն բան, որ առաքելությունը միակողմանի չլինի։

Կարդացեք նաև

Back to top button